Մատչելիության հղումներ

Երևանը պետք է ուշադիր հետևի С-400-ների ռուս-թուրքական գործարքի իրականացմանը. քաղաքական մեկնաբան


C-400-ների մասերը տեղափոխվում են Թուրքիա, 12-ը հուլիսի, 2019 թ.

Երևանը պետք է ուշադիր հետևի հակաօդային պաշտպանության С-400 (S-400) համակարգերի շուրջ ռուս-թուրքական պայմանավորվածության իրականացմանը, որպեսզի չոտնահարվեն Հայաստանի շահերը և երկրի անվտանգության ապահովումը չբախվի նոր մարտահրավերի՝ այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

С-400 համակարգերի 2,5 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը Ռուսաստանն ու Թուրքիան կնքեցին դեռ 2017 թվականին, ընդ որում՝ գործարքի մի մասը Անկարան վճարելու է ի հաշիվ Կրեմլի կողմից հատկացված վարկի: Անցած ուրբաթ Ռուսաստանը սկսեց С-400 համակարգերի մատակարարումը Թուրքիա: Անկարայի մոտ գտնվող «Մյուրթեդ» ավիաբազայում այսօր վայրէջք կատարեց ռուսաստանյան արդեն 14-րդ օդանավը՝ բեռնված С-400 համակարգի մասերով:

«Ես ընդհանրապես համարում եմ, որ էստեղ, մի կողմից, մենք կարող ենք խոսել մերձեցման մասին, բայց մյուս կողմից, իհարկե, աներկբա է, որ Թուրքիան և Ռուսաստանը ունեն նաև զգալիորեն լուրջ շահերի տարանջատում նույն Կովկասի էդ անվտանգության համակարգի առումով։ Այստեղ ի վերջո առանցքային է հենց Արևմուտքի և ՆԱՏՕ-ի դերը, որովհետև մենք տեսնում ենք, որ էս տեսանկյունից ՆԱՏՕ-ի հիմնական գործընկերը ռեգիոնում դառնալու է Վրաստանը։ Վրաստանում մեծանալու է ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական ինստիտուցիոնալ ներկայացվածությունը։ Սա լրիվ նոր իրավիճակ և նոր մարտահրավերներ է առանձին թե՛ Ռուսաստանի, թե՛ նաև Թուրքիայի համար, և այստեղ նաև Հայաստանի դերն է առանցքային։ Այս իմաստով էդպես ռուս-թուրքական մերձեցում ասելով ես միարժեք ինչ-որ պրոցես նկատի չեմ ունենա, որովհետև էս մերձեցումը նաև ոխերիմ բարեկամության սկզբունքի բնույթի մեջ կարող է լինել», - նշեց Բադալյանը։

Հատկանշական է, որ Հայաստանի դաշնակից համարվող և Հայաստանի հետ նույն ռազմաքաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող Ռուսաստանը շարունակում է մեծածավալ սպառազինություն մատակարարել Երևանի հետ փաստացի պատերազմական վիճակում գտնվող կամ տասնամյակներով Հայաստանի հետ սահմանը փակած երկրներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային:

Բելառուսից ու Չինաստանից հետո Թուրքիան երրորդ երկիրն է, որին Կրեմլը վաճառել է С-400 համակարգեր: Այդ սպառազինության վաճառքի նպատակով Մոսկվան ներկայում բանակցում է Հնդկաստանի հետ:

«Էս տեսանկյունից Հայաստանի համար խնդիրը մեկն է՝ անշուշտ հետևել պրոցեսներին և շատ հստակ սահմանել սեփական շահերը և առաջնային կերպով Ռուսաստանի հետ քննարկել սրանք, որպեսզի այդ ռուս-թուրքական հարաբերությունը բացարձակապես չլինի հայկական շահերի հաշվին։ Այս տեսանկյունից, կրկնեմ՝ եթե խոսքը գործարքի մասին է՝ կոնկրետ С-400-ների, ապա այստեղ Հայաստանի գլխավոր խնդիրն է ստանալ երաշխիք, որ սրանք երբևէ չեն կիրառվի հոգուտ Ադրբեջանի և, բնականաբար, ընդդեմ Հայաստանի», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային ռուսաստանյան ռազմական տեխնիկայի մատակարարման մասին ժամեր առաջ արտահայտվել է ալյանսի ամենաազդեցիկ ներկայացուցիչը՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ ըստ էության, հայտարարելով, որ ռուս-թուրքական այդ գործարքի հետևանքով Վաշինգտոնն Անկարային այլևս չի վաճառի արդիական՝ F-35 կործանիչներ:

«Որովհետև դուք գնել եք ռուսական հրթիռ, մենք չենք կարող միլիարդավոր դոլարների հասնող ինքնաթիռ վաճառել ձեզ: Սա արդար իրավիճակ չէ», - ըստ Rueters-ի, մասնավորապես, ասել է Թրամփը:

Այսօր «Ազատության» հետ զրույցում ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը հոռետես էր, թե ռուս-թուրքական այս գործարքը կարող է վերաճել այնպիսի քաղաքական պայմանավորվածության, որի հիման վրա Մոսկվան ու Անկարան կկարողանան, օրինակ, ազդեցության գոտիների բաժանել Հարավային Կովկասը:

Ֆելգենգաուերը բերեց Սիրիայի օրինակը, ուր Ռուսաստանի և Թուրքիայի շահերը բախվում են:

«Դժվար թե С-400-ների շուրջ ռուս-թուրքական պայմանավորվածությունն ազդեցություն թողնի կովկասյան տարածաշրջանում: Տեսականորն, եթե Ռուսաստանն ու Թուրքիան բարեկամության և դաշինք կազմելու մասին ինչ-որ պայմանագիր կնքեն, հավանաբար ձեռնամուխ կլինեն Կովկասը բաժանել ազդեցության գոտիների: Սակայն սա գրեթե անհնար է: Խնդրեմ, Սիրիայում՝ Իդլիբի շրջանի հետ կապված չեն կարող հարցերը լուծել: Թուրքիան Ռուսաստանին չի զիջի Ադրբեջանն ու Վրաստանը: Մոսկվայում ցանկանում են վերականգնել հին խորհրդային սահմանը, այսինքն Անդրկովկասում լինել գերիշխող ուժ, և այս պարագայում դժվար թե հաջողվի թուրքերի հետ պայմանավորվել, որ մենք կվերադառնանք մեր հին սահմաններին, իսկ դուք նստած մնացեք տեղներդ», - ասաց Ֆելգենգաուերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG