Մատչելիության հղումներ

«Եթե Անկարան ձեռք բերի S-400 համակարգերը, դրան կհետևի մեր բացասական արձագանքը». Պետդեպի ներկայացուցիչ


C-400 (S-400) հրթիռային համակարգեր

Վաշինգտոնի դիրքորոշումը C-400 (S-400) հրթիռային համակարգերի հարցում չի փոխվել, ամեն ինչ նույն է։

«Մենք արդեն հայտարարել ենք, որ եթե Անկարան ձեռք բերի ռուսական այդ համակարգերը, դրան կհետևի մեր բացասական արձագանքը, այդ թվում՝ նաև Թուրքիան դուրս կմնա F-35 կործանիչների ծրագրից», - երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Արտագուսը։

Լրատվամիջոցները հայտնել են, որ Ռուսաստանն արդեն սկսել է մատակարարել S-400 համակարգերն Անկարային։ Այդ մասին մասնավորապես հայտնել է «Հաբերթուրք» թուրքական հեռուստաընկերությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, թե Անկարան ռուսական համակարգերից չի հրաժարվի, ավելին՝ Անկարան նույնիսկ մտադիր է նույն պայմաններով բանակցություններ սկսել Մոսկվայի հետ S-500 նոր համակարգերն ու դրանց տեխնոլոգիաները ձեռք բերելու շուրջ։

Հիշեցնենք՝ S-400 համակարգերի ձեռքբերման շուրջ համաձայնագիրը Մոսկվան և Անկարան կնքել են 2017-ին, ընդ որում, այն ձեռք բերելու համար Անկարան նաև վարկ էր ստացել Մոսկվայից։

Վաշինգտոնը և ՆԱՏՕ մյուս անդամ երկրները մտավախություն ունեն, որ եթե Անկարան միաժամանակ ձեռք բերի ռուսական համակարգերը և ամերիկյան նոր կործանիչները ռուսական կողմն այդ կործանիչներն ուսումնասիրելու և թիրախավորելու հնարավորություն կստանա։

C-400 (S-400) «Տրիումֆ» տեսակի զենիթահրթիռային համակարգերն արտադրում է «Ալմազ Անտեյ» կոնցեռնը, դրանք կարող են թիրախավորել ռազմական օդանավեր և բալիստիկ հրթիռներ։

S-400- հեռահարությունն է 400 կիլոմետր։ Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ S-500 նոր համակարգերն արդեն անցել են փորձարկման փուլը, և արդեն առաջիկա ամիսներին Ռուսաստանի զինված ուժերը կստանան այդ համակարգերը։

S-500-ը, ռուսական փորձագետների պնդմամբ, կարող է խոցել հրթիռներ նույնիսկ տիեզերքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG