Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Չինաստանը հորդորում են ԱՄՆ-ին թուլացնել ճնշումը Իրանի նկատմամբ


Ռոսւաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվը և Ժինաստանի արտգործնախարար Վանգ Յին, արխիվ
Ռոսւաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվը և Ժինաստանի արտգործնախարար Վանգ Յին, արխիվ

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երկուսը՝ Ռուսաստանն ու Չինաստանը, հորդորում են Միացյալ Նահանգներին թուլացնել ճնշումը Իրանի նկատմամբ:

«Անհեռատես քայլերը կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների», - այսօր Պեկինում հայտարարել է Չինաստանի պետքարտուղար Վանգ Յին, - «Կոչ ենք անում բոլոր կողմերին մնալ սթափ, զսպվածություն պահպանել, չձեռնարկել քայլեր, որոնք կարող են սրել տարածաշրջանի լարվածությունը և բացել Պանդորայի արկղը: Մասնավորապես, ամերիկյան կողմը պետք է փոխի ծայրահեղ ճնշման իր մեթոդները: Միակողմանի որևէ քայլ չի կարող հենվել միջազգային օրենքի վրա, և ոչ միայն չի լուծի խնդիրը, այլև էլ ավելի մեծ ճգնաժամ կստեղծի»:

Հայտարարությունից ժամեր առաջ Վաշինգտոնը տեղեկացրել էր, որ հավելյալ 1000 զինվոր է ուղարկում Մերձավոր Արևելք: Ընդ որում, մեկ ամսի առաջ Պենտագոնն արդեն իսկ 1500-ով ավելացրել էր այդ տարածաշրջանում տեղակայված զինվորների թիվը, նախագահ Թրամփն էլ չէր բացառել, որ առկա տարաձայնությունները կարող են հարթվել ռազմական ճանապարհով:

Ռուսաստանի արտգործնախարարությունն այսօր քննադատել է Իրանի դեմ Վաշինգտոնի վերջին գործողությունները. «Նահանգները տևական ժամանակ շարունակաբար փորձում է ավելացնել քաղաքական, հոգեբանական, տնտեսական ու ռազմական ճնշումը Իրանի նկատմամբ», - հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ հավելելով, - «նման գործողությունները բավական սադրիչ են և չեն կարող այլ կերպ գնահատվել, քան պատերազմի հրահրմանն ուղղված քաղաքականություն»:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն պահպանել, և իհարկե, կնախընտրեինք տեսնել քայլեր, որոնք չեն ավելացնի լարվածությունն այս անկայուն տարածաշրջանում»։

Հնարավոր բախման մտավախությունն էլ ավելի սաստկացավ անցած շաբաթ, երբ Վաշինգտոնը Իրանին մեղադրեց Օմանի ծոցում երկու նավթակիրների վրա կատարված հարձակման համար: «Մենք չենք ուզում պատերազմ Իրանի հետ, բայց և չենք բացառում որևէ տարբերակ», - ներկայացնելով Վաշինգտոնի փաստարկները՝ նախօրեին հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

«Մենք պատրաստվում ենք երաշխավորել ազատ նավարկությունը Օմանի ծոցում, սա միջազգային մարտահրավեր է, և կարևոր ողջ աշխարհի համար: Միացյալ Նահանգները ուզում է համոզված լինել, որ մենք ձեռնարկել ենք անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դիվանագիտական, և այլ՝ այդ նպատակին հասնելու համար», - նշել է Փոմփեոն։

Թեհրանը պնդում է, թե նավթակիրների վրա կատարված հարձակման հետ որևէ կապ չունի, սակայն, Պենտագոնը երեկ նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք, ըստ փորձագետների, վկայում են հակառակի մասին:

Կողմերի միջև մյուս տարաձայնությունը վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին, երեկ Թեհրանը հայտարարեց, թե տասն օրից՝ հունիսի 27-ից վերսկսում է ուրանի հարստացումը՝ հրաժարվելով պարտավորություններից, որ ստանձնել էր 2015-ին վեց գերտերությունների հետ ստորագրված հաձայնագրով:

«Մենք ստիպված ենք այդ քայլին դիմել», - այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փաստելով, որ Թեհրանը մինչև վերջերս հավատարիմ էր համաձայնագրին, մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահը մեկ տարի առաջ դրանից միակողմանի դուրս գալու որոշում կայացրեց:

«Իրանը հավատարիմ էր իր ստորագրությանը, հավատարիմ էր միջազգային համաձայնագրերին, մինչդեռ մեր դիմաց այսօր կանգնած է մի երկիր, որը տրորում է բոլոր պայմանագրերը, համաձայնագրերն ու միջազգային գործարքները», - ասել է Ռոհանին:

Երեկ, հայտարարելով ուրանի հարստացումը վերսկսելու մասին, պաշտոնական Թեհրանն սպառնացել էր՝ պատրաստ է է՛լ ավելի խորացնել այս ոլորտի փորձարկումները, եթե եվրոպական համայնքը ճանապարհ չգտնի ամերիկյան տնտեսական պատժամիջոցները շրջանցելու և Իրանի նկատմամբ ստանձնած պարտավորություններն իրագործելու համար:

Համաձայնագրի տակ ստորագրած եվրոպական եռյակը՝ Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, իրենց հերթին, հավաստիացնում են՝ արել և կանեն ամեն հնարավորը՝ ձեռք բերված համաձայնագիրը ուժի մեջ թողնելու, տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:

«Թեհրանը, սակայն, պետք է հավատարիմ մնա 2015-ին ստանձնած պարտավորություններին, այլապես կկանգնի դրա հնարավոր հետևանքների առաջ», - այսօր զգուշացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG