Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պահանջով պաշտպանական կողմի բողոքի քննությունը։
Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 7-ին հետաձգեց կալանքը փոխելու վերաբերյալ բողոքի քննությունը, քանի որ պաշտպանական կողմը փաստաթղթերը թերի էր ներկայացրել։
Իրավապաշտպանների, Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ, նախկին պատգամավորի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ։
Ստրասբուրգյան դատարանը հունիսի 6-ին Գրիգորյանի վերաբերյալ միջանկյալ որոշում է ընդունել, արձանագրելով՝ ԱԺ նախկին պատգամավորը պետք է բուժում ստանա պաշտպանների մատնանշած բժշկական կենտրոնում, ոչ թե Դատապարտյալների հիվանդանոցում։ ՄԻԵԴ դիմելիս Գրիգորյանի պաշտպանները նշել են՝ ԱԺ նախկին պատգամավորը, չնայած բազմաթիվ հիվանդություններին, համապատասխան բուժում չի ստանում։ Գրիգորյանը օրերս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: