Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանին կրկին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց


Մանվել Գրիգորյանը դատարանում, մայիս, 2019թ․

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին երեկ ուշ գիշեր Դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, «Ազատության» հետ զրույցում հայտնեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

«Գիշերը 12-ի սահմաններում առողջությունը կտրուկ վատթարացավ, և ստիպված եղան կանչել շտապօգնություն, ինչը որ մենք հորդորում էին դեռևս նախորդ օրը, և տեղափոխեցին Գրիգոր Լուսավորիչ [Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն]», - ասաց Մկրտչյանը։

Հունիսի 3-ին Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Պաշտպանական կողմն ահազանգում էր, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։

Փաստաբան Մկրտչյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը Դատապարտյալների հիվանդանոցում հրաժարվել էր բուժում ստանալ։ «Էն պահից, որ հրաժարվել էր, արդեն իսկ ակնհայտ էր, որ մի պահ գալու է էդ կոմատոզ իրավիճակը։ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը այնքան վատ է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նյութատեխնիկական մասնագիտական բազան չի հերիքի էդ վիճակը պահել կայուն դիրքերում», - ընդգծեց փաստաբանը։

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Ազատությանն» ասաց՝ երեկ անհրաժեշտություն է առաջացել Մանվել Գրիգորյանին Դատապարտյալների հիվանդանոցից շտապօգնության մեքենայով տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

Գրիգորյանի պաշտպանական կողմը պնդում է, որ գեներալին Դատապարտյալների հիվանդանոցում պատշաճ բուժօգնություն չի կարող ցուցաբերվել։ Այս առնչությամբ Նավիկյանն ասաց․ «Իր հիվանդությանը ցանկին համապատասխան, երևի թե ցանկալի էր քրեակատարողական, Դատապարտյալների հիվանդանոցից զատ քաղաքացիական հիվանդանոցում էս պահի դրությամբ իր բուժումը ստանա»։

Այս պահին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ «Ազատության» հետ զրույցում ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։

«Ընդունման պահին վիճակը գնահատվել է ծանր, ընդունվել է վերակենդանացման բաժանմունք և այս պահին գտնվում է բուժման մեջ՝ վերակենդանացման բաժանմունքում։ Այս պահին վիճակը գնահատվում է ծանր, որոշակի կոմպենսացված է վիճակը, որովհետև շատ բարձր թվեր էր արյան մեջ շաքարի պարունակությունը և ընդհանուր ինտոքսիկացիայի և որոշակի ռիստուպարոզ վիճակ էր մոտը», - նշեց Պետրոս Մանուկյանը։

«Ազատության» հարցին՝ դեռ ինչքա՞ն կմնա Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում, պատասխանեց. «Դժվար է ասել հիվանդանոցում ինչքան կմնա, բայց էսօրվա վիճակը գնահատելով՝ երևի 3-4 օր կգտնվի վերակենդանացման բաժանմունքում, այնուհետ վիճակը վերագնահատելով արդեն կկայացվի համապատասխան որոշում Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հետ՝ բուժումը կշարունակի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, թե՞ կտեղափոխվի նորից դատապարտյալների հիվանդանոց»։

62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG