Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ․ Ժաննա Ալեքսանյան


«Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ է ազատ արձակել մինչ դատաքննության ավարտը», - ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, կարծիք հայտնելով, որ Ազգային ժողովի նախկին պատգամավորի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ։ - «Պատժելու քաղաքականությունը պետք է դուրս գա։ Քննություն է ընթանում, նա պատասխան է տալու իր կատարած հանցանքների համար, բայց սա այլ հարց է, սա առողջական հարց է: Եվ իրոք պետք է պահպանվի բարձր մարդկային վերաբերմունքը, մոտեցումը», - պնդում է իրավապաշտպանը:

Գրիգորյանին կալանքի տակ պահելը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար կարող է Հայաստանի դեմ նոր վճռի առիթ դառնալ:

Իրավապաշտպանը կարծում է՝ Գրիգորյանի ազատ արձակման վերաբերյալ պաշտպանների բողոքը հիմնավոր է․ - «Անկեղծ ասած չեմ հասկանում իրավապահ համակարգի կամ դատարանների մոտեցումը: Ես կարծում եմ, որ հիմա ամեն մի դատավոր պետք է քիչ թե շատ ինքը որոշի, և եթե նա տեսնում է այն օրինական պահանջները, որ ներկայացված են բողոքում, նա պետք է կատարի»:

Ստրասբուրգյան դատարանը հունիսի 6-ին Գրիգորյանի վերաբերյալ միջանկյալ որոշում է ընդունել, արձանագրելով՝ ԱԺ նախկին պատգամավորը պետք է բուժում ստանա պաշտպանների մատնանշած բժշկական կենտրոնում, ոչ թե դատապարտյալների հիվանդանոցում։ ՄԻԵԴ դիմելիս Գրիգորյանի պաշտպանները նշել են՝ ԱԺ նախկին պատգամավորը, չնայած բազմաթիվ հիվանդություններին, համապատասխան բուժում չի ստանում։ Գրիգորյանը երեկ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Բժիշկներն այսօր արդեն Գրիգորյանի մոտ դրական տեղաշարժ են նկատում:

«Հիվանդանոցում մնալու ժամկետների վերաբերյալ հստակ չեն կարող ասել, մոտավորապես կարող ենք ասել՝ դեռևս մի 2-3 օր վերակենդանացման բաժանմունքում կլինի», - ասում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը:

Մանվել Գրիգորյանը դեռ կմնա կալանքի տակ։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքի քննությունը։ Պաշտպանական կողմը փաստաթղթերը թերի էր ներկայացրել։

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG