Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում. Թաթոյան


Քրեակատարողական հիմնարկի պայմանները բավարար չեն Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտության ենթարկելու և նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի բժշկի եզրակացությունը նրա առողջական վիճակի կայուն ծանր լինելու վերաբերյալ, դրա հիման վրա Մ. Գրիգորյանի բժշկի ցուցումը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերի մասնագիտական ուսումնասիրությունները՝ Մանվել Գրիգորյանի հետագա բուժումը հնարավոր է շարունակել միայն քաղաքացիական բժշկական հաստատության պայմաններում», - մասնավորապես, ասված է նրա հայտարարությունում:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին երեկ ուշ գիշեր Դատապարտյալների հիվանդանոցից, ինչպես փաստաբանն էր ասել, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Հունիսի 3-ին Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Մանվել Գրիգորյանը Դատապարտյալների հիվանդանոցում հրաժարվել էր բուժում ստանալ։ Պաշտպանական կողմն ահազանգում էր, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։

62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG