Քննչական կոմիտեի (ՔԿ) Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018 թվականի ապրիլի 16-ին մայրաքաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում, ապրիլի 23-ին Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած միջադեպերի, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի՝ 11 մեղադրյալի մասով նախաքննությունը։
Քննչական կոմիտեն իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ նշված 4 դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, միացվել էին մեկ վարույթում, որով նախաքննությունն իրականացվել է ՔԿ Երևանի քննչական վարչությունում։ Քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպերի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց մի մասի շրջանակը: Տուժող է ճանաչվել 16 անձ և Հայանիստ համայնքը, 11 անձի մեղադրանք է առաջադրվել։
«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի («Զանգվածային անկարգությունները») 2-րդ և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի («Խուլիգանությունը») 4-րդ մասերով, Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, վեց անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ևս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Նշված մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Եվս երկու մեղադրյալի, զանգվածային անկարգությունների կազմակերպչի և միջադեպերին մասնակից մյուս անձանց վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է։
Մանրամասները տե՛ս այստեղ