Մատչելիության հղումներ

Հինգ անձի մեղադրանք է առաջադրվել Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների գործով


Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին և երեկ ձերբակալված ևս երեք անձի:

Ըստ մամուլի, Մասիսի քաղաքապետը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի դստեր ամուսինն է: Քաղաքապետը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու մասնակցելու, մյուս չորսը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:

Սոնա Տռուզյանի խոսքով, գործի շրջանակներում այսօր ևս մեկ անձ է ձերբակալվել: Նա Նոր Արեշի բնակիչ է, այս պահի ունի կասկածյալի կարգավիճակ։

Ապրիլի 22-ին քաղաքացիական հագուստով մարդիկ, հիմնականում՝ բժշկական դիմակներով, հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա, քարերով ու մահակներով հարվածել նրանց։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Էրեբունիում այդ օրը քաղաքացիների նկատմամբ բռնություն է գործադրվել նաև էլեկտրասարքերով:

Մասիսի քաղաքապետի և մյուսների փաստաբան Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ քննչական մարմինը գործել է օրենքի բացահայտ խախտմամբ:

Աթանեսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դատարանում բողոքարկել են իրենց պաշտպանյալների ձերբակալման հիմքերը և հույս ունեն, որ բողոքն այսօր կքննարկվի:

Տեսանյութերում, որոնց հղում է անում Քննչական կոմիտեն, Աթանեսյանի խոսքով, իր հինգ պաշտպանյալներից ոչ ոք չկա: Հիմնականում անօրակ տեսանյութերը, ըստ փաստաբանի, պետք է ենթարկվեն հատուկ անձանց ինքնությունը պարզող դիմանկարային փորձաքննության, ինչը չի արվել․ - «Բոլոր հինգի ձերբակալման հիմքում դրված է, թե իբր ինչ-որ ականատես մատնացույց է անում իրենց, որպես զանգվածային անկարգությունների մասնակիցներ: Մի մասը իմ պաշտպանյալների պարզապես հերքում են, որ գտնվել են այդտեղ, մյուս մասը պահպանում է իրենց լռության իրավունքը, ինչը բնավ չի նշանակում, որ գտնվել են այնտեղ: 37 օր է անցել բուն դեպքից, և այդ հիմքը պարզապես ծիծաղելի է: Անգամ մեր դատական նախադեպերի հիմնավորմամբ, մասնավորապես Վերաքննիչ դատարանի հիմնավորումներով, դա չի կարող դրվել անձի ձերբակալման հիմքում: Որովհետև, եթե կա նման մարդ, պետք է նա ճանաչի, պետք է առերես հարցաքննվի, պետք է մատնանշի, թե ով ինչ է արել»:

Քննչական կոմիտեն, Աթանեսյանի խոսքով, ձերբակալությունները իրականացրել է կառավարությանը հաճոյանալու համար․ - «Ես որևէ կերպ չեմ արդարացնում անձամբ, և իմ կոլեգաները և, հավատացեք, Մասիսի քաղաքապետը այն, ինչ որ տեղի է ունեցել: Տեղի ունեցածը պետք է բացահայտվի»:

«Գլխավոր դատախազը Քննչական կոմիտեից այսօր պահանջել է քրեական գործը՝ ստուգելու 5 մեղադրյալների ձերբակալման իրավաչափությունը», - «Ազատությանը տեղեկացրեց Սոնա Տռուզյանը:

Արձագանքելով Տիգրան Աթանեսյանի հայտարարություններին՝ Տռուզյանն ասաց, թե առնվազն տանօրինակ կլիներ, որ կասկածյալների շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբանն ասեր, թե նրանց ձերբակալությունը հիմնավոր է եղել․ - «Վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ կան տեսանյութեր, այդ տեսանյութերը կան նաև համացանցում, նաև ձեռք բերված այլ ապացույցներ, որոնց պայմաններում անհրաժեշտություն է եղել քրեական գործով այդ հինգ կասկածյալների ձերբակալությունը: Այսօր ևս մեկն է ձերբակալվել»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ յուրաքանչյուրն ունի պաշտպանության իրավունք․ եթե փաստաբանները հիմքեր տեսնում են, բողոքարկելը շատ նորմալ է: Բայցև կարծում է, որ իրավապահները պետք է հաշվի առնեն նաև մեկ այլ հանգամանք՝ ազատության մեջ գտնվելով, մասնավորապես, Մասիսի քաղաքապետը կարո՞ղ է ազդել վկաների վրա․ - «Ձերբակալված մարդիկ, որոնք այդ համայնքի ղեկավարներն են և կազմակերպվում է այդպիսի քաղաքացիների բողոքի ցույցեր, արդյո՞ք դա չի վկայում այն մասին, որ նման մարդիկ, գտնվելով ազատության մեջ, չեն ազդի նախաքննության մարմինների վրա, չեն խոչընդոտի նախաքննությանը, չեն ազդի այդ բռնությունների փաստերով վկաների վրա: Ելնելով այդ փաստերից, ես գտնում եմ, որ արդեն ազդում են»:

Սաքունցի խոսքով՝ եթե իրավապահները անգործություն ցուցաբերեին, դա էլ անարձագանք չէր մնա․ - «Մինչ այս ձերբակալությունները լրատվամիջոցներով և տեսանյութերով ուղղակի հղումներ կան, ուղղակի ցուցմունքներ կար, ուղղակի վկայություններ կային, որոնք նախաքննության մարմինը չէր կարող հաշվի չառնել: Եթե հաշվի չառներ, մենք ավելի շատ կբողոքեինք, որ խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնություն կատարողների բացահայտման, նրանց նկատմամբ անհրաժեշտ քննչական գործողությունների կատարման համար անգործություն են ցուցաբերում»:

Ի դեպ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության 8 պատգամավորներ դիմել են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին՝ առաջարկելով իրենց անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և երեկ ձերբակալված մյուս 4 անձանց:

Տեղեկությունը փոխանցեց ստորագրահավաքը կազմակերպած Արարատից ընտրված պատգամավոր Մուրադ Մուրադյանը․ - «Մենք ընդամենը դիմել ենք, երաշխավորում ենք, որ նրանք քննության չեն խոչընդոտի: Եթե գումարային հարց կա, գրավի դիմաց, մենք դա էլ ենք պարտավորվել: Ոնց ուզում են, թող այդպես էլ կարգավորեն: Իսկ քննությունը թող տանեն: Ո՞վ ա ասել քննություն չտանեն: Միգուցե հինգից մեկը մեղավոր ա, միգուցե հինգից երկուսն ա մեղավոր, միգուցե հինգն էլ մեղավոր չեն․․․ Մենք չենք ասում՝ իրանք արդար են, գործը փակեք, դուք եք մեղավոր, որ սարքել եք: Թող քննության ընթացքում պարզեն»:

Քննչական կոմիտեից ասացին՝ պատգամավորների դիմումը չեն ստացել: Դատախազությունում ստացել են և փոխանցեցին, որ այն քննարկման փուլում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG