Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը ներկայացնում է ցուցարարների դեմ բռնությունների մասին հաղորդումները և ձեռնարկված քայլերը


Հայաստան - Ցուցարարները Երևանում փողոց են փակել, ապրիլ, 2018թ․

Հայաստանի ոստիկանությունը երեկ ուշ երեկոյան հայտարարությամբ է հանդես եկել՝ ներկայացնելով խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնությունների ու գույքը վնասելու վերաբերյալ իր ստացած հաղորդումները և դրանցով իրավապահների ձեռնարկած քայլերը:

Ըստ այդմ․

- Ապրիլի 26-ին ոստիկանության Էրեբունու բաժին է ստացվել Hraparak.am լրատվական կայքում զետեղված «Քաղաքացիական հագուստներով անձինք մահակներով ծեծի են ենթարկել անչափահասների» վերտառությամբ հոդվածն առ այն, որ Երևանի Էրեբունի և Այվազովսկի փողոցներում քաղաքացիական հագուստներով անձինք մահակներով ծեծի են ենթարկել անչափահաս ցուցարարներին:

Նախապատրաստված նյութերի շրջանակներում պարզվել է, որ ապրիլի 20-ին ժամը 13-ի սահմաններում Երևանի Այվազովսկու փողոցի 29 հասցեի դիմաց` Դ. Ա.-ի ու նրա հետ եղած երկու անձանց կողմից փողոցի երթևեկելի մասը փակելու պատճառով նույն փողոցով ընթացող «Տոյոտա Կորոլլա» ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև առաջացած վիճաբանության ընթացքում վերջիններս ձեռքերով ու ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին:

Փաստի առթիվ մայիսի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի («Ծեծը») հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել է Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք՝ Ս.Հ.-ն, Վ. Մ.-ն, Գ. Ա.-ն և Ս. Բ-ն ներկայացվել են նախաքննության մարմնին: Կատարվում է նախաքննություն:

- Ապրիլի 22-ին, ժամը 22-ին Վ. Թ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում Ավան, Աճառյան փողոցում գտնվող «Ֆորդ» սերվիսի մոտ իր կողմից լրագրողական գործունեություն կատարելու ժամանակ, դիմակավորված և քաղաքացիական հագուստներով անհայտ անձինք մահակներով հարվածներ են հասցրել իր գլխին, ոլորել և քաշել են իր ձեռքերը` պատճառելով ֆիզիկական ցավ, միաժամանակ հափշտակել են իր «Այփադ Էյռ-2» պլանշետը և «Սամսունգ Գալաքսի Ջի-7» բջջային հեռախոսը, դրանով խոչընդոտելով իր` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը: Այնուհետև մահակներով հարվածել և վնասել են իրեն պատկանող «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով մոտ 550 հազար դրամի նյութական վնաս:

Փաստի առթիվ ապրիլի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի («Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը») 1-ին մասի և 185-րդ հոդվածի («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը») 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել է Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

- Ապրիլի 21-ին Մ. Ս.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը ժամը 22:45-ի սահմաններում անհայտ անձը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում ինչ-որ առարկայով հարվածներ է հասցրել իրեն պատկանող «Սուբարու» ավտոմեքենային` պատճառելով շուրջ 300 հազար դրամի նյութական վնաս:

Փաստի առթիվ ապրիլի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել է Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

- Ապրիլի 22-ին Civilnet ինտերնետային հեռուստաընկերության լրագրող Ա.Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նախորդ օրը, ժամը 15-ի սահմաններում Ավանի Բաբաջանյան փողոցում իր «Այֆոն 6-Ս» բջջային հեռախոսով իրականացրել է լրագրողի մասնագիտական գործունեություն, որի ընթացքում անհայտ անձն իր ձեռքից հափշտակել է նշված բջջային հեռախոսը և դիմել փախուստի` պատճառելով մոտ 300 հազար դրամի նյութական վնաս:

Փաստի առթիվ ապրիլի 27-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը, որը նույն օրն ուղարկվել է Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

- Ապրիլի 22-ին ժամը 18:30-ին Տ. Մ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 17:15-ի սահմաններում Ավան, Աճառյան փողոցում գործող «Ֆորդ» սերվիսի մոտ դիմակավորված և քաղաքացիական հագուստներով անհայտ անձինք մահակներով և ոտքերով հարվածներ են հասցրել ու վնասել իրեն պատկանող «Օպել» ավտոմեքենան` պատճառելով մոտ 50 հազար դրամի նյութական վնաս:

Փաստի առթիվ ապրիլի 27-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը, որը նույն օրն ուղարկվել է Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

- Մայիսի 7-ին ժամը 15:30-ին Գ. Ռ.-ի կողմից ոստիկանության Նոր Նորքի բաժնում տրված հաղորդման շրջանակներում պարզվել է, որ ապրիլի 22-ին Ավան, Աճառյան փողոցում գործող «Ֆորդ» սերվիսի մոտակայքում քաղաքացիական հագուստներով, բժշկական դիմակներով դեմքերը փակած մի խումբ անձինք մասնակցել են զանգվածային անկարգություններին, ինչի ժամանակ փակել են դեպի Երևան քաղաքի Կենտրոն տանող Աճառյան փողոցի երթևեկելի հատվածը, մահակներով դիտավորյալ հարվածելով վնասել են քաղաքացիների ավտոմեքենաները, որի ընթացքում ժամը 15:20-ի սահմաններում վնասել են նաև Գ. Ռ.-ի «Նիսսան Սկայլայն» ավտոմեքենան` պատճառելով 250 հազար դրամի նյութական վնաս:

Փաստի առթիվ մայիսի 10-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի («Զանգվածային անկարգությունները») 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել է Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

- Մայիսի 3-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Նոր Նորքի բաժին է ստացվել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» ՀԿ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունն այն մասին, որ ապրիլի 20-ին www.irakanum.am լրատվական կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է «Ավանում դաժան ծեծի ենթարկեցին ավտոերթի մասնակից քաղաքացուն» վերտառությամբ տեսանյութ, որում քաղաքացիական հագուստներով մի խումբ անձինք «ՎԱԶ 2107» ավտոմեքենայից դուրս են հանել վարորդին, ծեծի ենթարկել նրան, միաժամանակ ձեռքերով, ոտքերով և մահակներով հարվածել ու վնասել նշված ավտոմեքենան:

Փաստի առթիվ մայիսի 11-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի («Խուլիգանությունը») 3-ին մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել է Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող վերը թվարկված բոլոր քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, կատարվում է նախաքննություն:

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի խումբ անձինք, ովքեր ենթադրաբար կատարել են վերոհիշյալ հանցագործությունները, մասնավորապես՝ Երևան քաղաքի բնակիչներ Ա. Մ.-ն, Ա. Ե.-ն, Ս. Ղ.-ն, Գ. Ղ.-ն, Ա. Գ.-ն, Ա. Վ.-ն, Գ. Ա.-ն, Ա.Ա.-ն, Ս. Հ.-ն, Վ. Ս.-ն, Ս. Ս.-ն, Ա. Մ.-ն: Վերջիններիս տվյալները տրամադրվել են նախաքննական մարմնին՝ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար», - ասված է հաղորդագրությունում:

- Ապրիլի 22-ին ժամը 17:20-ին «Մասիս» ԲԿ-ից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի հյուսվածքների թափանցող հրազենային վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ Մ. Մ.-ն:
Փաստի առթիվ ապրիլի 25-ին Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ պարզվել է, որ ապրիլի 22-ի ժամը 16:30-ի սահմաններում Մ.Մ.-ն մարմնական վնասվածքը ստացել է Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկը փակելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում՝ անհայտ անձի կողմից արձակված կրակոցի հետևանքով:

Դեպքի հանգամանքների բացահայտմանն ուղղված միջոցառումների ընթացքում բերման ենթարկվել և նախաքննության մարմնին են ներկայացվել Բ.Ս.-ն, Դ. Հ.-ն, Գ. Հ-ն, Մ. Մ.-ն. Գ. Խ.-ն, Ս. Ս.-Ն, Ա.Բ-ն, Ռ.Հ.-ն, Ն. Հ.-ն: Ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Մասիս քաղաքի բնակիչ Սեյրան Կարապետյանը՝ իր մոտ եղած «Սայգա» տիպի հրացանով: Սեյրան Կարապետյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում, ձեռնարկվում են միջոցներ վերջինիս և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց արագ բացահայտել բողոքի ցույցերի օրերին քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողներին:

Ի պատասխան՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ բռնության հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ քայլեր իրականացվել են: «Առաջին արդյունքները այսօր, մեծ հավանականությամբ, Ոստիկանության կողմից կհրապարակվեն արդեն», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG