Մատչելիության հղումներ

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Կիպրոսի օրենսդիր մարմինը կվավերացնի սեղմ ժամկետներում․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ


ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախորդ շաբաթ արդեն իսկ ուղարկվել է Կիպրոսի օրենսդիր մարմին և այն կվավերացվի սեղմ ժամկետներում։ Այդ մասին այսօր Կատարում հայտարարել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Կիպրոսն առաջին երկիրն էր Եվրոպայում և երկրորդն աշխարհում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դատապարտել այս ոճրագործությունը։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն էլ իր հերթին միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն։

Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իր խոսքում կարևորել է եղբայրական Կիպրոսի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ սեղմ ժամկետներում վավերացման խնդիրը։

Դեմետրիս Սիլուրիսը հրավիրել է Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հյուրընկալվել Կիպրոսում. Ազգային ժողովի նախագահը սիրով ընդունել է հրավերը։

Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են նաև Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրելու նախաձեռնության կյանքի կոչման ուղղությամբ։

Նշենք, որ օրերս Գերմանիայի Բունդեսթագը վավերացրեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին։ Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից, փաստաթուղթը վավերացրել են նաև ԵՄ անդամ մի քանի երկրներ: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG