Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն էլ նշում է, որ համաձայնագիրը (CEPA) Բունդեսթագը հավանության է արժանացրել երեկ՝ ապրիլի 4-ին ձայների ճնշող մեծամասնությամբ։
«Շրջանակային պայմանները Համաձայնագրի համար հրաշալի են «Թավշյա հեղափոխության» դրական զարգացումներից ի վեր։ Ուրախ ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բովանդակալից ճանապարհային քարտեզ է ներկայացրել Համաձայնագրի իրականացման համար։ Մենք հաճույքով ենք մասնակցում Համաձայնագրի իրականացմանը», - նշել է դեսպան Մաթիաս Քիսլերը։
Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին։ Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից, փաստաթուղթը վավերացրել են նաև ԵՄ անդամ մի քանի երկրներ: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը: