Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջիկայում առաջնահերթ է համարելու հենց պրոֆեսիոնալիզմը․ վարչապետ


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական է համարում Ֆելիքս Ցոլակյանի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակումը: Այդ մասին նա հայտարարեց այսօր՝ ԱԻՆ աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարարին:

«Պարոն Ցոլակյանը մեր պետական կառավարման համակարգում նոր մարդ չէ, երկար տարիներ աշխատել է Ազգային անվտանգության համակարգում, ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Այս նշանակումը խորհրդանշական եմ համարում, որով ցանկացել եմ ընդգծել, որ վերջին քաղաքական պրոցեսների ընթացքում և առաջիկայում սպասվող ԱԺ ընտրություններից հետո պետք է խնդիր դնենք, որ մեր պետության զարգացման գործում համախմբենք երկրում առկա ողջ պրոֆեսիոնալ ներուժը: Կառավարությունն առաջիկայում առաջնահերթ է համարելու հենց պրոֆեսիոնալիզմը», - ասաց Փաշինյան:

Վարչապետը կարևորեց Ցոլակյանի հեղափոխական ակտիվիստ չլինելը, ասելով․ - «Նրա նշանակումը նախարարի պաշտոնում շատ դրական արձագանք է ստացել, ինչը նշանակում է, որ հանրությունը նույնպես ընկալում է և ընդունում տրամաբանությունը, որ կա գծեր գծելու ժամանակը և կա դրանք ջնջելու ժամանակը: Հիմա թևակոխում ենք մի շրջան, երբ պետք է ավարտենք գծեր գծելու ժամանակը և թևակոխենք դրանք ջնջելու փուլ»:

Ֆելիքս Ցոլակյանը Հանրապետական խմբակցության միակ պատգամավորն էր, որ հակառակ խմբակցության որոշմանը՝ մայիսի 1-ին քվեարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, ինչից հետո լքեց խմբակցությունը: Ցոլակյանը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ուժային կառույցներում, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալն է եղել, մինչ պատգամավոր ընտրվելը՝ Շիրակի մարզպետը:

Այսօր Նիկոլ Փաշինյանը նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏԿՏՏ) նախարարության աշխատակազմին՝ նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին:

Վարչապետն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ էներգետիկայի ոլորտում ձևակերպված խնդիրը չի փոխվում․ - «Մեր մեծագույն խնդիրը մեր էներգետիկ համակարգը և ընդհանրապես ոչ միայն էներգետիկ, այլև բնական պաշարների կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելն է: Այս առումով կարող ենք արդեն համարել, որ գործնական փուլ ենք մտել»:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարարին դիմելով էլ Փաշինյանն ասել է, որ նա պետք է համարվի Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու քաղաքականության իրականացման թիվ մեկ պատասխանատուն: «Մեր խնդիրը շատ հստակ է ձևակերպված՝ Հայաստանի Հանրապետությունն ագրարային-հանքարդյունաբերական-խաղադրույքներ կատարող երկրից վերածել բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունեցող երկրի», - հայտարարել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG