Մատչելիության հղումներ

Հանրապետական պատգամավոր, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, Շիրակի նախկին մարզպետ և ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչու է քվեարկել վարչապետի պաշտոնում առաջադրված ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի օգտին:

«Հարգելի հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով», - հայտարարել է Ցոլակյանը:

Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր երեկոյան կայացած քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

«Ծառուկյան» դաշինքը և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ սատարելու են ՀՀ վարչապետի «Ելք» խմբակցության թեկնածուին: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն (ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հայտարարեց չքվեարկելու մասին): Ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն ունի 58 մանդատ:

Ընդամենը մեկ հանրապետական կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին՝ Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Քվեարկությունից հետո Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ - «Գեներալ Ֆելքիս Ցոլակյանն իր սեփական անունը ոսկե տառերով է գրել ժողովրդի սրտերում և հոգիներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG