Մատչելիության հղումներ

Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարար


Ֆելիքս Ցոլակյան, արխիվ
Ֆելիքս Ցոլակյան, արխիվ

Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանն այսօր նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել ևս երկու ոլորտում՝ Գարեգին Բաղրամյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների:

«Ազատության» հետ զրույցում Ֆելիքս Ցոլակյանն ասաց՝ առաջարկն ընդունել է կառավարությանն աջակցելու նպատակով: «Գիտեք, ես ի սկզբանե՝ առաջին օրվանից, կողմ եմ եղել, որ նոր կառավարությանը պետք է անընդհատ օգնել, հարկավոր է չխանգարել առաջին հերթին, իսկ երկրորդ հերթին՝ հարկավոր է օգնել: Եվ ես, կողմնակից լինելով օգնելուն, նաև ամեն ինչով նպաստել նոր կառավարության աշխատանքներին, դրա հետ կապված՝ ես ընդունել եմ առաջարկը», - նշեց նա:

Ֆելիքս Ցոլակյանը Հանրապետական խմբակցության միակ պատգամավորն էր, որ հակառակ խմբակցության որոշմանը՝ մայիսի 1-ին քվեարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, ինչից հետո լքեց խմբակցությունը: Ցոլակյանը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ուժային կառույցներում, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալն է եղել, մինչ պատգամավոր ընտրվելը՝ Շիրակի մարզպետը:

Հակոբ Արշակյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և մինչ նշանակվելը նույն ոլորտում առաջին փոխնախարարն էր:

«Կարծում եմ, որ մենք առանց այդ էլ բավականին մեծ ծավալի աշխատանքներ ենք կատարում և կշարունակենք կատարել: Կփոխվի էն, որ նախարարի պաշտոնում ե՛ս կաշխատեմ նշանակումից հետո, և էլի առաջնահերթություններով կշարժվենք առաջ, ոնց որ ծրագրված է եղել իշխանափոխությունից հետո», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արշակյանը:

Երեք ոլորտներն էլ ղեկավարում էին ԲՀԿ-ական նախարարներ: Երեքշաբթի օրը Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության օրինագծին «Ծառուկյան» և ՀՅ Դաշնակցություն խմբակցությունների կողմ քվեարկելուց հետո վարչապետը Բաղրամյան պողոտայում առաջարկեց Դաշնակցության և «Բարգավաճ Հայաստան»-ի քվոտաներով նախարարներին և մարզպետներին աշխատանքից ազատել: Վարչապետի բնութագրմամբ՝ այդ օրինագիծը դավադրություն էր հայ ժողովրդի դեմ և հակահեղափոխություն: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանը ընդունեց նախարարներին աշխատանքից ազատելու Փաշինյանի առաջարկը:

Այսօր կառավարության նիստում պաշտոնանկ արվեցին նաև ՀՀԿ-ին աջակցած ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի քվոտաներով մարզպետները: Այս պահին թափուր են երեք նախարարի և վեց մարզպետի պաշտոններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG