Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի եղբայրը և նրա զավակները՝ գործով կասկածյալներ


Սերժ Սարգսյան, Լևոն Սարգսյան, արխիվ
Սերժ Սարգսյան, Լևոն Սարգսյան, արխիվ

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը և նրա զավակներն ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու գործով ներգրավվել են որպես կասկածյալներ:

Ինչպես «Ազատության»-ը փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ), Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը և նրա դուստրը՝ Անի Սարգսյանը կասկածվում են ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, իսկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը՝ միայն ապօրինի հարստացման մեջ:

Նշենք, որ անցած ուրբաթ՝ հունիսի 29-ին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ)​ քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել վերը նշված հոդվածներով: Մասնավորապես, ըստ ՊԵԿ-ի, «Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը, 2017թ-ի ընթացքում հանդիսացել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան և «Հանրային ծառայությունների մասին» օրենքով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարատու պաշտոնատար անձ: Սակայն նա, ինչպես նաև նրա դուստրը, 2017-ի հաշվետու ժամանակաշրջանի համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրեր, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները, որը կազմում է մոտ 7 միլիոն դոլար: Արդյունքում՝ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցրել են, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվել, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են»:

Ինչ վերաբերում է Լյովա Սարգսյանի որդուն՝ Նարեկին, ապա ըստ ՊԵԿ-ի, «նա ընդհանրապես հայտարարագիր չի ներկայացրել, ինչը սակայն պարտավոր էր անել։ Նրա դեպքում ևս 2017 թվականի հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվել հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է»:

Սերժ Սարգսյանի եղբոր և նրա զավակների համար իբրև խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Ուշագրավ է, սակայն, որ Լյովա Սարգսյանն այս պահին երկրում չէ: Նրա օգնականն «Ազատության»-ը փոխանցեց, որ Սարգսյանն արդեն 12 օր է Հայաստանից բացակայում է։ Այդ դեպքում պարզ չէ, թե ինչպե՞ս է նա ստորագրություն տվել՝ երկրից չհեռանալու մասին։

Հիշեցնենք՝ ապօրինի հարստացման հոդվածով մեղադրվում է նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, ով ի տարբերություն Սերժ Սարգսյանի եղբոր և եղբոր զավակների, ձերբակալվեց, ապա ավելի ուշ կալանավորվեց։

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նրա տանը կատարած խուզարկության արդյունքում հայտնաբերել էր ավելի քան մեկ միլիոն դոլար, իսկ նրա և կնոջ հաշիվներում՝ ավելի քան 3 միլիոն դոլար։

Սակայն, Վաչագան Ղազարյանը, լինելով պետական բարձրաստիճան պաշտոնյա, տվյալ դեպքում՝ Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ, այդ գումարները չէր հայտարարագրել։

Այն, որ ապօրինի հարստացման և կոռուպիցայի դեմ պայքարի թիրախում հայտնվել են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մերձավորները, իրավապաշտպան Արթուր Սաքունցը բնական է համարում, քանի որ, ինչպես ժամանակին հենց Սերժ Սարգսյանն էր հորդորում իրավապահ մարմիններին, պետք է գլխից բռնել, և այժմ այդպե էլ արվում է:

Իրավապաշտպանը շեշտում է, որ գործը պետք է հասնի նաև հենց Սերժ Սարգսյանին, ում հովանավորությամբ իր մերձավոր շրջապատը միլիոնավոր դոլարների կարողություն է կուտակել․ - «Տարիներ շարունակ, երբ որ մենք խոսում էինք, որ կոռուպցիոն բուրգի գլխին հենց Սերժ Սարգսյանն էր, բնականաբար հենց պետք է գլխից սկսել: Հիմա գլխից բռնում են: Եվ իր մերձավորների նեղ շրջապատը, որոնք մենք համոզվում ենք, որ գործողությունների արդյունքում բացահայտված փաստերը, որ կան, դրանք հիմնավորում են, որ իսկապես կոռուպցիոն բուրգի գլխին հենց․․․անպատժելիության և անպատասխանատվության թիվ մեկ պատասխանատուն․․․ հենց իրանից պետք է սկսել»:

Հարցին, թե արդյոք կարծում է, որ գործը կարող է հասնել անձամբ Սերժ Սարգսյանին, Սաքունցը պատասխանեց․ - «Ես շատ կզարմանամ, եթե չհասնի Սերժ Սարգսյանին: Եթե չհասնի, այդ դեպքում ինձ մոտ շատ ավելի լուրջ հարցեր կառաջանան»:

Արթուր Սաքունցը նշում է, որ պետք է ընթացք տրվի նաև տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանին վերագրվող մեղադրանքներին, մասնավորապես բիզնես խլելու դեպքերին, որոնց վերաբերյալ, ըստ իրավապաշտպանի, հստակ փաստեր կան․ - «Ես կարծում եմ, որ այդ «50-50»-ի զոհերը պետք է հիմա խոսեն: Որովհետև ապօրինի հարստացման արդեն մի մասը պայմանավորված է ոչ թե պետական բյուջեի ռեսուրսների յուրացմամբ, այլ պայմանավորված է դաշտում գործող այլ գործարարների ունեցվածքը կամ եկամուտները յուրացնելու դեպքերով: Ես առնվազն մեկ դեպքի մասին տեղյակ եմ, որովհետև ոտնձգության թիրախների հետ խոսել եմ․ քրեական աշխարհի ներգրավմամբ կասեցվել է այդ գործընթացը: Բայց որ ոտնձգության փաստը եղել է, դա փաստ է»:

Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ այսօր կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմանն ուղղված առաջին քայլերն ենք տեսնում, սակայն իրավապահ մարմիները պետք է քրեական գործ հարուցեն կազմակերպված և համակարգային կոռուպիցոն հանցագարոծությունների վերաբերյալ, որոնց արդյունքում, ըստ Սաքունցի, պետությունը 7 միլիարդ դոլարի պարտք է կուտակել, և երկրից միլիարդավոր դոլարներ են դուրս բերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG