Մատչելիության հղումներ

Վաչագան Ղազարյանը կալանավորվեց


Վաչագան Ղազարյան, արխիվ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հայաստանի երրորդ նախագահի մերձավորներից Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար:

Բարձրաստիճան նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը, որն էլ քննում է Հայաստանում առաջին անգամ ապօրինի հարստացման հոդվածով հարուցված քրեական գործը։

Նշեմ, որ մինչև այս պահը հայտնի չէ, թե ով է Ղազարյանի փաստաբանը։

Ըստ ՀՔԾ-ի, Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո և 460 միլիոն դրամի գույք:

Մինչև ձերբակալումը իրավապահները խուզարկել էին Վաչագան Ղազարյանի մայրաքաղաքի բնակարանը և հայտնաբերել առանձնապես խոշոր չափերի գումար։

Ազգային անվտանգության ծառայության կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկի» մուտքի մոտից։ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Ղազարյանը բերման ենթարկելուց հետո անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկից» դուրս գալու պահին ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար դոլար, ինչպես նաև 436 միլիոն դրամ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:

Իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել էր 50 հազար ԱՄՆ դոլար:

ԱԱԾ հաղորդագրության համաձայն, ըստ Վաչագան Ղազարյանի, բանկից գումարի կանխիկացման նպատակը եղել է այն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը, Ղազարյանը չի ցանկացել հայտնել:

Վաչագան Ղազարյանն անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է առօրյա ծախսերի համար գրպանում եղած 500 դոլարն ու 213 հազար դրամը։

Միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հաղորդեց, որ տիրապետում է օպերատիվ տեղեկատվության, ըստ որի Ղազարյանին բերման չենթարկելու դեպքում, վերջինս պատրաստվում էր կանխիկացնել «Արդշինբանկում» իր հաշվին առկա 860 միլիոն դրամն ու կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի անձնական հաշվեհամարին առկա 690 միլիոն դրամը: Ընդհանուր հաշվով 1,5 միլիարդ դրամ կամ ավելի քան 3 միլիոն դոլար:

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը ԱԱԾ-ի խուզարկության ընթացքում հայտնել էր, թե «Յունիբանկի» և «Արդշինբանկի» հաշիվներում առկա գումարը մոռացել է ներկայացնել բարձրաստիճան Պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում:

Ուշագրավ է, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանքում չի ներկայացրել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ հաշիվներում արձանագրված 1,5 միլիարդ դրամը կամ ավելի քան 3 միլիոն դոլարը, ինչի մասին տեղեկացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Ընդ որում, Ղազարյանն այս դեպքում ևս ասել էր, թե մոռացել է հայտարարագրել այդ գումարները:

Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանն այս հարցի առնչությամբ ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այս պահին դեռ մանրամասներ չեն հրապարակի, և հավելեց, որ Ղազարյանին մեղադրանք առաջադրելու համար ձեռք են բերվել բավարար ապացույցներ։

XS
SM
MD
LG