Մատչելիության հղումներ

Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել


Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյան Ազգային անվտանգության ծառայությունում, 25-ը հունիսի, 2018թ․
Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյան Ազգային անվտանգության ծառայությունում, 25-ը հունիսի, 2018թ․

Հունիսի 25-ին ձերբակալված Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին այսօր մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար:

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

«Մինչև մայիսի 17-ը Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի` Երևան քաղաքի Տերյան փողոցի 66-րդ շենքի 62-րդ բնակարանում հունիսի 20-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 35 միլիոն դրամ, 1.110.400 դոլար, 230.500 եվրո, իսկ վերջինիս պատկանող ավտոտնակում հունիսի 21-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 2000 դոլար»,- հայտնում է ՀՔԾ-ն:

Համաձայն նույն աղբյուրի՝ հունիսի 25-ին Վաչագան Ղազարյանը Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի 13 հասցեում գործող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել է 50.000 դոլար, իսկ Չարենցի փողոցի 12 հասցեում գործող «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120.000 դոլար և 436.000.000 դրամ, որից անմիջապես հետո բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նշված գումարները հայտնաբերվել և առգրավվել են:

Ըստ ՀՔԾ-ի՝ քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018 թվականի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460 միլիոն դրամի, 1.272.900 դոլարի և 218.000 եվրոյի չհայտարարագրմանը, և հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն` վերջինս ապօրինի հարստացել է:

Հիշեցնենք, պաշտոնը դադարեցնելու պահին ներկայացրած հայտարարագրում Ղազարյանը նշել էր, որ ունի միայն 7 անշարժ գույք, RANGE ROVER մակնիշի մեկ ավտոմեքենա, 11 միլիոն դրամ, 9500 դոլար, 12500 եվրո: Ներկայացրել է նաև հունվարից մայիս ստացած 2․5 միլիոն դրամ աշխատավարձը:

Ղազարյանի կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը ամուսնու՝ պաշտոնից ազատվելու հաջորդ օրը հայտարարագրել է 25 միլիոն դրամ, 29 հազար դոլար, 17 հազար 400 եվրո: Իսկ իբրև ստացած եկամուտ՝ վարձակալության դիմաց վճար՝ ավելի քան 3 միլիոն դրամի չափով։

Քրեական օրենսգիրքը ապօրինի հարստացման հոդվածով սահմանում է առավելագույնը 3-6 տարով ազատազրկման պատժաչափ, իսկ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է առավելագույնը 2-4 տարի ազատազրկմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG