Մատչելիության հղումներ

Բերման է ենթարկվել Վաչագան Ղազարյանը


Վաչագան Ղազարյան
Վաչագան Ղազարյան

Այսօր ԱԱԾ-ն բերման է ենթարկել Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին: ԱԱԾ-ից հայտնեցին, որ ավելի ուշ մանրամասներ կհաղորդեն:

Անցած ամիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ղազարյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք՝ օրերս Քննչական կոմիտեից հաղորդել էին, որ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքի առթիվ:

Աելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ «Սելենա» ՍՊ ընկերության հաշվապահի կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված տվյալներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների շրջանակներում հունիսի 20-ին և 21-ին խուզարկություններ են կատարվել նաև «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում։

Արդյունքում ՝ «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց, «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես Բենց» մակնիշի 1-ական ավտոմեքենաներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ. Բեգլարյանի ամուսինը՝ Վ. Ղազարյանը, ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքի, 2008 թվականի հունիսի 19-ից մինչև 2018 թ. մայիսի 17-ը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, հետևաբար՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ պարտավոր է եղել օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր:

Սակայն ինչպես Վաչագան Ղազարյանի, այնպես էլ վերջինիս կնոջ՝ Ռ. Բեգլարյանի հայտարարագրերում բացակայում են նշումներ՝ խուզարկությամբ հայտնաբերված, վերը թվարկված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և թանկարժեք իրերի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG