Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը նույնպես փոխվեց


Հովհաննես Հարությունյան

Այսօր դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 9-րդ անդամը՝ Հովհաննես Հարությունյանը։

Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց պաշտպաններ Հայարփի Սարգսյանի և Արմինե Ֆանյանի միջնորդությունը և Հարությունյանին կալանքից ազատ արձակեց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորության դիմաց: Նրանք նաև մեկ միլիոն դրամ գրավ էին վճարել:

Դատավորն ասաց․ - «Մուծման մասին անդորրագիրը դատարան կամ համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմ ներկայացնելու պահից ամբաստանյալ Հովհաննես Գառնիկի Հարությունյանին ազատել կալանքից»:

Փաստաբան Հայարփի Սարգսյանը դատարանին ներկայացրեց գրավի վճարման անդորրագրերը:

Մինչև որոշման հրապարակումը, փաստաբանը ներկայացրեց պատգամավորների նամակը, որում վերջիններս երաշխավորում են, որ ազատության մեջ Հարությունյանը կդրսեւորի պատշաճ վարքագիծ և չի խուսափի ներկայանալ դատական նիստերին։

Միևնույն ժամանակ փաստաբանը շեշտեց, որ իր պաշտպանյալը ՊՊԾ գնդի գրավման օրերին հրազենային վիրավորում էր ստացել ոտքից և որ անցած երկու տարվա ընթացքում նա, ըստ էության, բուժում չի ստացել։

Դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց Հարությունյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որոնց նա կարիք ունի ստացիոն բուժման:

Դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո Հովհաննես Հարությունյանը ասաց, որ իր կալանքից ազատ արձակումը պայմանավորում է քաղաքական իրադրության փոփոխությամբ։ Հավելեց, որ առաջիկայում կբուժի հրազենային վիրավորումից վնասված ոտքը․ - «Անկեղծ շատ հուզված եմ, չեմ հավատում մինչև հիմա»:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք որևէ բան ունի ասելու գնդի գրավման ժամանակ մահացած ոստիկանների հարազատներին, Հարությունյանը պատասխանեց․ - «Շատ ցավում ենք մենք ու ուզում ենք իրոք իմանալ մեղավորների անունները: Շատ կարևոր ա մեր համար»:

Հովհաննես Հարությունյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելում, կրելու, պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու, զենք ռազմամթերք հափշտակելու, ինչպես նաև դիտավորությամբ գույք ոչնչացնելու կամ վնասելու մեջ։

Նշենք, որ ոստիկանության գնդի գրավման ժամանակ 2016-ին զոհված ոստիկանների հարազատները դեմ են «Սասնա ծռեր»-ի ազատ արձակմանը։

«Սասնա ծռերը» 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

XS
SM
MD
LG