Մատչելիության հղումներ

Փոխվեց «Սասնա ծռերից» ևս երկուսի խափանման միջոցը


Կալանքից ազատ արձակված «Սասնա ծռեր» խմբի երեք անդամները:
Կալանքից ազատ արձակված «Սասնա ծռեր» խմբի երեք անդամները:

Այսօր դատարանը կալանքից ազատ արձակեց 2016-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի ևս երկու անդամի՝ Տիգրան Սարգսյանին և Հովհաննես Վարդանյանին։

Երեկ, հիշեցնենք, դատարանը կալանքից ազատ էր արձակել զինված խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին։

Այսպիսով, 2016-ի հուլիսի 17-ին ոստիկանական գունդը գրաված խմբի երեք անդամ ազատության մեջ է։

Տիգրան Սարգսյանն ու Հովհաննես Վարդանյանն ազատ արձակվեցին հենց դատարանի դահլիճից՝ ստորագրություն տալով չհեռանալու մասին։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը ծափերով ողջունեցին «Սասնա ծռերի» աջակիցները։

Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը, որ մեղադրվում է երեք հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելու, զենք հափշտակելու, ապօրինի կերպով զենք զինամթերք պահելու և փոխադրելու համար, իր ազատ արձակումը պայմանավորեց իշխանափոխությամբ:

Տիգրան Սարգսյանից հետո դատարանը քննեց Հովհաննես Վարդանյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։ Երկուսի դեպքում էլ նրանց պաշտպանները հայտարարեցին՝ քանի որ քաղաքական իրադրությունը փոփոխվել է և քանի որ զինված խմբի անդմաները հայտարարում էին, որ դուրս էին եկել արդեն նախկին իշխանության դեմ, ապա նվազում է նրանց վերագրվող արարքի հասարակական վտանգավորության բնույթն ու աստիճանը, ուստի միայն այդ փաստարկը դնել կալանքի հարցում, հիմնավոր չէ։

Միևնույն ժամանակ, պաշտպաններն ասացին՝ զինված խմբի այս երկու անդամները առողջական խնդիրներ ունեն։

Փաստաբան Անուշ Մխիթարյան․ - «Մինչև սույն գործի ավարտը նա չի դրսևորի այնպիսի վարքագիծ, որը հնարավորություն կտա դատարանին փոշմանելու իր կողմից անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու որոշում կայացնելու համար»:

Մեղադրող դատախազը չառարկեց մեղադրյալների ազատ արձակմանը։

Ազատ արձակված «Սասնա ծռերի» անդամները սակավախոս էին։ Հովհաննես Վարդանյանն ասաց՝ քանի դեռ բոլոր ընկերները ազատության մեջ չեն, որեւէ մեկնաբանություն տալ չի պատրաստվում․ - «Հիմա ոչ մի խոսք չեմ ասելու, մինչև իմ ազատատենչ եղբայրները դուրս չգան մեկ ժամ շուտ էս կալանավայրից»:

Նրանց փաստաբան Գրիշա Բալասանյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ այս որոշումները կարելի է գնահատել որպես և՛ քաղաքական, և իրավական․ - «Իրոք իրավիճակ է փոխվել: Այսինքն այս մարդիկ բազմիցս նշել են, որ պայքարել են նախկին իշխանությունների ապօրինի գործողությունների դեմ: Մասնավորապես Արցախը հանձնելու դեմ են պայքարել և այլն: Արդեն չկան այդ իշխանությունները, հետևաբար չկա նաև այդ պայքարի գաղափարը նույն ծավալով, նույն ուժով: Հենց փոփոխությունը դրանով է պայմանավորված»:

Բալասանյանը հիշեցրեց «Սասնա ծռերի» վերջին հայտարարությունը, որում նրանք նշում են, որ փակում են զինված պայքարի էջն ու աջակցում ժողովրդի վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանի կառավարությանը․ - «Եթե նախկինում նշում էին, որ հավանականություն կա, որ կրկին գուցե հանցագործություն կատարեն և այլն, այսօր արդեն այդ վտանգը չկա, որովհետև չկան այն իշխանությունները, որոնց դեմ պայքարում էին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG