Մատչելիության հղումներ

Ազատ արձակվեցին նաև «Սասնա ծռերից» Արթուր Մելքոնյանն ու Արթուր Սողոմոնյանը


Դատավոր Արտուշ Գաբրիելյանը երկուսին էլ ազատ արձակեց դատարանի դահլիճից՝ կալանքը փոխարինելով ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով։ Մեղադրող դատախազները չառարկեցին։

«Սասնա ծռերի» այս երկու անդամների պաշտպանները՝ Մուշեղ Շուշանյանը, Անուշ Մխիթարյանը և Գրիշա Բալասանյանը դատարանում հայտարարեցին՝ քանի որ քաղաքական իրավիճակ է փոփոխվել, նրանց այլևս կալանքի տակ պահելու հիմքեր չկան։

Արթուր Սողոմոնյանի վերաբերյալ միջնորդություն անելիս փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ գրավի միջնորդություն չի կարող անել, քանի որ իր պաշտպանյալի ընտանիքը դժվարություններ կունենա գումար հայթայթելու հարցում․ - «Նա բնակվում է տարեց մոր և քրոջ հետ, ովքեր եկամուտներ չունեն: Արթուր Սողոմոնյանի առողջական խնդիրների վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել: Այդ հարցը մենք դատարանում արդեն իսկ քննարկել ենք, և նրա առողջական վիճակի վերաբերյալ իմ կողմից ներկայացվել են փաստաթղթեր»:

Անուշ Մխիթարյանը հավելեց՝ երկրում քաղաքական իրավիճակ է փոփոխվել․ - «Ոչնչով արդարացված չէ արդարադատությանը խոչընդոտելու, նոր հանցագործություններ կատարելու ռիսկը, որի մասին նախկինում դատարանները ներկայացրել էին որպես կալանավորման հիմք»:

Հրապարակելով կալանքը ստորագրությամբ փոխարինելու և դատարանի դահլիճից մեղադրյալներին ազատ արձակելու որոշումները՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը զգուշացրեց, որ եթե նրանք խախտեն կարգը, ապա նրանց նկատմամբ կկիրառվի ավելի խիստ խափանման միջոց։

Արդեն դատարանի միջանցքում ամբաստանյալ Արթուր Մելքոնյանը լրագրողներին ասաց, որ խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորում է իշխանափոխությամբ:

Մելքոնյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք փոխադրելու կամ կրելու, պատանդ վերցնելու, շենք շինություններն զավթելու, զենք ռազմամթերք հափշտակելու մեջ։

Կալանքից ազատ արձակված մյուս ամբաստանյալը՝ Արթուր Սողոմոնյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։ Նա մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք զինամթերք փոխադրելու կամ կրելու, պատանդ վերցնելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ինչպես նաև կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողության մեջ։

Նշենք, որ ոստիկանության գնդի գրավման ժամանակ 2016-ին զոհված ոստիկանների հարազատները դեմ են «Սասնա ծռեր»-ի ազատ արձակմանը։ Օրեր առաջ «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ էին հայտնել զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի հարազատները․ - «Ես շատ մեծ ցավ եմ ապրել, բայց հիմա կրկնակի ցավ եմ ապրում, երբ որ տեսնում եմ օրը մեկին- երկուսին ազատ բաց են թողում․․․ Ու իրանց էդ պահվածքը՝ ցինիկավարի, ժպտալը, ուրախանալը ավելի են իմ վերքը թարմացնում»:

Երեկ դատարանի դահլիճից ազատ արձակված Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը նույնպես խոսել զոհված ոստիկանների մասին․ - «Բոլորը պետք է հասկանան, որ այդ ցավը բոլորիս ցավն է: Ես համոզված եմ, որ ոչ ոք չունի այն եզրակացությունը, որ տղաները գնացել էին այդ քայլին մարդասպանության նպատակով: Մենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանությունները ինչպես տեղի ունեցան»:

Նշենք, որ մինչև օրս կալանքից ազատ է արձակվել «Սասնա ծռեր» զինված խմբի 8 անդամ։

«Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

XS
SM
MD
LG