Մատչելիության հղումներ

Դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ դատարանն այսօր որոշեց փոխել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը: Նազարյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց:

Նրա համար երաշխավորագիր և մեկ միլիոն դրամի չափով գրավ էին ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը:

Առաջին անգամ դատական նիստին ներկա էին նաև ՊՊԾ գնդի գրավման օրերին մահացած ոստիկանների հարազատները:

Հիշեցնեմ, «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին՝ 2016-ի հուլիսին, երեք ոստիկան զոհվեց՝ գնդապետ Արթուր Վանոյանը, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը եւ ենթասպա Յուրի Տեփանոսյանը։ Ոստիկանների սպանության մեջ մեղադրվում են զինված խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։

Սեդրակ Նազարյանը ցավակցեց սպանված ոստիկանների հարազատներին ու խնդրանքով դիմեց նրանց․ - «Խնդրում եմ բոլորիդ, զինվենք համբերությամբ ու սպասենք իրական բացահայտումներին»:

Ոստիկաններ Տեփանոսյանի և Վանոյանի հարազատները տեսակետ չարտահայտեցին:

Գագիկ Մկրտչյանի այրի Հասմիկ Ոսկանյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ ամբողջ ընտանիքով զինված խմբի անդամների խափանման միջոցի փոփոխմանը դեմ են․ - «Եթե ինչ-որ մեկը կասի իրա տեղը ավելի վատն ա, քան թե իմ ամուսնունը, թող կանգնի ու ասի: Դա արդար չի: Մարդկանց սպանեն, հետո ժողովրդի հետևը թաքնվելով ասեն՝ մենք․․․»

Նազարյանի կալանքը վերացնելու միջնորդությանը չառարկեց մեղադրող դատախազը՝ նշելով, որ մայիսին ծավալված իրադարձություններից հետո էապես նվազել է վտանգը, որ ազատության մեջ գտնվելով ամբաստանյալները վնաս կհասցնեն գործի քննությանը:

Նազարյանի խափանման միջոցի փոփոխության որոշումից հետո, պաշտպան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առողջական վիճակը վատացել է, նիստը հետաձգվեց:

Դատարանի դահլիճից դուրս եկած Սեդրակ Նազարյանին դիմավորեցին հարազատներն ու համակիրները: Հարցազրույց տալուց Նազարյանը հրաժարվեց:

«Ազատության» հետ զրույցում ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի այրին դժգոհություն հայտնեց դատարանի որոշման կապացությամբ․ - «Ես բոլորին եմ դեմ, մենակ իրան դեմ չեմ: Հիվանդի՞ն էլ բաց թողեն, նրա՞ն էլ բաց թողեն: Էդ մենակ իմ կարծիքը չի: Արդար դատաստան կլինի, չի լինի՝ էդ երկրորդական ա: Ոչ մեկը պետք չի, որ դուրս գա: Արել, իրանց պատիժը թող կրեն: Տղամարդու նման մտել են, տղամարդու նման էլ թող մինչև վերջ նստեն, իրենց պատիժը ստանան: Եթե բաց կթողնեն, Աստված իրանց հետ, եթե՝ չէ, թող մինչև վերջ նստեն»:

Սեդրակ Նազարյանը «Սասնա ծռեր» զինված խմբից ազատ արձակված 6-րդ անդամն է: Անցած շաբաթվա ընթացքում դատարանների որոշմամբ կալանքից ազատ արձակվեցին գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող խմբի 5 անդամ՝ Արեգ Կյուրեղյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Մանուկյանը եւ Արամ Հակոբյանը։

Ազատ արձակվելուց անմիջապես հետո Սեդրակ Նազարյանը շտապեց Ժիրայր Սեֆիլյանին դիմավորելու, որը, հիշեցնեն, նույնպես այսօր ազատ արձակվեց՝ գրավի դիմաց:

Ի դեպ, զարգացում կա նաև դատարանի դահլիճում զինված խմբի անդամներին ծեծի ենթարկելու գործով: Մոտ մեկ տարի նախաքննություն կատարելով՝ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ոստիկանության Երևան քաղաքի ուղեկցող գումարտակի հրամանատար Ա. Ղ-ին: Ըստ Հատուկ քննչական ծառայության, նա մեղադրվում է ամբաստանյալին «խոշտանգելու» համար։

Հիշեցնեմ, 2017-ի հունիսի 28-ի դատական նիստի ժամանակ ոստիկաններից մեկն արգելել էր «Սասնա ծռերի» գործով մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանին գրություն փոխանցել փաստաբաններից մեկին: Դրան հետևել էր վիճաբանություն մեղադրյալների և ոստիկանների միջև, ոստիկանները դատարանի դահլիճից հեռացրել էին Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Սմբատ Բարսեղյանին: Ավելի ուշ Կյուրեղյանի, Ավետիսյանի, ինչպես նաև երկու այլ մեղադրյալների՝ Արայիկ Խանդայանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպանները հայտարարել էին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նրանց:

Ծեծի փաստով հարուցվել էր քրեական գործ։ Նախաքննական մարմինը դեռևս չի մանրամասնում, թե Ա. Ղ-ի նկատմամբ ինչ խափանման միջոց է ընտրվել։

XS
SM
MD
LG