Մատչելիության հղումներ

ՄԱԿ ԱԽ նիստը վերածվել է Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի դիվանագետների միջև լեզվակռվի


ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Նյու Յորք, 5-ը ապրիլի, 2018թ․
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Նյու Յորք, 5-ը ապրիլի, 2018թ․

Սկրիպալների թունավորման հարցով Մոսկվայի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը երեկ վերածվել էր Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի դիվանագետների միջև լեզվակռվի:

Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Մեծ Բրիտանիային մեղադրել է «ֆեյք պատմություն» ստեղծելու մեջ՝ այն անվանելով «տապակած բադ», Լոնդոնի գործողությունները՝ «կրակի հետ խաղ», Սկրիպալների սպանության փորձի վերաբերյալ փաստարկները՝ «պղտոր», իսկ քիմիական զենք կիրառելու Ռուսաստանին ուղղված մեղադրանքները՝ «աբսուրդի թատրոն»: Հնչել են նաև «ահաբեկչություն» և «դոկտոր Գեբելսի պատվիրանները» արտահայտությունները:

Ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին ու նրա դուստր Յուլիային մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերել են բրիտանական Սոլսբերի քաղաքում: 33-ամյա Յուլիա Սկրիպալի վիճակը վերջին օրերին էականորեն բարելավվել է, հայրը, սակայն, շարունակում է մնալ ծանր, բայց կայուն վիճակում:

Միջադեպը հանգեցրել է աննախադեպ դիվանագիտական սկանդալի: Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և երկու տասնյակից ավելի այլ երկրներ այս դեպքի հետ կապված ավելի քան 150 ռուսաստանցի դիվանագետների արտաքսեցին, ինչին Ռուսաստանը նույն կերպ պատասխանեց:

Սկրիպալների հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թվով երկրորդ նիստին ռուսաստանցի դիվանագետը բրիտանական իշխանություններին կրկին զգուշացրել է․ - «Մոսկվային մեղադրելով Սկրիպալներին թունավորելու մեջ՝ կրակի հետ եք խաղում»:

Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Քարեն Փիրսը հակադարձել է՝ բրիտանական իշխանությունների գործողությունները համապատասխանում են միջազգային նորմերին, իսկ ռուսական կողմի պահանջները՝ գործի քննությունում փորձագետներ ներգրավելու հարցով, «նույնն են, ինչ հրդեհի կազմակերպչին թույլ տալ մասնակցել իր իսկ կողմից կազմակերպած հրդեհի հետաքննությանը»:

Ռուսաստանցի դիվանագետը բրիտանական իշխանությունների հասցեին մեղադրանքների տարափ հնչեցնելով՝ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան հրաժարվում է Ռուսաստանի հետ համագործակցությունից: «Լոնդոնի մեղքով Ռուսաստանի հարաբերությունները արևմտյան բազմաթիվ երկրների հետ վատթարացել են, Լոնդոնը ոչ միայն թույլ չի տալիս ռուսաստանցի քննիչներին մասնակցել հետաքննությանը, այլ նաև հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել», - ասել է Նեբենզյան:

Նրա խոսքով՝ առանց ծանրակշիռ ապացույցներ ներկայացնելու Ռուսաստանին մեղադրում են հանցագործության մեջ: Նեբենզյան պնդում է, թե «Նովիչոկ»-ը ռուսաստանյան մենաշնորհ չէ, և որ չնայած դրա ռուսական անվանմանը՝ այն Արևմուտքում են հորինել: Իսկ հիմնական հոգեմետ զենքը արևմտյան մամուլն է, որը «կրկնում է չապացուցվող ստեր», հայտարարել է ռուս բարձրաստիճան դիվանագետը՝ լրագրողների պահվածքը համեմատելով ֆաշիստական քարոզչության տակտիկայի հետ: «Բրիտանական իշխանությունները որևէ կերպ չեն ամաչում, լկտիաբար հայտարարում են, թե Սոլսբերիի միջադեպի ետևում մեծ հավանականությամբ Ռուսաստանն է կանգնած: Մենք նույնչափ հավանականությամբ ենթադրում ենք, որ այդ մեգա-սադրանքի ետևում կանգնած են որոշ երկրների հատուկ ծառայություններ», - ասել է Նեբենզյան՝ առանց անուններ նշելու:

Բրիտանացի դիվանագետը կրկին հակադարձել է՝ թունավոր նյութի ծագումը պարզել է բրիտանական լաբորատորիան: Իսկ վստահ լինելու համար, որ հարձակման ետևում հենց Մոսկվան է կանգնած, Լոնդոնը պատճառների մի ամբողջ ցանկ ունի, հայտարարել է Փիրսը, շարունակելով՝ նախ, Լոնդոնը Կրեմլից չի ստացել այն հարցի պատասխանը, թե ինչպես է ռուսաստանյան նյարդապարալիտիկ նյութը հայտնվել Մեծ Բրիտանիայում:

Ինչ վերաբերում է Լոնդոնի կողմից օգտագործվող highly likely՝ «մեծ հավանականությամբ» բառակապակցությանը, որը Մոսկվան հաճախ է հեգնանքի թեմա դարձնում, ըստ բրիտանացի դիվանագետի, այն ընդունված է օգտագործել մինչև դատարանի վճիռը, քանի որ, ասել է Փիրսը, միայն դատարանը կարող է սահմանել ճշմարտությունը: «Չարժե դա դիտարկել որպես կասկած», - հավելել է բրիտանացի դիվանագետը:

Պատասխանելով ռուսական կողմի՝ թունավորման գործի քննությունը կասկածի տակ դնելու մասին հայտարարությունները, Փիրսը հայտնել է, որ Սկրիպալների նկատմամբ մահափորձի բացահայտմանը մասնակցում է 250 քննիչ, փորձագետ և քիմիական զենքի մասնագետ, որոնք 5 հազար ժամ տևողությամբ տեսանյութ են ստուգել, հարցաքննել 5 հազար վկայի և հայտնաբերել 1300 փաստացի ապացույց:

Ամփոփելով խոսքը՝ դիվանագետը վստահեցրել է, որ Լոնդոնը կցանկանար լավ հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ, սակայն, միևնույն ժամանակ, չի կարող աչք փակել Սկրիպալների հետ կապված միջադեպի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG