Մատչելիության հղումներ

Հայաստանը Սկրիպալների գործում պաշտպանեց Ռուսաստանի դիրքորոշումը


Նիդերլանդներ - Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության շենքը Հաագայում, արխիվ

Հայաստանը երեկ միացել է 13 այլ` հիմնականում նախկին Խորհրդային Միության երկրների և, դեմ գնալով Արևմուտքին, պաշտպանել Ռուսաստանի դիրքորոշումը նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման հարցում:

Հաագայում` Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության արտահերթ նիստում, Մոսկվան շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ` պահանջելով նոր հետաքննություն սկսել և ներառել նաև ռուս մասնագետների: Առաջարկը, սակայն, տապալվել է` կողմ են քվեարկել կազմակերպության գործադիր մարմնի 41 անդամներից միայն 6-ը, 15-ը` դեմ, 17-ը` ձեռնպահ, 3-ը բացակայել են և չեն մասնակցել քվեարկությանը:

Հայաստանը այս տարի գործադիր մարմնում չէր և քվեարկելու իրավունք չուներ, այդուամենայնիվ, արտահայտել է իր դիրքորոշումը համատեղ հայտարարությամբ, որը, ըստ Նիդերլանդներում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինի, ընթերցվել է հանդիպման մեկնարկին: Հայաստանից բացի փաստաթղթի տակ ստորագրել են Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Սիրիան, Իրանը, Վենեսուելան, Պակիստանը, Նիկարագուան և Կուբան:

«Մեր տեսակետը Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ամենևին էլ «ձայն բարբառո անապատի» չէ, ինչպես մեր որոշ, թույլ տվեք ասել, գործընկերներ կցանկանային ներկայացնել: Մենք լուրջ, իրական աջակցություն ունենք: Նիստի մեկնարկին հենց Իրանի դեսպանը մի խումբ երկրների անունից հայտարարություն ներկայացրեց, որը, Ռուսաստանի Դաշնության նման, պահանջում էր համատեղ հետաքննություն սկսել: Այդ հայտարարությունը, Ռուսաստանից ու Իրանից բացի, ստորագրել են ևս 12 պետություններ` ՀԱՊԿ մեր դաշնակիցները, ԱՊՀ մերձավոր գործընկերները, ինչպես նաև Լատինական Ամերիկայի ու Աֆրիկայի մի շարք պետություններ», - հայտնել է Շուլգինը:

Այս, Ռուսաստանի դեսպանի բնորոշմամբ՝ ծանրակշիռ հայտարարությունը, սակայն, կազմակերպության գործադիր մարմնի անդամներից քչերին է համոզել: Արևմտյան երկրները վերստին աջակցություն են հայտնել Մեծ Բրիտանիային` պահանջելով Մոսկվայից պատասխանել Լոնդոնի բարձրացրած հարցադրումներին:

«Սրանով միջազգային համայնքը հստակ կերպով ջախջախեց պատշաճ հետաքննությունը հունից շեղելու Ռուսաստանի ջանքերը», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը:

Համատեղ հետաքննության առաջարկը ճշմարտությունը կոծկելու, հանրությանը մոլորեցնելու ցինիկ հնարք էր, իր հերթին պնդել է Նիդերլանդներում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Նիք Հիթը:

«Ռուսներին 28 ձայն էր պետք իրենց առաջարկն անցկացնելու համար, սակայն նրանք ստացան ընդամենը 6-ը: Միջազգային համայնքը կոշտ և կտրուկ մերժեց գործընթացը աղավաղելու և խեղաթյուրելու՝ Ռուսաստանի հերթական փորձը», - հայտարարել է Հիթը:

Շաբաթներ առաջ դեռ Մեծ Բրիտանիան միջազգային կոնվենցիաների հիման վրա Սոլսբերի էր հրավիրել Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետներին ու նրանցից տեխնիկական աջակցություն խնդրել Սկրիպալների թունավորման գործը բացահայտելու համար: Միջազգային կազմակերպությունը հավաստիացնում է՝ փորձագիտական խումբն աշխատում է անկախ և չի համագործակցում բրիտանացի իրավապահների հետ: Կազմակերպության ղեկավար Ահմեդ Ոզյումջուն երեկ մանրամասնել է՝ թունավոր նյութի նմուշներն ուղարկվել են չորս տարբեր, անկախ լաբորատորիաներ՝ հավելյալ ուսումնասիրությունների, որոնց արդյունքները հայտնի կդառնան հաջորդ շաբաթվա սկզբին:

Կրեմլին, սակայն, փակ դռների ետևում անցկացվող այս անկախ քննությունը չի բավարարում: Մոսկվան պահանջում է ռուսական կողմին տրամադրել դեպքի վայրից վերցված նմուշները, փողոցներում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները, հեռախոսազրույցների սղագրությունը և շատ ու շատ այլ նյութեր:

Արևմտյան դիվանագետներն անընդունելի ու անհեթեթ են որակում Կրեմլի այս պահանջները: «Դա ուշադրությունը շեղելու ռազմավարություն է, որպեսզի Ռուսաստանը խուսափի այն հարցերից, որոնց պարտավոր է պատասխանել», - երեկ հայտարարել էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը:

Առաջարկը քննադատել է նաև Վաշինգտոնը, ինչի մասին պատմել է Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինը՝ առանց վրդովմունքը թաքցնելու․ - «Միացյալ Նահանգների դեսպանը, անկեղծ ասած, այսօր ինձ ապշեցրեց, երբ քվեարկությունն ամփոփելիս, եթե հիշողությունս չի դավաճանում, հայտարարեց՝ «հավանական հանցագործը ուզում է մասնակցել իր իսկ հանցագործության հետաքննությանը», ամերիկացի դեսպանն ասում էր՝ «գժվե՞լ եք, ինչ է, նման բան հնարավոր չէ»:

Չնայած Արևմուտքի այդ փաստարկներին՝ պաշտոնական Մոսկվան չի ընկրկում և այսօր ուշ երեկոյան էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում՝ Սկրիպալների թունավորման հարցով միջազգային հետաքննություն անցկացնելու պահանջով:

«Մենք կընդունենք միայն այն քննության արդյունքները, որին կկարողանանք լիարժեք մասնակցել», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

66-ամյա Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ 33-ամյա Յուլիային մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերել են բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց: Նրանց թունավորման համար Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին:

Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և երկու տասնյակ այլ երկրներ այս դեպքի հետ կապված ավելի քան 150 ռուսաստանցի դիվանագետների արտաքսեցին, ինչին Ռուսաստանը նույն կերպ պատասխանեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG