Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ում խստորեն քննադատեցին Ռուսաստանին


ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Նյու Յորք, 5-ը ապրիլի, 2018թ․
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Նյու Յորք, 5-ը ապրիլի, 2018թ․

Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները ՄԱԿ-ում խիստ քննադատություն են հնչեցրել Ռուսաստանի հասցեին՝ մեղադրելով Մոսկվային բրիտանական հողում ռազմական նյարդապարալիտիկ նյութի միջոցով քիմիական հարձակում կատարելու, այնուհետև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը օգտագործելով անկախ հետաքննությունը խոչընդոտել փորձելու մեջ:

«Մենք բոլորս գիտենք, թե ինչու է կատարվում այդ քննությունը: Այն պատճառով, որ ռազմական դասի նյարդապարալիտիկ նյութ է օգտագործվել՝ փորձ անելով բրիտանական հողի վրա քաղաքացիական անձանց սպանել», - մասնավորապես հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քերեն Փիրսը:

Հիշեցնենք՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը մերժեց ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հանգամանքներն ուսումնասիրելու համար նոր համատեղ հետաքննություն անցկացնելու Ռուսաստանի առաջարկը: Պաշտոնական Մոսկվան, այդուհանդերձ, երեկ ուշ երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց՝ Սկրիպալների թունավորման հարցով միջազգային հետաքննություն անցկացնելու պահանջով:

66-ամյա Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ 33-ամյա Յուլիային մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերել են բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց: Նրանց թունավորման համար Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին:

Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և երկու տասնյակ այլ երկրներ այս դեպքի հետ կապված ավելի քան 150 ռուսաստանցի դիվանագետների արտաքսեցին, ինչին Ռուսաստանը նույն կերպ պատասխանեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG