Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամիստ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը պաշտոնական Վաշինգտոնը կուսումնասիրի այն ժամանակ, երբ Անկարան ներկայացնի իր տրամադրության տակ եղած բոլոր ապացույցները, որոնք վերաբերում են Գյուլենին ներկայացվող նոր մեղադրանքներին: Այս մասին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Նավաս Oքսմանը:
«Արտահանձնման մասին որոշումը կկայացվի ելնելով այդ ապացույցների բնույթից և ամերիկյան օրենսդրությանը համապատասխան», - նշել է ամերիկացի պաշտոնյան:
Գյուլենի արտահանձնման հարցը թուրք-ամերիկյան հարաբերությունների օրակարգ վերադարձավ, երբ երկուշաբթի օրը տեղեկություններ հայտնվեցին, որոնց համաձայն՝ թուրքական դատախազությունը Ֆեթուլլահ Գյուլենին պաշտոնապես որպես մեղադրյալ է ներգրավել Անկարայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կարլովի` 2016-ի դեկտեմբերին տեղի ունեցած սպանության գործում:
Haberturk պարբերականի տեղեկություններով՝ օրերս Անկարայի երկրորդ քրեական դատարանը, մի քանի ժամ տևած նիստի արդյունքում, Գյուլենի ձերբակալության օրդեր է արձակել: «Դատական այդ նիստի ընթացքում Անկարայի դատախազ Ադեմ Աքինջին դատարանին է ներկայացրել նախաքննության մարմնի կողմից ձեռք բերած մի շարք տվյալներ, որոնց համաձայն՝ Ֆեթուլլահ Գյուլենն անձամբ է հրահանգել մահափորձ կազմակերպել Ռուսաստանի դեսպանի նկատմամբ», - տեղեկացնում է Haberturk-ը:
Գյուլենից բացի մեղադրանք է առաջադրվել ևս յոթ հոգու, այդ թվում՝ ոստիկանության նախկին սպա Էմրե Ուսլուին: Նրանց բոլորին թուրքական դատախազությունը մեղադրում է «սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունների և կանխամտածված սպանություն ծրագրելու» մեջ:
Թուրք իրավապահների համոզմամբ՝ Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած ընդհատակյա ցանցի անդամները Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը ծրագրել էին, որպեսզի խափանեն Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում առկա ճգնաժամի` 2016-ի տարեվերջին նախանշվող հանգուցալուծումը:
Հիշեցնենք, Ռուսաստանի Դաշնության դեսպանը սպանվեց 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում կազմակերպված ցուցահանդեսի բացման ժամանակ: Սպանության անմիջական հեղինակը` ոստիկանության աշխատակից Մևլութ Մերթ Ալթընթաշը, սպանվեց Կարլովի դեմ մահափորձից հաշվված րոպեներ անց` իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում:
Ֆեթուլլահ Գյուլենի` այս հանցագործությանը առնչության վերաբերյալ վարկածը պաշտոնական Անկարան առաջ քաշեց սպանությունից անմիջապես հետո: Այն ժամանակ, սակայն, թուրքական իշխանությունները որևէ ապացույց այդպես էլ չներկայացրեցին: Ավելին, թուրքական հատուկ ծառայությունները չկարողացան վերականգնել Մևլութ Ալթընթաշի համակարգչից հանցագործությունից անմիջապես առաջ հեռացված փաստաթղթերը: Հետագայում թուրքական կողմը ստիպված էր Ալթընթաշի համակարգիչը փոխանցել Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին, որոնք մի քանի ամիս շարունակ ուսումնասիրում էին դրա այսպես կոչված «հարդ դրայվը»` խոստանալով այլընտրանքային մեթոդներ կիրառել չեղարկված ֆայլերը վերականգնելու համար: Ի վերջո, ըստ Hurriyet-ի, ռուսաստանցի մասնագետներին հաջողվել է առնվազն երկու փաստաթուղթ վերականգնել, որոնցում հիշատակվել է Ֆեթուլլահ Գյուլենի անձը: Եվս 690 փաստաթղթերում հիշատակվում է Գյուլենի ղեկավարած «Հիզմեթ» շարժման անվանումը, գրում է թերթը:
Ուշագրավ է, ի դեպ, որ Անդրեյ Կարլովի սպանության թեման թուրքական կողմը որոշեց ակտիվացնել Ռուսաստանի նախագահի` Թուրքիա այցի մեկնարկից ժամեր առաջ: