Մատչելիության հղումներ

Պուտինը վաղը կմեկնի Անկարա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կմեկնի Անկարա, և սա նրա առաջին այցն է արտերկիր մարտի 18-ի նախագահական ընտրություններից հետո:

Երեքշաբթի օրը Անկարայում անցկացվելու է Ռուս - թուրքական համագործակցության բարձր խորհրդի 7-րդ նիստը, որի ժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, քննարկվելու են տարածաշրջանային խնդիրներ և երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Ակկույու ատոմակայանի կառուցման աշխատանքները: Պուտինի այցի շրջանակում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պաշտոնապես կհայտարարեն ատոմակայանի շինարարության աշխատանքների մեկնարկի մասին:

Ակկույու ատոմակայանը, հիշեցնենք, ռուսական «Ռոսատոմ»-ի հավակնոտ նախագիծն է, ու թեև ռուս-թուրքական բոլոր բանակցություններին հայտարարում են, որ այստեղ ամեն ինչ նորմալ է և կառուցման աշխատանքները մեկնարկելու են ըստ ծրագրի, ռուսական տարբեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, Ռուսաստանին մինչ օրս չի հաջողվել թուրքական ներդրողներ գտնել այս նախագծի համար:

Չորս բլոկից բաղկացած Ակկույու ատոմակայանը պետք է կառուցվի մինչև 2021 թվականը Միջերկրական ծովի ափին՝ Մերսին նահանգում: Համաձայնագիրը պաշտոնական Մոսկվան և Անկարան ստորագրել են դեռևս 2010-ին, կառուցման աշխատանքները պետք է սկսվեն այս տարի:

Նախագիծը արժե 22 միլիարդ դոլար: Մոսկվան նախատեսում էր կառուցման համար ստեղծված Akkuyu Nuclear ընկերության 49 տոկոսը վաճառել որևէ թուրքական ընկերության, երեք ընկերությունների հետ բանակցություններ էր վարում, սակայն ներդրողներ դեռ չի գտել: Ռուսական կողմը հայտարարում է, որ թուրքական ընկերությունները պարզապես պատրաստ չէին նման ծավալի ներդրումների:

Անկարան հայտարարում է, որ Ակկույու ատոմակայանը առաջնային նախագիծ է Թուրքիայի համար: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը այսօր հայտարարել է, մասնավորապես, որ Անկարան 60 տարի երազել է ատոմակայանի մասին: Ներդրողներ, սակայն, դեռ չկան:

Խնդիրներ կան նաև «Թուրքական հոսք» գազատարի կառուցման շուրջ: Այստեղ «Գազպրոմ»-ը մինչ օրս էլ չի ստացել Թուրքիայի իշխանությունների թույլտվությունը խողովակաշարը թուրքական տարածքում կառուցելու համար, այսպես՝ հունվարին ստացել է Սև ծովի հատակի թուրքական հատվածում աշխատանքների թույլտվությունը, սակայն ցամաքային հատվածում կառուցման հետ կապված խնդիրները մնում են։ Ռուսաստանը «Թուրքական հոսք»-ը սկսել է «Հարավային հոսք» գազատարի նախագծի տապալումից հետո։ «Թուրքական հոսք» ծրագիրն արժե 7 միլիարդ դոլար, և նպատակն է շրջանցելով Ուկրաինայի տարածքը՝ ռուսական գազը հասցնել եվրոպական երկրներ։ Փորձագետները նաև գրում են, որ առանց ադրբեջանական գազի «Թուրքական հոսք»-ը, որի աշխատանքները պետք է ավարտվեն եկող տարի, չի կարող արդյունավետ աշխատել: Նույն ռուսական աղբյուրները գրում են, որ Ռուսաստանի համար կարևոր այս ծրագրի իրագործումը Անկարան պարբերաբար կապում է քաղաքական օրակարգի, մասնավորապես՝ սիրիական հարցի հետ:

Ապրիլի 4-ին Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ռեջեփ Էրդողանին միանալու է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Եռակողմ հերթական հանդիպման օրակարգի հիմնական հարցը հենց Սիրիան է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG