Մատչելիության հղումներ

Փաստաբանը ՀՔԾ-ից պահանջելու է Մարտի 1-ին առնչվող տեսագրությունները


Փաստաբան Վահե Գրիգորյան

Եվրոպական դատարանում 2008 թվականի մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը հակադարձելով իշխող Հանրապետականի պատգամավոր, Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին՝ պնդում է, թե անցած 10 տարիներին իշխանությունները մերժել են իրենց տրամադրել գործի նյութերը, այդ թվում՝ արյունալի իրադարձությունների վերաբերյալ տեսագրությունները։

Ավելին, ըստ Գրիգորյանի, անձամբ Կոստանյանն է մերժել․ - «Պարոն Կոստանյանը 2016 թվականից ի վեր Կառավարության կողմից ներկայացված բոլոր դիրքորոշումներում ամենահետևողական կերպով առարկել է մեր այս իրավունքի դեմ: Հիմնավորել է, որ այդ իրավունքի մերժումը եղել է օրենքի շրջանակներում: Պնդել է, որ դա չի հանգեցրել որևէ իրավունքի խախտման, և որ Հատուկ քննչական ծառայության, Գլխավոր դատախազության, Կառավարության կողմից առհասարակ նման նյութերի չտրամադրումը չի կարող դիտվել իրավունքի խախտում, և դրանց մերժումը եղել է իրավաչափ»:

Կոստանյանը, մինչդեռ, անցած շաբաթ «Ազատությանն» ասել էր, որ տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները իրավունք ունեն ծանոթանալու դրանց:

Փաստաբան Վահե Գրիգորյանն այժմ պատրաստվում է դիմել գործը քննող Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով իրենց տրամադրել գործի նյութերը, այդ թվում և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մատնանշած՝ ավտոբուսի հետևից ցուցարարների կողմից ոստիկանների ուղղությամբ կրակ բացելու մասին տեսագրության պատճենները․ - «Մենք հետամուտ ենք լինելու պարոն Կոստանյանի կողմից կատարված հայտարարությանը, որի մասին տեղեկացրել ենք և՛ դատարանին, և՛ անմիջապես Հատուկ քննչական ծառայությանը՝ պահանջելով տեսագրությունները: Եվ ես հետամում եմ լինելու, որպեսզի դրա պատասխանը բոլոր մանրամասնություններով հրապարակվի հանրությանը: Մենք շատ ուրախ կլինենք հենց էս պահին ծանոթանալ բոլոր այդ տեսագրությունների հետ»:

Հիշեցնեմ՝ 2008 թվականի մարտի 1-ին իր հայտնի ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը, հիմնավորելով արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրը, ասել էր, թե զենք է կիրառվել ոստիկանական զորքի դեմ, որը զինված չէր հրազենով․ - «Կրակողը մեքենայի հետևից դուրս էր գալիս, կրակում զինվորների վրա և թաքնվում մեքենայի հետևից․․․»

Անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում Գևորգ Կոստանյանն ասել էր, թե գործում կա նաև այդ կրակոցների մասին տեսագրությունը՝ հավելելով, որ տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները կարող են ծանոթանալ գործի նյութերին, այդ թվում և այդ տեսագրությանը․ - «Տուժողի իրավահաջորդները ունեն Քրեական դատավարության օրենսգրքով բազմաթիվ իրավունքներ, այդ թվում՝ գործի նյութերի ծանոթանալու իրավունք»:

Փաստաբան Վահե Գրիգորյանը տարակուսած է Կոստանյանի այս հայտարարությունից: Նրա խոսքով՝ ՀՔԾ-ում 350-400 հատոր գործ է քննվում, դրանց չնչին մասն է տրամադրվել տուժողի ներկայացուցիչներին․ - «Պատճառաբանությունների բացակայությամբ նամակներով՝ հղում կատարելով միայն նախաքննության գաղտնիքին, բոլոր տուժողների իրավահաջորդների մասով մերժել են գործի նյութերին ծանոթանալ՝ այդ թվում նաև տեսագրություններին: Տեսագրությունները առաջնային կարևորության են եղել մեզ համար»:

Գրիգորյանը հավելեց, որ անցած տարիներին այս հարցը նաև դատարաններում է բարձրացրել՝ սպառելով երեք ատյանն էլ, բայց՝ ապարդյուն․ - «Այդ հարցը 2009-10 թվականներին մենք բողոքարկել ենք հանրապետության Գլխավոր դատախազին: Մենք Գլխավոր դատախազի առջև բարձրացրել ենք էդ հարցը՝ էնտեղ նշելով, որ դա տուժողի իրավահաջորդի իրավունք ա՝ տեսնել էդ տեսագրությունները, ծանոթանալ դրանց, այլ նյութերին: Որպեսի իր, որպես տուժողի իրավահաջորդի, մասնակցությունը գործընթացին արդյունավետ լինի: Կրկին բացարձակ մերժում ենք ստացել՝ անբովանդակ պատճառաբանությամբ»:

Գրիգորյանը պատմում է, որ Հայաստանի դատարաններում մերժում ստանալուց հետո դիմել է Եվրոպական դատարան՝ առանձին բողոքի տեսքով։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն «Ազատության» հետ զրույցում պնդում է՝ որպես տուժողի իրավահաջորդ անցած 10 տարիներին Հատուկ քննչական ծառայությունում մի քանի անգամ հարցաքննվել է, որի ընթացքում որևէ նյութի, տեսագրության չի ծանոթացել․ - «ՀՔԾ-ն իրավունք ունի, որ պաշտոնապես հրավիրի մեր փաստաբանին՝ գործի նյութերին ծանոթանալու: Իսկ ինչի՞ չի հրավիրում: Ասենք, հիմա էլ ուշ ա, մեր գործերը արդեն Եվրադատարանում ա, շուտով վճիռը կկայանա: Հիմա ծանոթացանք, իմաստը ո՞րն ա․․․ Առանց ծանոթանալու և՛ մեր փաստաբանը, և՛ մենք գիտենք ինչ ա կատարվել: Հատուկ քննչական ծառայությունը 2008 թվականի մարտի 1-ից մինչև էսօր՝ անցել ա տասը տարի, ոչ մի գործողություն չի կատարել»:

Որդեկորույս հայրը, որ ևս մասնակցելէ 2008-ի հետընտրական հանրահավաքներին, պնդում է՝ չի հիշում Ռոբերտ Քոչարյանի մատնանշած որևէ դրվագ, երբ ցուցարարները կրակ բացեին ոստիկանների ուղղությամբ․ - «Երբ որ երկրորդ նախագան պաշտոնապես հայտարարել ա, որ կա էսպիսի բան, որ կրակում են զինվորների վրա, բայց իրականում դա սուտ էր, չկա այսպիսի բան․․․ Հատուկ քննչական ծառայությունը երբեք էդպիսի փաստ մեզ չի ներկայացրել, որովհետև չկա էդպիսի բան: Գևորգ Կոստանյանը ինչքալ էլ ասում ա, խոսում ա, ինչքան դերասանություններ ա անում մատներով, ձեռներով․․․ դա միայն ու միայն բխում ա իշխանության շահերից»:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

XS
SM
MD
LG