Մատչելիության հղումներ

Ըստ փաստաբանի, «մարտի 1-ի» զոհերի հարցում Կոստանյանն ինքն իրեն հակասում է


Փաստաբան Վահե Գրիգորյան, արխիվ
Փաստաբան Վահե Գրիգորյան, արխիվ

Եվրոպական դատարանում «մարտի 1-ի» 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում պնդում է՝ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների վերաբերյալ կառավարության անունից Ստրասբուրգ ուղարկված պաշտոնական նամակում ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի արած պնդումը հակասում է օրեր առաջ Ազգային ժողովում նրա իսկ հնչեցրած հայտարարությանը։ Ըստ Գրիգորյանի, երկու տարբեր պաշտոններ զբաղեցնող Կոստանյանը նույն հարցի շուրջ տարբեր տեսակետներ է հայտնում։

«Նախ պարոն Կոստանյանի պատասխանների համադրությամբ կարող եմ ասել, որ միակը հստակ եզրահանգումն այս հարցի շուրջ այն է, որ նրա կողմից սույն գործի շրջանակներում արտահայտած պատասխանների մեջ նա հստակությունից հետևողականորեն խուսափում է»,- ասաց Գրիգորյանը:

Եվրոպական դատարանը դեռ 2016 թվականին Հայաստանի կառավարությանը մի շարք հարցեր էր ուղղել։ Մասնավորապես, դատարանը հետաքրքվել էր՝ արդյո՞ք զոհերի մահը հետևանք էր կիրառված ուժի, ինչը բացարձակապես անհրաժեշտ էր և համապատասխանում էր Եվրոպական կոնվենցիայի սահմանումներին։ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ կյանքից զրկելը չի համարվում այս հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է մի շարք դեպքերում։

Գևորգ Կոստանյանի ստորագրությամբ նամակում կառավարությունը պատասխանել է, որ գործադրված ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ և որ դրանով չի խախտվել քաղաքացիների կյանքի իրավունքը։ Երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հանրապետական խմբակցության պատգամավոր Կոստանյանը պարզաբանել էր, թե Եվրոպական դատարան ուղարկած նամակում գրել է ոչ թե քաղաքացիների՝ կյանքից զրկվելու հանգամանքների մասին, այլ միայն կիրառված ուժի անհրաժեշտության մասին։ Ըստ նրա, մահվան հանգամանքներն այժմ քննվում են ու ոչ ոք, քանի դեռ նախաքննությունը չի ավարտվել, չի կարող ասել՝ թե ինչպես զոհվեցին այդ 10 քաղաքացիները։

«Բարցարձակ անհրաժեշտ արտահայտությունը կոնվենցիոն արտահայտություն է: Կոնվենցիայի պահանջը վերաբերում է ուժի կիրառման բացարձակ անհրաժեշտությանը, այիսնքն՝ արդյո՞ք բացարձակ անհրաժեշտ է եղել ուժի կիրառումը, որովհետև սպանության կամ մարդու մահվան բացարձակ անհրաժեշտությունը՝ դա անհեթեթություն է, անգամ անհարմար եմ զգում նման բաները մեկնաբանելը: Սպանությունների պատճառը, մոտիվը, եղանակը, ով սպանեց, ոնց սպանեց, ինչ պայմաններում, այդ հարցերի պատասխանները տալու է նախաքննության մարմինը, հետևաբար՝ ես և որևէ մեկը չի կարող գնահատական տալ»,- ասել էր Կոստանյանը:

Փաստաբան Վահե Գրիգորյանը, մինչդեռ, հակադարձում է՝ գործադրված ուժի հետևանքով 10 քաղաքացի է զոհվել։ Նաև նշում է՝ Եվրոպական դատարանի հարցը շատ հստակ է եղել, որին էլ Գևորգ Կոստանյանը ժամանակին հստակ պատասխան է տվել: «ՄԻԵԴ-ը ուղիղ հարց էր տվել՝ արդյո՞ք դիմողների հարազատների մահը եղել է հետևանք այնպիսի ուժի, որի գործադրումը եղել է բացարձակապես անհրաժեշտ: Այլ խոսքով՝ դատարանը հարցնում է՝ արդյո՞ք զոհերին սպանելու հգամար ուժի գործադրումը եղել է բացարձակապես անհրաժեշտ: Խոսքը վերաբերում է միայն և միայն մահաբեր ուժին: Դա կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ մասի ուղիղ բովանդակությունն է: Այսինքն՝ կառավարությունը դատարանին ուղիղ տեքստով հայտնել է, որ այդ մահաբեր ուժի գործադրումը եղել է բացարձակապես անհրաժեշտ»,- ասում է Վահե Գրիգորյանը:

Թե ինչու է հիմա Գևորգ Կոստանյանն այլ բան ասում, փաստաբանը դժվարանում է պատասխանել այդ հարցին։ Միայն նշում է՝ Հայաստանի կառավարության շահերը Ստրասբուրգի դատարանում պաշտպանող Կոստանյանը հայտնվել է ոչ նախանձելի վիճակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG