Մատչելիության հղումներ

Մարտի 1-ին կրակող ցուցարարների տեսանյութ Փաստահավաք խումբը չի տեսել. Անդրանիկ Քոչարյան


«Մարտի 1»-ի գործով տեսանյութերը Փաստահավաք խմբին հասանելի են եղել, և այնտեղ մենք չենք տեսել այն պատկերը, որ ներկայացնում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։

«Տեսանյութերի մասին, որ խոսում են, այդ ամբողջը մեզ հասանելի է եղել Փաստահավաք խմբի գործունեության ընթացքում։ Մեր նամակագրության արդյունքում՝ Ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, քննություն իրականացնող մարմնի տվյալ նյութերին ծանոթանալու, մենք ստացել ենք նյութեր, մանրակրկիտ նայել ենք դրանք, և այնտեղ մենք չենք տեսել այն պատկերը, որ ներկայացնում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կրակող ցուցարարներին վերաբերող նյութ։ Մենք էլ շատ կուզենայինք տեսնել, հատկապես Փաստահավաք խմբի՝ իշխանությունը ներկայացնող փորձագետները», - ասաց Քոչարյանը։

Նա նշեց՝ եթե այդպիսի նյութեր լինեին, խումբը քննությունը կսկսեր հենց այդ նյութերից։

«Վստահաբար կարող ենք ասել, որ այդպիսի նյութերը պարզապես բացակայում են, իսկ այսօր, որ հայտարարում է նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը, դա ընդամենը լուծում է մեկ խնդիր՝ հեռացնել Ռոբերտ Քոչարյանին հնարավորինս հարցաքննության կանչելու հնարավորությունը», - պնդեց Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրավոր դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Քոչարյանը պետք է պարզաբանի, թե որտեղից իրեն տեղեկություններն այն մասին, որ ցուցարարները կրակ են բացել զինվորների վրա։

Գլխավոր դատախազությունից պատասխանել էին, որ «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Գևորգ Կոստանյանն «Ազատությանն» ասել էր, թե «Մարտի1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին չի հարցաքննել, քանի որ այն, ինչի մասին խոսել է Քոչարյանը, որ «ինչ-որ մարդիկ դուրս են գալիս մեքենաների հետևից և կրակում զինվորների վրա», այդ ամենը տեսաձայնագրություններով նախաքննական մարմինն ունի։

Փաշինյանը մինչդեռ պնդում է՝ նախաքննական մարմինը չի կարող ունենալ այդպիսի տեսաձայնագրություն: Եթե կա, ապա Գլխավոր դատախազությունը պետք է հրապարակի դրանք, հակառակ դեպքում պարտավոր կլինի հարցաքննել և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Կոստանյանին:

«Եթե որևէ մեկը հրապարակի Նիկոլ Փաշինյանի մատնանշած տեսաձայնագրությունը, նրան կարելի է դատի տալ՝ նախաքննության գաղտնիքը հրապարակելու համար», - հակադարձել է Կոստանյանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG