Մատչելիության հղումներ

«Քոչարյանին կանչենք, հարցաքննենք, որ ի՞նչ ասի»․ Գևորգ Կոստանյան


Ինչո՞ւ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին չհաջողվեց բացահայտել «Մարտի 1»-ը: «Ազատության» հետ զրույցում իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Կոստանյանը բացատրեց՝ ժամանակը բացասական հետևանքներ է թողել, գործով անցնող վկաների մի մասը երկրում չէ, ով էլ երկրում է, արդեն լավ չի հիշում:

Հիշեցնենք՝ Գևորգ Կոստանյանը գլխավոր դատախազ նշանակվեց 2013-ին՝ խոստանալով «Մարտի 1»-ի գործով «սայլը տեղից շարժել»:

«Ես որ դարձա գլխավոր դատախազ, արդեն հինգ տարի անցել էր։ Շատ վկաներ, որոնք կային, արդեն երկրում չեն, իրենց հայտնաբերելն է դժվար՝ մեկ, երկրորդը՝ շատ վկաներ, երբ որ հարցաքննում ես, իրենք արդեն չեն հիշում դետալներ, ասում են՝ «դե, արդեն տարիներ է անցել, լավ չենք հիշում»։ Այսինքն՝ ժամանակն իր բացասական հետևանքները թողնում է բոլոր դեպքերում։ Սուբյեկտիվ որևէ խոչընդոտի ես երբեք չեմ հանդիպել», - ասաց Կոստանյանը։

Հարցին, թե գործի կոծկում չկա՞, նախկին գլխավոր դատախազը պատասխանեց, - «Ռուզաննա ջան, ո՛չ»։

Գևորգ Կոստանյանը վստահեցնում է՝ որևէ մեկն իրեն չէր կարող հրահանգել չբացահայտել «Մարտի 1»-ի 10 սպանությունները, նման հարցադրումը նախկին գլխավոր դատախազն անգամ վիրավորական է համարում:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ գործով չի հարցաքննել Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կամ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես պահանջում է ընդդիմությունը, Կոստանյանը պատասխանեց՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով վկաներ չեն:

Կոստանյան. - Հիմա ես եմ գլխավոր դատախազն եղել էդ ժամանակահատվածում, ես ասում եմ՝ ինձ ոչ մեկ չէր կարող ասել՝ էս գործով սենց արա, կամ նենց մի արա։ Չէր կարող։ Ախր հարցադրումն ինքնին ինձ համար վիրավորական է։

«Ազատություն». - Այդ դեպքում, ինչպես Նիկոլ Փաշինյանը նշեց, ինչո՞ւ հարցաքննության չեք կանչել գործով կարևորագույն վկաներին, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ուզո՞ւմ էիք բացահայտել։

Կոստանյան. - Ես հիմա շատ հետաքրքիր բան ասեմ՝ հենց բերված օրինակի հետ կապված՝ իսկ ո՞վ է ասում, որ իրենք գործով վկա էին, իսկ ո՞վ է ասում, որ հենց Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին հարցաքննում ես, ուրեմն ամեն ինչ տեղն է։

«Ազատություն». - Քոչարյանը, ես հիշում եմ, տեսանյութում ասում էր՝ «մեքենայի հետևից դուրս են գալիս և կրակում են»։ Թող գար և ներկայացներ, թե ովքեր էին դուրս գալիս մեքենայի հետևից և կրակում։

Կոստանյան. - Քոչարյանը, որպես երկրի նախագահ, չէր կարող իմանալ, թե ով է կրակողը, Քոչարյանն ընդամենը փաստել է, որ կան նման ձայնագրություններ։ Իսկ ո՞վ է ասում, որ էդ ձայնագրությունները նախաքննության տրամադրության տակ չեն։

«Ազատություն». - Եթե ունե՞ք այդ ձայնագրությունները, տեսագրությունները, թե ովքեր են դուրս գալիս, կրակում, ի՞նչն էր Ձեզ խանգարում բացահայտել, թե ովքեր են կրակողները, ո՞ւմ գնդակներից են մարդիկ զոհվել։

Կոստանյան. - Հարգելի Ռուզաննա, խնդիրը հետևյալումն է՝ այն, որ մենք ասում ենք տեսաձայնագրություն կա, էդ չի նշանակում, որ այնտեղ դեմքերն էլ պարզ երևում են։

«Ազատություն». - Քոչարյանը, երբ որ խոսում էր, խոսում էր այնպես, որ դա կարծես ցուցարարներն են արել։ Եթե ոչինչ չի երևում, ինչո՞ւ էր նա մեղադրում ցուցարարներին, գուցե՞ ցուցարարները չէին, գուցե՞ հատուկ ուժեր էին իշխանությունների կողմից ուղարկված։

Կոստանյան. - Ռուզաննա ջան, Դուք հիմա մեկնաբանեցիք Քոչարյանի խոսքերը՝ «ինքը որ ասեց, նկատի ուներ»։ Ես չգիտեմ, թե ինքն ինչ նկատի ուներ։

«Ազատություն». - Դրա համար կանչեիք նրան, ինչո՞ւ չեք կանչել։

Կոստանյան. - Ասեմ՝ ինչու չեմ կանչել, որովհետև այն ինչ-որ Ռոբերտ Քոչարյանն ասել է իր հրապարակային ելույթով ձայնագրությունների հետ կապված, էդ ձայնագրությունները նախաքննության տրամադրության տակ են, եթե նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը էդ ձայնագրությամբ տեսել է այն, ինչ-որ տեսնում եմ ես էդ նույն ձայնագրությունից, կանչենք հարցաքննենք, որ ի՞նչ ասի։

Ի դեպ նախկին գլխավոր դատախազը չի ընդունում, որ «Մարտի 1»-ի իրադարձությունների պատճառը 2008-ի փետրվարի 19-ին կեղծված նախագահական ընտրություններն են, ինչպես Գևորգ Կոստանյանն է ձևակերպում, առիթը՝ ընտրությունների արդյունքների ոչ ճիշտ ընկալումն էր, կամ ընտրության արդյունքների հետ համաձայն չլինելու հանգամանքը, իսկ «Մարտի 1»-ն իր հիմքում ավելի խորքային պատճառներ ուներ՝ սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական:

«Ես չեմ կարող ինձ նման շռայլություն թույլ տամ ու ասեմ՝ կեղծ ընտրություններ, ընտրություններ», - ասաց Կոստանյանը։

«Ազատության» դիտարկմանը, թե փաստորեն չի ընդունում, որ ընտրությունները կեղծվել են, Կոստանյանն այսպես արձագանքեց. - «Ո՛չ, որովհետև նման փաստ չկա։ Կան նման գնահատականներ, բայց նման փաստ գոյություն չունի, և որևէ մեկը չի կարող նման փաստ ասել»։

Նշենք, որ այս տարի լրանում է 2008 թվականի «Մարտի 1»-ի արյունալի իրադարձությունների 10 տարին, և 10 տարի է արդեն նախաքննություն է ընթանում, սակայն իրավապահներին այդպես էլ չի հաջողվում պարզել՝ ո՞վ է մեղավոր 10 քաղաքացու սպանության համար:

Ի դեպ, անդրադառնալով «Ազատության» հարցին, թե արդյո՞ք իրեն հաջողվեց պարզել, թե ով էր կրակելու հրաման տվել այդ օրը՝ նախկին գլխավոր դատախազն ասաց, թե հրաման չի եղել, ոստիկաններն ինքնուրույն են գործել։

«Ազատություն». - Դուք եղել եք գլխավոր դատախազ և ուշադրության տակ էիք պահում «Մարտի 1»-ի բացահայտումը, կոնկրետ իշխանության ղեկավար օղակի՝ նախագահի, պաշտպանության նախարարի, կամ ոստիկանապետի կողմից եղե՞լ է կրակելու հրաման։

Կոստանյան. - Ո՛չ, դրա անհրաժեշտությունն էլ չի եղել։

«Ազատություն». - Դուք կարծում եք, որ ոստիկանները կգնայի՞ն և ինքնուրույն կրակելու որոշում կկայացնեի՞ն այդ իրավիճակում։

Կոստանյան. - Հենց դա եմ ուզում ասել՝ ոստիկանը պարտավոր է զենք գործադրել օրենքով նախատեսված հիմքերի դեպքում, պարտավոր է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG