Մատչելիության հղումներ

Սարգիս Քլոյան․ «Այս տասը տարվա մեջ մեր իշխանությունից ոչ մի աջակցություն չենք ստացել»


Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը

2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների զոհերի հարազատները պնդում են, թե անցած տասը տարիներին պետությունն իրենց դրամական փոխհատուցում չի տրամադրել։ Փոխհատուցման մասին անցած ամիս խոսել էր իշխող Հանրապետականի պատգամավոր, 2013-2016 թվականներին Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ փոխհատուցման մասին իրենց ոչ ոք երբևէ ոչինչ չի ասել։

«Այս տասը տարվա մեջ մեր իշխանությունից ոչ մի աջակցություն չենք ստացել՝ ո՛չ բարոյապես, ո՛չ նյութապես: Ոչ մի բան: Ընդհակառակը, դեռ մի բան էլ մեղադրում են մեզ, որ՝ ձեր երեխաները ինչո՞ւ գնացեին․․․ քիչ էր մնում արդեն հայրենիքի դավաճան անվանեին», - նշեց նա:

Հիշեցնեմ՝ անցած ամիս խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել ընդդիմադիր ելքի՝ մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարության նախագիծը, հետագայում խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին: Այս նախագծով «Ելք»-ը առաջարկում է բարձրացնել զոհերի հարազատների փոխհատուցման հարցը։ Խորհրդարանում, ի պատասխան, «Ելք»-ի, Գևորգ Կոստանյանը ուշագրավ հայտարարություն էր արել, ասելով, թե դեռևս 2014 թվականից սկսած Մարտի 1-ի զոհերի հարազատները կարող են պետությանը դիմել փոխհատուցում ստանալու համար․ - «Կա օրենք, ըստ որի մարդիկ՝ Մարտի 1-ի արդյունքում զոհված, սպանված անձի իրավահաջորդը, այսօր ևս՝ 2014-15 թվականից, անկախ նրանից ինքը այսօրվա քրեական գործով ճանաչված է որպես տուժող, թե ոչ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածի հիմքով արդեն իրավունք ունի դիմել փոխհատուցման համար»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ի պատասխան Կոստանյանի՝ ասել էր․ - «Որ մեզ ասում եք՝ Մարտի 1-ի զոհերը կարող էին օգտվել այդ իրավունքից․․․ բա Դուք գլխավոր դատախազ էիք, Մարտի 1-ի զոհերի հարազատներին ընդունել էիք: Էդ մեր ցավն ա․․․ բա ինչի՞ չեք ասել՝ հարգելի՛ հարազատներ, էս ի՞նչ եք էս ընդդիմության խելքին ընկել, հեսա՝ օրենքը մեծամասնությունն ընդունել ա, իմ ընկեր իրավաբաններին էլ կասեմ՝ ձեզ կաջակցեն»:

Փաստորեն, 2014-ից կա օրենք, որի մասին Մարտի 1-ի զոհերի հարազատները չգիտեն։

Երևանի կենտրոնում »Չերյոմուխա 7» զինատեսակի կիրառումից զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն ասում է, որ եթե կա նման հնարավորություն, ապա իրավասու մարմինները պարտավոր էին իրենց տեղյակ պահել, աջակցել դիմումներ գրելու հարցում: Կինը՝ Ազատուհի Մանուկյանն էլ պնդում է, որ Կոստանյանը փոխհատուցման հնարավորության մասին նրանց չի ասել 2014-ի նոյեմբերին, երբ որպես գլխավոր դատախազ ընդունել էր զոհերի հարազատներին․ - «Դա մեզ համար անակնկալ է: Չեն ասել ոչ մի բառ»:

Մարտի 1-ի զոհ Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ևս պնդեց՝ տեղյակ չեն նման փոխհատուցումից։ Ասաց, որ փոխհատուցումը կօգներ բարեկարգել տասը տարի առաջ զոհված որդու գերեզմանը, ինչպես նաև օգնել անհայր մեծացող թոռնիկին․ - «Գումարի կարիքը կա, որովհետև մենք ունենք որբ մնացած երեխա, որին պետք ա իրա նպատակին հասցնենք, դպրոց ա գնում: Մենք ունենք կիսակառույց գերեզման, մենք արդեն վաթսունն անց մարդիկ ենք՝ թոշակառու: Ասենք՝ պիտի մեր երեխան մեծանար, մեզի պահեր՝ մենք հիմա աշխատում ենք, որ իրա էրեխուն պահենք: Ինչքանո՞վա էտի ճիշտ»:

Մարտի 1 զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ տարիներ առաջ ընտանիքով Բելգիա մշտական բնակության տեղափոխված Ալլա Հովհաննիսյանը, ևս «Ազատության» հետ զրույցում ասաց՝ առաջին անգամն է նման փոխհատուցման մասին լսում։ Որդեկորույս մայրն ասաց, որ չի հավատում տասը տարի զոհերի մահվան մեղավորներին չբացահայտած իշխանության բարի կամքին․ - «Նրանք ուզում են ինչ-որ քայլ անեն, Եվրոպային ինչ-որ բան ցույց տան: Ես չգիտեմ՝ համենայնդեպս բարի կամք ես չեմ տեսնում»:

Արմեն Ֆարմանյանի հայրն էլ՝ Վաչագան Ֆարմանյանը, «Ազատության» հետ զրույցում քննադատելով անցած տասը տարիների ընթացքում իշխանություններին՝ վարած քննության համար, այլ հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում․ - «Էդ ո՞նց ա՝ խանութի ապրանքը որ գողացել էին, տարել (իրանք էին, ո՞վ էր գողացել, ոչ մեկն էլ չէր գողացել՝ իրանք արեցին), էդ ոնցա՞ օգնություն տվեցին, վերջի կապեկն էլ տվեցին էդ տիրոջը»:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները բռնի ուժի գործադրմամբ ցրեցին ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքող՝ Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների ճամբարը: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: 2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG