Մատչելիության հղումներ

ԵՄ ԱԳ նախարարները Մոսկվային կոչ են անում հրատապ արձագանքել Լոնդոնի մեղադրանքներին


Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Բրյուսելում զրուցում է լրագրողների հետ, 19-ը մարտի, 2018թ․
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Բրյուսելում զրուցում է լրագրողների հետ, 19-ը մարտի, 2018թ․

Եվրամիության 28 երկրների արտգործնախարարները այսօր ամենախիստ կերպով քննադատեցին ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը՝ կոչ անելով Ռուսաստանին հրատապ արձագանքել Մեծ Բրիտանիայի մեղադրանքներին:

«Եվրամիությանը ցնցել է Ռուսաստանում մշակված նյարդապարալիտիկ նյութի կիրառումը Եվրոպայի տարածքում, որն առաջին դեպքն է վերջին 70 տարում», - նշում է արտգործնախարարների այսօր ընդունած հայտարարությունը, ընդգծելով՝ եվրոպական ընտանիքը ծայրահեղ լուրջ է վերաբերվում Մեծ Բրիտանիայի գնահատականներին, ըստ որոնց՝ Ռուսաստանի Դաշնությունն է այս թունավորման պատասխանատուն:

«Ծանոթանալով Մեծ Բրիտանիայի ներկայացրած վերլուծությանը՝ ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի մեղավորությունից բացի որևէ այլ խելամիտ բացատրություն չկա», - հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարարը:

Դատապարտելով Կրեմլին ու փաստելով, որ քիմիական զենքի կիրառումը խախտում է միջազգային նորմերը, Եվրամիության արտգործնախարարները միաժամանակ դեռ չեն հստակեցնում՝ ինչ հնարավոր քայլեր կարող են կիրառվել Կրեմլի նկատմամբ:

«Անշուշտ, մեզ միշտ չէ, որ հաջողվում է միասնական դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում, սակայն, կարծում եմ, այս քննարկումը լավ հիմք կդառնա հետագա քայլերի համար, և այս առումով շատ, շատ կարևոր է, որ մենք միասնաբար մեր համերաշխությունն ենք հայտնում Միացյալ Թագավորությանը», - նշել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալյստրոմը:

Դիվանագիտական այս ջանքերին զուգահեռ, այսօր Հաագայից Լոնդոն են ժամանել Քիմիական զենքի կիրառումն արգելող միջազգային կազմակերպության փորձագետները, որոնց Միացյալ Թագավորությունը մտադիր է փոխանցել Ռուսաստանի դեմ ունեցած փաստերն ու ապացույցները: «Դրանք կստուգվեն աշխարհի ամենահեղինակավոր և վստահելի լաբորատորիաներում», - երեկ հայտարարել էր արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, տեղեկացնելով՝ փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան շուրջ երկու շաբաթ անց:

Մինչ այդ, Մոսկվան շարունակում է կտրականապես հերքել իր հասցեին հնչող մեղադրանքները: Երեկ՝ չորրորդ անգամ հաղթանակ տանելով նախագահական ընտրություններում, Վլադիմիր Պուտինը հայտարարեց՝ ողբերգության մասին լրատվամիջոցներից է իմացել, Ռուսաստանի անմեղությունը ապացուցելու համար էլ, պնդեց, պահն էր անհարմար:

«Առողջ բանականությամբ յուրաքանչյուր մարդ հասկանում է, որ լիակատար անհեթեթություն և զառանցանք է կարծել, թե Ռուսաստանում ինչ-որ մեկն իրեն թույլ կտար նման քայլի գնալ նախագահական ընտրությունների և Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին», - ասաց Պուտինը:

Ավելին, Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե Լոնդոնը պարտավոր է պատասխան տալ իր հայտարարությունների համար: «Վաղ թե ուշ նրանք ստիպված են լինելու կա՛մ ապացույցներ ներկայացնել՝ այդ մերկապարանոց մեղադրանքները հիմնավորելու, կա՛մ ներողություն խնդրել», - ասել է նա:

Արձագանքելով Կրեմլից հնչող այս հայտարարություններին՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը այսօր Բրյուսելում պնդել է՝ իր մեղսակցությունը հերքելու Ռուսաստանի փորձերը գնալով դառնում են առավել անհեթեթ:

«Նրանք մեկ ասում են, թե երբեք «Նովիչոկ» չեն արտադրել, հետո թե՝ արտադրել են, սակայն պաշարներն են վերացրել, վերջում էլ թե՝ այդ նյութի մի մասը խորհրդավոր կերպով հասել է Շվեդիա, Չեխիա, Սլովակիա, անգամ՝ Միացյալ Նահանգներ ու Մեծ Բրիտանիա: Սա Ռուսաստանի դասական ռազմավարությունն է՝ ճշմարտության ասեղը թաղել ստի դեզի մեջ: Հստակ է, որ Լիտվինենկոյի մահվանից 12 տարի անց ռուսները Լոնդոնում այլևս որևէ մեկի չեն կարող հիմարացնել», - հայտարարել է Ջոնսոնը:

ԿԳԲ-ի և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից, հետագայում Պուտինի կոշտ քննադատ Ալեքսանդր Լիտվինենկոն թունավորվել էր 2006-ին՝ «Պոլոնիում-210» ռադիոակտիվ նյութով: Երկարատև քննությունից հետո բրիտանացի քննիչները հայտարարել էին՝ սպանությանը, ամենայն հավանականությամբ, հավանություն են տվել անձամբ նախագահ Պուտինն ու Անվտանգության դաշնային ծառայության այն ժամանակվա ղեկավար Նիկոլայ Պատրուշևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG