Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ապացույցները ներկայացնել միջազգային փորձագետներին


Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոն, արխիվ
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոն, արխիվ

Լոնդոնը ապացույցներ ունի, որ Ռուսաստանը վերջին տասը տարիների ընթացքում արտադրել և կուտակել է նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութի պաշարներ, որով թունավորվել են ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը, երեկ BBC- ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը: Բորիս Ջոնսոնը տեղեկացրել է, որ այսօր Լոնդոնը Ռուսաստանի դեմ ունեցած փաստերն ու ապացույցները ներկայացնելու է միջազգային փորձագետներին:

«Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության տեխնիկական փորձագետները Հաագայից կգան Բրիտանիա, մենք նրանց կտրամադրենք մեր ունեցած նմուշները, որոնք փորձաքննության կենթարկվեն աշխարհի ամենահեղինակավոր և վստահելի լաբորատորիաներում», - ասել է Ջոնսոնը:

Մոսկվան շարունակում է պնդել, թե որևէ առնչություն չունի Բրիտանիայի օգտին լրտեսության համար դատապարտված, ապա Արևմուտքում բացահայտված ռուս լրտեսների հետ փոխանակված Սկրիպալի թունավորման հետ:

Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը երեկ նույնիսկ պնդել է, թե թունավոր նյութը գուցե ստեղծվել է Բրիտանիայի պաշտպանության նախարարության՝ Պորտոն Դաուն քաղաքում գտնվող գիտատեխնիկական լաբորատորիայում, որը Սոլսբերիից ընդամենը 12 կիլոմետր է հեռու: Սկրիպալներին անգիտակից վիճակում երկու շաբաթ առաջ հենց այդ քաղաքում էին հայտնաբերել, նրանց վիճակը մինչ օրս գնահատվում է ծայրահեղ ծանր:

«Երբ դու նյարդապարալիտիկ կամ այլ նյութ ունես, այն համեմատում ես այն նմուշների հետ, որ պահում ես քո լաբորատորիաներում: Պորտոն Դաունը, ինչպես գիտենք, ամենամեծ ռազմական կառույցն է Միացյալ Թագավորությունում, որտեղ քիմիական զենքի ուղղությամբ հետազոտություններ են իրականացվում, և այն իրականում ընդամենը 8 մղոն է հեռու Սոլսբերիից», - հայտարարել է Չիժովը:

Ռուս բարձրաստիճան դիվանագետը նաև պնդել է, թե այս ոլորտում մասնագիտացած որոշ գիտնականներ Խորհրդային Միության փլուզումից հետո հեռացել են Ռուսաստանից և հիմա ապրում են Միացյալ Թագավորությունում:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը «ծաղր» է որակել Չիժովի այդ ակնարկները:

Երկու շաբաթ առաջ ծագած սկանդալից հետո վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին մեղադրել է Բրիտանիայի տարածքում երեք մարդու թունավորման մեջ՝ արտաքսելով 23 ռուս դիվանագետների, ինչին հետևել է Մոսկվայի հայելային պատասխանը:

Չի բացառվում, որ առաջիկայում դիվանագիտական այս լարվածությունը է՛լ ավելի խորանա. Մեծ Բրիտանիան հայտարարում է, թե այժմ բանակցում է արևմտյան դաշնակիցների հետ՝ Կրեմլի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու շուրջ: Ակնկալվում է, որ այսօր արտգործնախարար Բորիս Ջոնսոնը թեման կքննարկի եվրոպացի գործընկերների ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Յենս Ստոլտենբերգի հետ, ով հայտարարել էր, թե Ռուսաստանի գործողությունները գնալով դառնում են առավել ագրեսիվ ու անկանխատեսելի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG