Մատչելիության հղումներ

Պուտինը հաղթեց նախագահական ընտրություններում


Ռուսաստանի գործող նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Մանեժնայա հրապարակում կազմակերպված հանրահավաքին, Մոսկվա, 18-ը մարտի, 2018թ․

Մոսկվայում կազմակերպված հանրահավաքում Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, թե իր հաղթանակն անխուսափելի էր:

Կիրակի օրը Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն, քվեաթերթիկների 99.75 տոկոսի հաշվարկի արդյունքում՝ գործող նախագահը ստացել է ձայների 76.67 տոկոսը: Այսքան շատ ձայն Պուտինը չէր հավաքել ո՛չ 2004, ո՛չ 2012 թվականներին: Այսքան ձայն չէին հավաքել ոչ Բորիս Ելցինը, ո՛չ 2008-ին Պուտինի ժառանգորդ Դմիտրի Մեդվեդևը:

Երկրորդ տեղում է կոմունիստների թեկնածու Պավել Գրուդինինը՝ 11.79 տոկոս արդյունքով: Այս քիչ ձայն կոմունիստները չէին Ռուսաստանի նորագույն պատմության ընթացքում:

Լիբերալ թեկնածուների համարվող Քսենյա Սոբչակը, Գրիգորի Յավլինսկին և բիզնես օբմուդսմեն Բորիս Տիտովը միասին հավաքել են ընդամենը 3 տոկոս, որից 1.6 տոկոսը Սոբչակի օգտին տրված ձայներն են:

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ստացել է 5.66 տոկոս: Քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո նա հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով։

Նա, մասնավորապես, ասել է, թե հնարավոր է, որ սրանք վերջին նախագահական ընտրություններին էին Ռուսաստանում՝ հավելելով, որ երկրում կարող է ստեղծվել Պետական խորհուրդ, որի ղեկավարը կստանձնի երկրի ղեկավարի լիազորությունները: ՌԴ սահմանադրությունն արգելում է Պուտինին առաջադրվել 2024-ին կայանալիք նախագահական ընտրություններին, և իշխանությունը պահելու համար նա պետք է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի:

Այս սցենարը չեն բացառում նաև փորձագետները:

Քաղաքական գործիչ Լեոնիդ Գոյզմանի խոսքով, այն հանգամանքը, որ Պուտինը ստացել է 70 տոկոսից ավելի ձայն, նրան թույլ է տալիս անել ամեն ինչ․ - «Եվ շատ հավանական է, որ Պուտինը փոխի Սահմանադրությունը»:

65-ամյա Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ է ընտրվում Ռուսաստանի Դաշնության նախագահ:

Երեկ երեկոյան Պուտինը ելույթ է ունեցել Մանեժի հրապարակում կազմակերպված հանրահավաքին: Նա հայտարարել է, թե հաղթանակն «անխուսափելի էր»:

Իսկ լրագրողների հետ հանդիպմանը նա ասել է, որ կառավարության կազմի և նոր վարչապետի մասին կհայտարարի երդմնակալությունից հետո: Սահմանադրական փոփոխությունների մասին հարցին նա պատասխանել է, որ «առայժմ նման բան չի նախատեսում»:

Քսենյա Սոբչակը, դեռևս քվեարկության ընթացքում, «Նավալնի լայվ»-ի ուղիղ եթերում Ալեքսեյ Նավալնիին առաջարկել է համագործակցել իր և նախկին պատգամավոր Դմիտրի Գուդկովի ստեղծած կուսակցության հետ: Նավալնին դատապարտել է Սոբչակին իշխանություններին օգնելու համար և մերժել է առաջարկը:

Ընտրախախտումների մասին ահազանգել են անկախ լրատվամիջոցները, «Գոլոս» իրավապաշտպան կազմակերպությունը: Խոսքը բոլոր դասական ընտրախախտումների մասին է՝ լցոնումները, ավտոբուսներով մարդկանց ընտրատեղամասեր բերելը: «Վեդոմոստի» պարբերականը գրել է, որ գիշերվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրողների թիվն ավելացրել է 1.5 միլիոնով: Երեկ, ԿԸՀ-ի տվյալներով, ընտրողների թիվը կազմում էր 107 մլն 200 հազար մարդ, իսկ այսօր՝ արդեն 108 մլն 600 հազար:

Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող ռուսաստանցիների շուրջ 67.5 տոկոսը

Միջազգային դիտորդներն առայժմ հայտարարություններ չեն արել: Այս պահի դրությամբ արևմտյան երկրների ղեկավարները դեռ չեն շնորհավորել Պուտինին:

Մոսկվայում, վերջին տվյալներով, Պուտինը ստացել է 70 տոկոս, Սանկտ Պետերբուրգում՝ 75 տոկոս, իսկ, օրինակ, Չեչնիայում և Ղրիմում՝ 90 տոկոսից ավելի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խախտումների փաստերով 11 քրեական գործ է արձանագրել և ուղարկել ներքին գործերի նախարարություն:

Այսօր ցերեկը միջազգային դիտորդներն իրենց գնահատականը կտան: ԵԱՀԿ-ը, օրինակ, շուրջ հարյուր դիտորդ է ուղարկել Ռուսաստան:

Այսօր ավելի ուշ հայտնի կդառնա նաև, թե կազմակերպելո՞ւ է արդյոք ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բողոքի հանրահավաքներ:

Նավալնիին, հիշեցնենք, ԿԸՀ-ը չի գրանցել որպես նախագահի թեկնածու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG