Հայ ժողովրդի արդի պատմության շրջադարձային տարեթվերի շարքին կարելի է դասել 1992 թվականի մարտի 2-ը, երբ Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ, «մեր պետականության խորհրդանիշ եռագույնը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև»։ Այս մասին գրել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Դիվանագետի օրվա կապակցությամբ իր հոդվածում:
«Բազմախորհուրդ, բայց միևնույն ժամանակ օրինաչափ է, որ հենց մարտի 2-ը սահմանվեց որպես Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օր», - ընդգծում է Նալբանդյանը: - «Անկախության հռչակմանը զուգահեռ, ի թիվս մի շարք այլ ոլորտների, դրվեցին նաև մեր նորանկախ պետության դիվանագիտության հիմքերը: <…> Թեև 26 տարին ակնթարթ է պատմության տեսանկյունից, սակայն այդ կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց ձևավորել մեր դիվանագիտության ձեռագիրը, որն այսօր հայտնի է աշխարհին որպես սկզբունքային, հետևողական, հավասարակշիռ, պատասխանատու և վստահելի»։
«Այս տարիների ընթացքում հայկական դիվանագիտությունը բազում փորձություններ է հաղթահարել, կոփվել և կատարելագործվել: Միջազգային հարաբերություններում մեր պետությունն ընկալվում է ոչ միայն որպես հայ ժողովրդի շահերի, այլև համամարդկային արժեքների պաշտպան: Այսօր Հայաստանը՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի ներկայացուցիչ կանգնած է մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերի առաջին շարքերում և համարվում է այդ առաքելության առաջամարտիկ», - նշում է Հայաստանի արտգործնախարարը՝ շարունակելով․ - «Մենք սատար ենք կանգնում Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին՝ միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնախնդիրների բացառապես խաղաղ կարգավորմանը, պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա։ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է գլոբալ խնդիրների լուծմանն ուղղված միջազգային գործընթացներում և նախաձեռնություններում՝ զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը, միջազգային խաղաղապահությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ազգային և կրոնական ինքնության հողի վրա խտրականության ու բռնությունների զոհերի պաշտպանությանը, միգրացիոն, փախսատականների խնդիրների արձագանքմանը և համաշխարհային կարևորության այլ ուղղություններով»։
Ղարաբաղի հարցում «մենք և միջազգային հանրությունը խոսում ենք գրեթե մեկ լեզվով»
Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային խնդիրն է եղել և մնում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը, շեշտում է Նալբանդյանը․ - «Մենք շարունակաբար աջակցություն ենք հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին և կարողացել ենք չեզոքացնել այն ձևափոխելու, բանակցային գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու Բաքվի փորձերը։ Հակամարտության հանգուցալուծման գործընթացում վերջին տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ: Իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Հիմնախնդրի կարգավորման գործընթացի առանցքում ընդունված փաստաթղթերի շարքում առանձնանում են 2009թ.-ից սկսած համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով լ՛Աքվիլլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում, Էնիսկիլենում ընդունված հայտարարությունները, որտեղ ամրագրվեցին հիմնախնդրի կարգավորման միասնական և անբաժանելի հիմք հանդիսացող սկզբունքներն ու տարրերը։ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, պատրաստակամություն հայտնեց դրանց հիման վրա շարունակելու բանակցությունները՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը»։
«Եթե Ադրբեջանը տարիներ շարունակ պնդում է, որ ղարաբաղյան հիմնահարցը պետք է կարգավորվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ապա համանախագահ երկրների ղեկավարների այդ հայտարարություններով ամրագրվում է, որ հակամարտությունը լուծվելու է հիմնվելով միջազգային իրավունքի ոչ թե մեկ, այլ երեք սկզբունքների վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում։ Եռանախագահող երկրները հստակ նշեցին, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, իր իրավական միջազգային պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Անգամ Ադրբեջանի ղեկավարն է խոստովանում, որ փակ դռների հետևում իր վրա ճնշում են գործադրում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Եռանախագահող երկրների հայտարարություններում հրապարակայնորեն ամրագրվեցին նաև թե՛ Արցախի ու Հայաստանի միջև ցամաքային կապը, թե՛ անվտանգության բամզաշերտ երաշխիքները։ Վերոհիշյալ այս բոլոր դրույթներն ի սկզբանե հանդիսացել են մեր դիրքորոշման անկյունաքարը, իսկ այժմ դարձել են միջազգային հանրության մոտեցում: Սա ցույց է տալիս, թե որքան համահունչ են մեր և միջազգային հանրության տեսակետները, որ մենք խոսում ենք գրեթե մեկ լեզվով», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասված է Նալբանդյանի հոդվածում:
«Մեր դիվանագիտական աշխատանքի շնորհիվ ամրագրվեց և 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին վերահաստատվեց, որ հիմնահարցի բանակցային կարգավորումն այլընտրանք չունի։ 1994-95թթ. եռանկողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերից հետ կանգնելու Արդբեջանի փորձերին ի պատասխան Հայաստանը և եռանախագահ երկրները շարունակաբար շեշտում են, որ դրանք պետք է անշեղորեն իրականացվեն», - գրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը՝ արտաքին քաղաքական առաջնահերթություն
«Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հանդիսանում են մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների բաղկացուցիչ մաս: Տարեցտարի մեծանում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչած պետությունների, միջազգային կառույցների թիվը: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն առանձահատուկ միջազգային հնչեղություն ունեցան։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորելուն միտված մեր նախաձեռնությունը շեշտակիորեն ավելացրեց Մեծ Եղեռնի մասին միջազգային հանրության տեղեկացվածությունը։ Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ միաձայն բանաձևեր ընդունվեցին, մեր ջանքերի շնորհիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկետեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր», - նշում է Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանը ընդլայնել է իր հարաբերությունների աշխարհագրությունը
Ըստ նրա, Հայաստանը ընդլայնել է իր հարաբերությունների աշխարհագրությունը, ամրապնդել է բարեկամ և գործընկեր պետությունների հետ փոխշահավետ համագործակցությունը։
«Հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական հարաբերությունները նոր թափ ստացան, նշանավորվեցին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պետական այցերով։ Ստորագրվեց 200-ից ավել երկկողմ փաստաթուղթ, ռուսաստանյան ներդրումները մեր երկրում գերազանցեցին 3 մլրդ դոլարը, ռուսական կապիտալով ընկերությունների թիվն անցավ 2000-ը: Պայմանագրային ամրագրում ստացավ Հայաստանում ՌԴ ռազմաբազայի՝ ՀՀ Զինված ուժերի հետ համատեղ, Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործառույթը», - ասված է հոդվածում:
«Որակապես նոր մակարդակի վրա բարձրացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերությունը՝ ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, շեշտակիորեն աճեցին ամերիկյան ներդրումները, ՀՀ քաղաքացիների համար դյուրացվեց ԱՄՆ մուտքի արտոնագրային ռեժիմը», - շարունակում է Նալբանդյանը:
«Հետևողականորեն ամրապնդվեցին մեր ավանդական բարիդրացիական ու բազմաբովանդակ հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ», - նշում է նա: - «Մեզ հաջողվեց ընդլայնել ավանդական բարեկամական գործընկերությունը Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Կիպրոսի, Վատիկանի, Իտալիայի, արևելյան ու կենտրոնական Եվրոպայի, սկանդինավյան ու եվրոպական այլ երկրների հետ։ Լուրջ առաջընթաց արձանագրվեց Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի ու Կորեայի Հանրապետության հետ հարաբերություններում։ Փոխշահավետ համագործակցություն է ծավալվել արաբական աշխարհի, ասիական տարածաշրջանի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի մի շարք պետությունների հետ»:
«Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի նախաձեռնությունը ստացավ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը։ Հայաստանը կարողացավ առաջ տանել այս գործընթացը` հավատարիմ լինելով ձեռք բերված համաձայնություններին, ի տարբերություն Թուրքիայի, որն իր մեջ ուժ չգտավ ձերբազատվելու իր կարծրատիպերից՝ խախտելով միջազգային հարաբերությունների անկյունաքարային՝ pacta sunt servanda` համաձայնությունները պետք է հարգվեն սկզբունքը», - ասված է Հայաստանի արտգործնախարարի հոդվածում:
Անդամակցություն ԵԱՏՄ-ին, ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրում
«Անկախությունից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից եղել և շարունակում է մնալ միջազգային կառույցներում և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածության խորացումը։ Մենք անդամակցեցինք Եվրասիական տնտեսական միությանը, ինչը բխում է մեր ռազմավարական, տնտեսական շահերից և լուրջ հեռանկարներ է բացում մեր երկրի զարգացման համար: Հանդիսանալով ԵԱՏՄ ակտիվ անդամ, Հայաստանն իր իրատեսական քայլեորվ ապացուցեց, որ կարող է նաև արդյունավետ համագործակցություն ծավալել ինտեգրացիոն այլ գործընթացների շրջանակներում և այս առումով Հայաստանի փորձն այսօր օրինակելի է համարվում միջազգային հանրության կողմից», - գրել է Նալբանդյանը:
«Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների կարևոր հանգրվաններից դարձավ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որն արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության ողջ ծավալը և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները», - ասված է հոդվածում:
«Այս տարի, երբ մենք նշում ենք աշխարհի գրեթե կեսը միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության վեցերորդ տարեդարձը, Երևանը հյուրընկալելու է հիսունամյա պատմություն ունեցող այս կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը՝ մեր անկախությունից ի վեր իր ծավալով բարձր մակարդակի ամենաընդգրկուն միջոցառումը ու ստանձնելու ենք կառույցի երկամյա նախագահությունը։ Սա միջազգային հանրության կողմից Հայաստանի նկատմամբ վստահության և համերաշխության ևս մեկ դրսևորում է», - շարունակում է արտգործնախարարը:
«Միջազգային տարբեր կառույցներ, ներառյալ` Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ մարմինները ողջունել են Հայաստանում հետևողականորեն իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներում արձանագրված առաջընթացը, սահմանադրական փոփոխությունները, մեր երկրում անցկացված ընտրությունները», - նշում է Էդվարդ Նալբանդյանը:
«Հայկական դիվանագիտության մշտական ուշադրության կենտրոնում է արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների ու շահերի պաշտպանությունը: Հայաստանից դուրս ապրող մի քանի միլիոնանոց հայկական սփյուռքի ներկայացուցիչները, որոնք, անհրաժեշտության դեպքում, աշխարհի ցանկացած կետում կարող են ստանձնել «հայ ժողովրդի դեսպանի» պատասխանատվությունը, յուրահատուկ առավելություն են շնորհում մեր դիվանագիտությանը», - ընդգծում է նախարարը:
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 175 պետության հետ, արտերկրում ու միջազգային կառույցներում ունի շուրջ յոթ տասնյակ ներկայացուցչություններ, ստորագրել է մոտ 2000 միջազգային պայմանագիր: Նախագահի և այլ բարձր մակարդակով կատարվել են հազարից ավել փոխայցելություններ:
«Թվային դարաշրջանին համահունչ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը լայնորեն կիրառում է տեղեկատվական տեխնոլոգիաները, մեր տեսակետներն ու մոտեցումներն առավել հասանելի և ընկալելի դարձնելով արտերկյա հասարակության լայն շրջանակներին: 2009թ.-ին հիմնադրված Դիվանագիտական դպրոցը ոչ միայն որակյալ երիտասարդ կադրեր է պատրաստում արտաքին գործերի նախարարության համար, այլև վերապատրաստում է պետական գերատեսչությունների մասնագետներ», - նշում է Նալբանդյանը:
«Այս ամենը կարևոր ձեռքբերումներ են, որոնք մեզ հնարավորություն են ընձեռում առավել վստահ գործել միջազգային բեմահարթակում», - ընդգծում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: