Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան հայտարարություն են ընդունել Ղարաբաղի վերաբերյալ


Բարաք Օբաման, Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը վերահաստատում են Մինսկի խմբի համանախագահ պետությունների հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գաղափարին:

Մեքսիկական Լոս Կաբոս հանգստավայրում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում անցած գիշեր ընդունված համատեղ հայտարարության մեջ երեք միջնորդ պետությունների ղեկավարները ընդգծում են․ - «Հակամարտության կողմերն այլեւս չպետք է հետաձգեն այն կարեւորագույն որոշումների կայացումը, որոնք անհրաժեշտ են խնդրի խաղաղ եւ երկարաժամկետ կարգավորման համար: Մենք ցավում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները չիրականացրեցին այն վճռական քայլերը, որոնք ձեռնարկելու կոչով մեր պետությունները նրանց էին դիմել 2011-ի մայիսի 26-ին Դովիլում ընդունված հայտարությամբ»:

Արձանագրելով, որ բանակցային պրոցեսում արդեն իսկ որոշակի առաջընթաց է ձեռք բերվել, Օլանդը, Օբաման եւ Պուտինը նկատում են․ - «Այդ առաջընթացը պետք է լիցք հանդիսանա համապարփակ խաղաղության հաստատմանը նպաստող շրջանակային համաձայնագրի վրա տարվող աշխատանքներն ավարտելու համար»:

Բացի այդ, համանախագահ պետությունների ղեկավարները հիշատակում են այս տարեսկզբին Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի կողմից Սոչիում ընդունած համատեղ հայտարարությունը, որում Երեւանն ու Բաքուն խոստացել էին արագացնել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը:

«Որպես քաղաքական կամքի դրսեւորում հակամարտության կողմերը բանակցությունների ընթացքում պետք է զերծ մնան մաքսիմալիստական մոտեցումներից, կատարեն 1994 թվականին կնքված հրադարարի համաձայնագրի պահանջներն ու խուսափեն թշնամական հռետորաբանությունից, որն էլ ավելի է խորացնում լարվածությունը», - նշում են Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների նախագահները՝ հավելելով․ - «Մենք կոչ են անում [Հայաստանի եւ Ադրբեջանի] նախագահներին առաջնորդվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով, մասնավորաբար՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, իրավահավասարություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ինչպես նաեւ կարգավորման այն բաղկացուցիչներով, որոնք հիշատակվել են մեր երկրների՝ 2009-ին Ակվիլայում եւ 2010-ին Մուսկոկայում ընդունված հայտարարություններում»:

Հիշեցնենք, որ վերը հիշատակված այս երկու հայտարարություններում Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարները անդրադարձել էին կարգավորման հիմնարար սկզբունքներին:

2010-ին կանադական Մուսկոկայում ընդունված հայտարարության մեջ մասնավորաբար նշված էր․ - «Այդ սկզբունքները ներառում են Լեռնային Ղարաբաղը շրջապատող օկուպացված տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ, անվտանգության երաշխիքներ եւ ինքնակառավարում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում, իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով, ներքին տեղահանված անձանց եւ փախստականների՝ իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք ինչպես նաեւ անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն»:

Վերադառնալով այսօր Լոս Կաբոսում ընդունված հայտարարությանը՝ նշենք, որ երեք երկրների նախագահները հատուկ անդրադարձ են կատարել նաեւ պատերազմի վերսկսման հավանականությանը՝ ասելով․ - «Ռազմական ուժի կիրառումը չի հանգեցնի հակամարտության հանգուցալուծմանը․ հակառակը՝ այն կերկարաձգի այն դժբախտություններն ու տառապանքները, որոնց ենթարկվում են այս տարածաշրջանում բնակվող ժողովուրդները: Միայն բանակցությունների միջոցով իրագործվող խաղաղ կարգավորումը թույլ կտա հաղթահարել առկա ստատուս-քվոն՝ ապահովելով տարածաշրջանի անվտանգ ու բարեկեցիկ ապագան»:

Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները հակամարտող կողմերին կոչ են անում լիարժեքորեն օգտագործել Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջաքները, միաժամանակ ընդգծելով․ - «Ամեն դեպքում, խաղաղության հաստատումը կախված է բացառապես կողմերի՝ փոխըմբռնման հիման վրա համաձայնության գալու, այլ ոչ թե միակողմանի առավելություն ստանալու պատրաստակամության վրա: Կողմերը պետք է միասնական տեսլական ունենան, հասկանալով, թե ինչ առավելություններ կբերի իրենց ժողովուրդներին ու հաջորդ սերունդներին խաղաղության հաստատումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG