«Անկախությունից ի վեր Հայաստանի դիվանագիտությունը կարևոր ձեռքբերումներ է ունեցել, որի արդյունքում մեր երկիրն այսօր միջազգային բեմահարթակում ներկայանում է որպես վստահելի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր», - Դիվանագետի օրվա առթիվ իր ուղերձում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ դրանում իրենց դերակատարումն ունեն արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում գործող շուրջ վեց տասնյակ ներկայացուցչություններում աշխատող դիվանագետները։
«Ձեր նվիրումը և աշխատանքը նկատելի է և գնահատված», - ուղերձում ասել է Սերժ Սարգսյանը։
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ դիվանագետներից ակնկալիքները մեծ են՝ երկրի խաղաղ և կայուն զարգացման համար համապատասխան պայմանների ապահովման, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդման և ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծման ջանքերում։
«Մենք դեռ շատ անելիք ունենք՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման և Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ», - ասել է Սերժ Սարգսյանը:
«Ինչպես նախորդ տարիներին, 2018 թվականին ևս մեր դիվանագիտական օրակարգը բավականին հագեցած է լինելու։ Հոկտեմբերին Երևանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, որն իր ծավալով, համոզված եմ՝ նաև արդյունքներով, աննախադեպ է լինելու անկախ Հայաստանի պատմության մեջ: Ակնկալում եմ, որ ձեր հաստատակամությամբ և ավյունով նպաստելու եք այդ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն: Հարգելի՛ դիվանագետներ, մաղթում եմ ձեզ արդյունավետ գործունեություն, ուժ ու եռանդ Հայաստանի Հանրապետությանը ծառայելու ձեր առաքելության մեջ` հանուն մեր հայրենիքի անվտանգ և բարեկեցիկ ապագայի», - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում։