Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում


Խորհրդարանը մերժեց նիստերի օրակարգում ընդգրկել ԵԱՏՄ-ից դուրս գալու ընդդիմադիր «Ելք» խմբակցության հայտարարության նախագիծը:

Անցած շաբաթ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նախագծին: Որպեսզի հարցը քննարկվեր լիագումար նիստում անհրաժեշտ էր, որ խորհրդարանի մեծամասնությունը կողմ քվեարկեր: Սակայն կոալիցիայի անդամ Հանրապետականն ու Դաշնակցությունը, նրանց հետ նաև ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունը դեմ արտահայտվեցին, կողմ էին միայն «Ելք»-ի պատգամավորները:

Հայաստանը, «Ելք»-ի կարծիքով, ԵԱՏՄ-ում մնալով, միայն վնասներ է կրում․ հետընթաց է գրանցել սոցիալ-տնտեսական ոլորտներում, չի ամրապնդվել նաև անվտանգությությունը: ԵԱՏՄ այլընտրանքը, ըստ ընդդիմադիրների, Եվրամիության հետ համագործակցությունն է ասոցացման համաձայնագրի շրջանակներում՝ եվրոպական 500-միլիոնանոց շուկան, ներդրումները, տնտեսականից զատ, նաև քաղաքական համակարգի զարգացման հնարավորությունները։

Երբ «Ելք»-ի առաջարկը քննարկվում էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Արմեն Աշոտյանը՝ հանձնաժողովի հանրապետական նախագահն ասաց՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը Հայաստանի քաղաքական օրակարգում գոյություն չունի, քանի իշխանության է հանրապետական կուսակցությունն իր կոալիցիոն գործընկերոջ հետ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը մինչև այսօրվա քվեարկությունը հայտարարեց․ - «Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է գրեթե ոսկերչական ճշգրտությամբ արտաքին քաղաքականության ոլորտում առաջ տանել Հայաստանի Հանրապետության շահերը: Սա մեկ: Եվ երկրորդ, Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության արհեստական հակադրումը չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, և վստահ եմ, որ մեզանից ձախ նստած խմբակցությունը ևս դա քաջ գիտակցում է»:

Արդեն քվեարկությունից հետո Սամվել Ֆարմանյանի հայտարարություններին արձագանքեց «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը․ - «Հակադրություն ընդհանրապես «Ելք» դաշինքի կողմից ներկայացված նախաձեռնությամբ չի եղել: Հակադրություն եղել է մեր Հանրապետական գործընկերների կողմից ներկայացված փաստարկների մեջ․․․ Արդեն նախագիծը մերժվել է: Հիմա ես ձեզ առաջարկում եմ այցելել գյուղեր, քաղաքներ տարբեր: Մարդկանց բացատրեք, որ Հայաստանը զարգանում է, մարդկանց բացատրեք, որ ապրանքները չեն թանկացել»:

Դեռ հոկտեմբերի սկզբին խորհրդարանը մերժել էր նաև Եվրասիական միությանը վերաբերող Ելքի մեկ այլ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը:

«Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի խոսով՝ իշխանության այսօրվա քվեարկությունն իրենց համար սպասելի էր․ - «Էստեղ ներկա մարդկանց մեծ մասի համար Սերժ Սարգսյան և Ռուսաստան բառերը սրբազան են, և ով էդ թեմայով բան է ասում, միանգամից ուզում են փակել, վախենում են, իրար են խառնվում դրանից: Որովհետև երկու դեպքում էլ վախենում են պատժից»:

Սարգսյանը կարծում է, որ իրենց նախաձեռնություններով հանրությանը կարողացել են տեղեկացնել ԵԱՏՄ վնասների մասին, և ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո, երբ կթանկանան 900 անուն ապրանքներ, մարդիկ հաստատ կհիշեն իրենց ասածները․ - «Կհիշի, որ Հանրապետականն ասում էր՝ ի՞նչ կապ ունի էդ ԵԱՏՄ-ի հետ․․․ Ուղիղ կապ ունի, ուղղակի ԵԱՏՄ պայմանագրով էդ 900 անուն ապրանքը գրված է: Ավելի ուղիղ կապ չի լինում․․․ Ուղղակի չի կարելի սևին ասել սպիտակ»:

Հանրապետական Գագիկ Մելիքյանը պնդեց, որ սպասվող թանկացումները ԵԱՏՄ-ի հետ կապ չունեն: Պատգամավորի խոսքով, վատ ավանդույթ է՝ ամանորյա տոներին ընդառաջ․ - «Ես կարծում եմ, որ այդ երևույթը պետք է ոչ թե Մաքսային օրենսգրքի հետ կապել, այլ ընդհանրապես որպես վատ ավանդույթ՝ նախատոնական»:

Մելիքյանը կրկնեց Հանրապետականի դիրքորոշումը՝ ԵԱՏՄ անդամակցությունը բխում է Հայաստանի ազգային ու պետական շահերից․ - «Շահավետ է մեր պետության համար, մեր անվտանգության համար և մեր առաջընթացի համար: Հարցը բավականին երկար ժամանակ քննարկվել է, և հարցի շահարկումը ընդամենը որոշ քաղաքական ուժերի և քաղաքական գործիչների կողմից, կարծում եմ, որ ընդհանրապես անիմաստ է»:

ԵԱՏՄ-ն լքելուն դեմ է նաև «Ծառուկյան» դաշինքը։ Պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց․ - «Այս պահին ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական անվտանգության տեսանկյունից ձեռնտու չէ այդ կառույցը լքելը»:

Արամ Սարգսյանն «Ազատությանը փոխանցեց», որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը մնում է «Ելք»-ի օրակարգում․ - «Ե՛վ խորհրդարան բերելու, և՛ հանրային ավելի լայն շրջանակներ ներառելու, և՛ հանրային ավելի լայն շրջանակներում քննարկման թեմա դարձնելու տարբերակներ ունենք, որոնց մասին կհայտարարենք»:

XS
SM
MD
LG