Մատչելիության հղումներ

Խորհրդարանը մերժեց ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու «Ելք»-ի նախաձեռնությունը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը


Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան։

Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են մոտ չորս տասնյակ հարցեր, այդ թվում՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ օրենքի նախագիծն ու 2018 թվականի պետական բյուջեն։

Աշխատանքային օրը օրենսդիրները սկսեցին «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկումից։

Հիմնական զեկուցող՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, խոսելով Միության Մաքսային օրենսգրքի առավելություններից, ասաց, որ այն ամբողջությամբ հիմնված է էլեկտրոնային կառավարման մոդելի վրա։

«Բոլոր փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով են ներկայացվելու սկսած 2020 թվականից։ Մինչև 2020 թվականը հնարավորություն է ընձեռվել նաև ներկայացնել թղթային եղանակով։ Դա պայմանավորված է նրանով, որ խոսքը չի վերաբերվում միայն մաքսային հայտարարագրին, կամ ապրանքների մաքսային արժեքի որոշման հայտարարագրերին, այլ հասարակ մաքսային ընթացակարգում առկա բոլոր փաստաթղթաշարժը պետք է տեղի ունենա էլեկտրոնային եղանակով, և դրա համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ», - ասաց Միրումյանը։

ՊԵԿ փոխնախագահը նաև նշեց, որ օրենսգիրքը նախատեսում է ապրանքների էլեկտրոնային եղանակով բացթողում. - «Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտն այլևս ստիպված չի լինի այցելել, օրինակ, որևէ տարածաշրջանային մաքսատուն, թղթային տարբերակով ունենալ այդ հայտարարագիրը և ստանալ մաքսային մարմնի հավաստումը՝ բացթողումը թույլատրված է նշումով։ Այդ ամենը կարող է կատարվել էլեկտրոնային եղանակով, և սրանով մենք հանգում ենք ապրանքների էլեկտրոնային բացթողման համակարգի գաղափարին»։

Նշենք, որ նախքան Մաքսային օրենսգրքին անցնելը, խորհրդարանը ձայների 6 կողմ, 76 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու «Ելք»-ի նախաձեռնությունը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG