Մատչելիության հղումներ

Տնտեսագետ․ Հայաստանում գործարարների համար գազը կրկնակի թանկ է, քան Ռուսաստանում


Վարչապետ Կարեն Կարապետյանը վարում է Կառավարության նիստը: 30-ը նոյեմբերի, 2017 թ․
Վարչապետ Կարեն Կարապետյանը վարում է Կառավարության նիստը: 30-ը նոյեմբերի, 2017 թ․

Մինչ վարչապետն ու Կառավարության այլ ներկայացուցիչներ կարևորում են, որ մյուս տարի Հայաստանի հետ սահմանին ռուսական գազի գինը անփոփոխ է մնալու, և խոսում են հայաստանյան վերամշակող ձեռնարկություններին տրվող արտոնությունների մասին՝ տնտեսագետները հակադարձում են, թե նույն մաքսային միության անդամ մյուս երկրներում գազի գինն ավելի էժան է, ուստի հայաստանյան ընկերությունները ԵԱՏՄ-ում հայտնվել են ոչ շահավետ պայմաններում:

Մոտ մեկ ամիս առաջ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երևանայան այցելության ու վարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների արդյունքում հայտարարվեց, որ 2018 թվականի ընթացքում ռուսական գազի գինը Հայաստանի հետ սահմանին կմնա անփոփոխ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 150 ամերիկյան դոլար:

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ բնական գազի գնի ձևավորման մասին երկու երկրների կառավարությունների միջև դեռ 2013-ի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունը, և 150 դոլար գինը ամրագրվեց մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հարցը ներկայացնում էր Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը․ - «Բոլորովին վերջերս Հայաստան արած այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության վարչապետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հանդիպման ժամանակ կայացվեց համաձայնություն, որով Հայաստանի ներկրվող բնական գազի գինը եկող տարվա համար մնում է անփոփոխ: Այս համաձայնությունը ամրագրվում է առաջարկվող փոփոխությամբ»:

2013 թվականի վերոհիշյալ համաձայնագրով Հայաստանի կառավարությունը ոչ միայն ռուսաստանյան մոնոպոլիստ «Գազպրոմին» հանձնեց Հայաստանի գազաբաշխիչ ողջ ցանցը, այլև պարտավորվեց մինչև 2044 թվականը Ռուսաստանից գազ գնելու պարագայում այն ձեռք բերել միայան «Գազպրոմից»: Բացի այդ, Հայաստանը կառավարությունը երաշխավորեց, որ 30 տարի՝ մինչև 2044 թվականը, «Գազպրոմի» իրավունքներն ու շահերը Հայաստանում ենթակա չեն փոփոխությունների` առանց ռուսաստանյան կողմի նախնական համաձայնության:

Երբ առավոտյան կառավարության նիստում նախարար Աշոտ Մանուկյանը ավարտեց իր խոսքը, 2011-2016 թվականներին «Գազպրոմում» բարձր պաշտոններ զբաղեցրած Հայաստանի ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ռուսաստանյան գազի գնի մասով գործադիրը պահպանելու է արտոնությունները հայաստանյան վերամշակող ձեռնարկությունների համար․ - «Մենք արտոնություն ենք տալիս վերամշակող ձեռնարկություններին, սոցիալապես անապահովներին, սահմանամերձ գյուղերին: Ջերմողներն ու վերամշակողը մի խմբի մեջ են մտնում»:

«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի ներկայացմամբ, նույն մաքսային միության՝ ԵԱՏՄ-ի անդամ Ռուսաստանում ձեռնարկությունների համար բնական գազը միջինում առնվազն երկու անգամ էժան է հայաստանյան ձեռնարկություններին վաճառվող ռուսական գազից, իսկ Ռուսաստանի Ստավրոպոլի ու Կրասնոդարի երկրամասերում ձեռնարկություններին վաճառվող գազի գնի համեմատ՝ Հայաստանում ընկերություններին վաճառվող գազը թանկ է մոտ 2.5 անգամ:

«Դա նույնն է, որ, ասենք, Հարավարևմտյան թաղամասում գործող ինչ-որ մի գործարան ունենա ավելի ցածր գազի գին, քան Նորքի զանգվածում եղած մի գործարան․ մի քանի անգամ տարբեր լինի գազի գինը: Ընդ որում՝ ապրանքի մեջ էդ գազի գինը բարձր բաղադրիչ ա՝ ինքնարժեքի մեջ», - ասաց նա:

Գևորգյանի խոսքով՝ Հայաստանում ջերմոցային տնտեսությունների զարգացմանը զուգահեռ գազի գնի նման տարբերությունը կարող է ի վերջո բողոքի ալիք բարձրացնել հայաստանցի ձեռներեցների շրջանում, ովքեր պարզպես չեն կարողանա մրցել ռուսաստանցիների հետ․ - «Առայժմ, որքան ինձ հայտնի է, զանգվածային բողոքներ դրա հետ կապված առայժմ չկան, բայց չեմ կարծում, որ էդ վիճակը երկար կտևի: Որովհետև Հայաստանում, եթե ջերմոցային տնտեսությունները զարգանում են․․․ Հայաստանի շուկան շատ փոքր է․․․ միակ ուղղությունը դա արտահանումն է Ռուսաստան: Իսկ Ռուսաստանում, շնորհիվ գազի ցածր գնի և կառավարության կողմից տրված բազմաթիվ սուբսիդիաների ու արտոնությունների, ջերմոցային տնտեսությունները շատ արագ աճում են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG