Մատչելիության հղումներ

Սպառողները սեփական գրպանի պարունակության վրա են զգացել, թե վերջին մեկ ամսվա ընթացքում ինչպես են աճել կարագի, ձվի, պանրի և մսի գները։

«Ազատության» հետ զրույցներում երևանցիները դժգոհեցին ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ սա կրկնվում է ամեն տարի։ Նշված ապրանքների գնաճը փաստեցին նաև խանութի վաճառողները։

Գնաճն արձանագրել է նաև Ազգային վիճակագրական ծառայությունը, որի տվյալներով այս հոկտեմբերին 2016-ի հոկտեմբերի համեմատ կարագը թանկացել է մոտ 40-ով։ Իսկ եթե դիտարկենք ըստ տեսակների, ապա նախորդ տարի նույն ժամանակահատվածում «Նոր Զելանդական» կարագի մեկ կիլոգրամն արժեր 2800 դրամ, իսկ հիմա այն վաճառվում է 4300-ով։ Նույն գնով այժմ կարելի գնել նաև մեկ կիլոգրամ «Անքոր» տեսակի կարագը, մինչդեռ 2016-ի հոկտմեբերին այն վաճառվում է 3000 դրամով։

Գնային այս սրընթաց վերելքի պատճառով կարագի շուկան հայտնվել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ուսումնասիրության կենտրոնում։ Մրցակցային կառույցի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե իրենք մոնիտորինգ են անցկացրել միայն «Նոր Զելանդական» տեսակի կարագի շուկայում, քանի որ դրա սպառման ծավալներն ամենամեծն են։ Ըստ այդմ՝ կառույցը արձանագրել է, որ օգոստոսից սկսած կարագի աճող գինը մոտ մեկ ամիս է արդեն կայունացել է։

Իսկ դրա բարձրացման պատճառ, Սահակյանի խոսքով, միջազգային շուկայում առկա գնաճն էր․ - «Հանձնաժողովը կատարել էր ուսումնասիրություն և պարզել էր, որ նորզելանդական կարագի վաճառքի գները միջազգային շուկայում շարունակական աճ են գրանցել: Մեկ տոննա նորզելանդական կարագի գինը մեկ տարվա ընթացքում 2700 դոլարից հասել է մինչև 5890 դոլար: Այսինքն, էական գնաճ է տեղի ունեցել, որը, բնականաբար, անդրադարձել է բոլոր այն երկրների վրա, որ ներկրում են նորզելանդական կարագ»:

Ամանորի շեմին սպառողներին ամենից շատ հուզում է նաև ձվի շուկայում առկա գնաճը։ Հանձնաժողովն այստեղ էլ 2-3 դրամով գնի բարձրացում էր արձանագրել։ Ըստ այդմ՝ գերիշխող առևտրային ցանցերում մեկ հավկիթը միջինում կարելի է գնել 65-70 դրամով։

Գյուղնախարարությունն այսօր հայտարարեց, որ հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, և առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը:

Դեկտեմբերին ձվի գինը ոչ միայն չի բարձրանա, այլև հնարավոր է նվազի․ սա էլ այսօր խոստացան խոշոր թռչնաբուծական ֆաբրիկաների տնօրենները։ Ըստ նրանց, գներն աճեցին, քանի որ թռչնագրիպի կարանտինով պայմանավորված ուշացավ ճտերի նոր գլխաքանակի ներկրումը, բայց, ըստ հաշվարկների, արդեն դեկտեմբերի առաջին տասնօրյակից հետո օրական շուկա կմտնի 2700 արկղ ձու։

Մսի, կարագի և մնացած ապրանքատեսակների շուկայում առկա իրավիճակը տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պայմանավորում է Հայաստանում գործող տնտեսության մոդելի հետ, որը, նրա բնորոշմամբ, սպառված է։ Միևնույն ժամանակ տնտեսագետը նկատում է, թե ոլորտային պատասխանատվություն կրող պաշտոնյաները չեն ցանկանում պատասխանատու լինել իրավիճակի համար․ - «Էն մարդիկ, ովքեր որ պետականորեն պարտավոր են այդ շուկայական հարաբերությունների ձախողումների դեմը առնել, իրենք ուղղակի ասում են՝ շուկայական հարաբերություններ են։ Երբ որ մենք ասում ենք՝ մոնոպոլիաներ կան, ազատ մրցակցություն չկա, էդ դեպքում ինչո՞ւ շուկայական հարաբերությունների մասին չեն խոսում»:

Խաչատրյանը փաստեց, որ հունվարի 1-ից էլ սկսելու են գործել ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային կարգավորումները՝ կանխատեսելով, թե դրանով պայմանավորված գնաճն ավելի ակնհայտ կլինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG