Մատչելիության հղումներ

Զարուհի Փոստանջյան․ Ուսանողները չպետք է նահանջեն


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ուսանողները պետք է շարունակեն պայքարը տարկետման իրավունքի սահմանափակման դեմ՝ մինչև բավարարվեն նրանց բոլոր պահանջները:

Արդեն 5-րդ օրը դասադուլ անող ուսանողները պահանջում են հրաժարվել խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծից՝ պնդելով, թե այն կխոչընդոտի գիտության զարգացումը։

«Միանշանակ պայքարը պետք է շարունակել՝ եթե անգամ օրինագիծն ընդունվի», - կարծում է Փոստանջյանը․ - «Նրանք պետք է չնահանջեն, պարտադիր իրենց պահանջները ներկայացնեն և ակնկալեն, որ պահանջները պետք է բավարարվեն՝ անկախ նրանից, թե այսօր ինչ վարքագիծ կդրսևորի Վարչապետը, Պաշտպանության նախարարը: Դա իրենց համար պետք է որևիցե նշանակություն չունենա։ Տարկետման իրավունքը պատկանում է իրենց, և իրենք նաև պետք է ունենան հնարավորություն ուսում ստանալու, շարունակելու իրենց ուսումը: Դա շատ կարևոր նաև պաշտպանական բաղադրիչ է․ առանց կրթված հասարակության մենք չենք կարողանա ունենալ նաև իրական պաշտպանություն»:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ նախագիծը բանակի բարեփոխումների հետ կապ չունի։ Նախկին պատգամավորը կարծում է, թե օրինագիծը, ընդունվելու դեպքում, կխթանի կոռուպցիան, կնպաստի արտագաղթին՝ չլուծելով բանակի համալրման խնդիրը․ - «Դա ուղղակի հակահայկական ևս մի ծրագիր է, որը կնպաստի և՛ արտագաղթին, և՛ մեր պաշտպանական խնդիրը չի լուծելու: Որովհետև այդ խնդիրը համալիր մոտեցում է պահանջում․ պետք է լինի պայմանագրային զինծառայություն, և առաջնագծում կանգնած մեր զինվորները պետք է ստանան նաև վարձատրություն: Այլ ոչ թե 18-ամյա մեր երեխաները պետք է այնտեղ կանգնեն, և ամեն օր մենք լսենք դժբախտ լուրի մասին»:

Համահայկական ընդվզում նախապատրաստող «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը նոյեմբերի վերջին կմեկնի ԱՄՆ։ Փոստանջյանն ասաց, թե նախ Գլենդեյլի քաղաքապետարանի մոտ համակիրների հետ հանրահավաք կանցկացնեն, ապա երթով կշարժվեն դեպի Լոս Աջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսություն՝ ներկայացնելու իրենց պահանջները․ - «Առաջին հերթին պետք է մենք չունենանք քաղաքական հայացքների համար բանտախցում անձինք: Երկրորդը պետք է այն լինի, որ նախ պետք է հասնեն նրան, որպեսզի վերականգնվի իրենց քաղաքական իրավունքը, ընտրելու և ընտրվելու իրավունքը: Մյուսը պետք է այն լինի, որ մենք բացարձակ այս իշխանություններին չենք ճանաչում, մերժում ենք այդ իշխանությունների գործունեությունը և իրենց: Եվ գտնում ենք, որ այս իշխանությունները երբևիցե այլևս չպետք է լինեն քաղաքական դաշտում: Նրանք պետք է իրավական և քաղաքական դատապարտման գործընթացի միջոցով ուղղակի հեռացվեն քաղաքականությունից»:

Փոստանջյանը կարծիքով, սփյուռքահայերը հայրենիքին պետք է աջակցեն ոչ թե նվիրատվությունների ու բարեգործությունների միջոցով, այլև Հայաստանի քաղաքական կյանքում ներգրավված լինելով։

Իշխանափոխության ծրագրեր ունեցող «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարը թիմակիցների հետ շուրջ մեկ ամիս շրջեց Հայաստանի բնակավայրերում: Եղավ Արցախում, իսկ մի քանի օր առաջ՝ նաև Ջավախքում։

«Ազատության» հետ զրույցում Փոստանջյանն ասաց, թե Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումները լինելու են շարունակական։ Չբացառեց, որ ոչ միայն Միացյալ Նահանգներ, այլև Ռուսաստան կմեկնի․ - «Աշխարհի բոլոր ծայրամասերը մեր հետաքրքրության կենտրոնում են՝ անկախ նրանից, դա Ռուսաստանի Դաշնությունն է, Եվրոպան է թե Միջին Արևելքը: Որովհետև առանց մեր հայրենակիցների ներգրավվածության, իրենց նաև կարողությունների ներգրավվածության, իրենց քաղաքական կարողությունների մասին է խոսքը, այլ ոչ թե նյութական, Հայաստանը չի կարող նորից վերականգնվել: Այսօր Հայաստանը քանդված է, այսօր Հայաստանը դատարկված է: Եթե մենք խոսում ենք վերականգնման մասին, եթե խոսում ենք Հայաստանի ծաղկման մասին, խոսում ենք ներգաղթի մասին, ապա առաջին հերթին նրանք պետք է ունենան քաղաքական իրավունքներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG