Մատչելիության հղումներ

Տարկետմանը վերաբերող դրույթները նույնությամբ պահպանվել են երկրորդ ընթերցմանը ներկայացվող փաստաթղթում. Արտակ Զաքարյան


Զիջումների մասին խոսք լինել չի կարող, ասաց ՊՆ փոխնախարարը։

Տարկետման իրավունքի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ շեշտելով, որ առաջին ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում տարկետմանը վերաբերող դրույթները նույնությամբ պահպանվել են 2-րդ ընթերցմանը ներկայացվող փաստաթղթում: Հետևաբար, ըստ պաշտպանության փոխնախարարի, զիջումների մասին խոսք լինել չի կարող, ինչպես պնդում են լրատվամիջոցները:

Այն, ինչի մասին գրել է մամուլը, Արտակ Զաքարյանի փոխանցմամբ, վերաբերել է մեկ այլ օրինագծի՝ տվյալ դեպքում ՝«Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագծին։

Նշենք, որ առաջին ընթերցմամբ ընդունված զինծառայության մասին օրենքով արմատապես փոխվում է ուսումնառության նպատակով տրամադրվող տարկետման իրավունքի կարգը: Ըստ այդմ, տարկետումից կարող են օգտվել միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ՝ պարտավորվելով ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնել, իսկ ուսումնառությունից հետո ծառայել Պաշտպանության նախարարության նշած վայրում՝ երեք տարի ժամկետով։ Հակառակ պարագայում, 18 տարին լրանալուց հետո երիտասարդները կզորակոչվեն բանակ՝ երկու տարի ժամկետով:

Այն, որ օրենքի նախագծում տարկետման իրավունքի տրամադրման հետ կապված Պաշտպանության նախարարությունը որևէ զիջման չի գնացել, ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը խիստ բացասական գնահատեց՝ ընդգծելով, որ այդ մերժողականությունն իշխանությունների դեմ է աշխատելու։

Միրզոյան. - Միանշանակ վատ, շատ վատ, որ հասարակության մի հատված իր բողոքի ձայնը բարձրացրեց, քանի օր դասադուլ եղավ, մարդիկ անհանգստություն հայտնեցին, մտահոգություն հայտնեցին, բերվեցին շատ լուրջ փաստարկներ և այդքանից հետո Պաշտպանության նախարարությունը՝ օրենքի հեղինակները, փաստորեն, նպատակահարմար չգտան ընդառաջ քայլ կատարել դեպի հասարակություն և որևէ հարցով որևէ զիջում չեն ուզում անել։

«Ազատություն». - Քանի որ զիջման գնալու ցանկություն չկա, և նույնությամբ երկրորդ ընթերցման է ներկայացվելու փաստաթուղթը, Դուք ի՞նչ եք կարծում, ի վերջո ի՞նչ հանգուցալուծման կբերի այս շարժումը, որը նախաձեռնել են ուսանողները։

Միրզոյան. - Իշխանություններն ունեն ռեսուրս և կարող են, ինչպես շատ այլ դեպքերում, ուժային լուծում տալ խնդրին, և ուղղակի բառացիորեն Հանրապետական խմբակցության մեծամասնության քվեարկության ուժով անցկացնեն օրենքը և անտեսեն ընդվզումը՝ բողոքը, բայց ես վստահ եմ, որ սա մի փոքր ավել երկարաժամկետ հեռանկարում միանշանակ աշխատելու է նախ` իրենց՝ իշխանությունների դեմ և երկրորդը՝ ինչպես մենք բազմաթիվ անգամ ասում էինք այս օրերին, այս օրենքի նախագիծը, երբ որ օրենք դարձավ և այս մեխանիզմը կենսագործվեց արդեն, սա երկրի համար շատ վատ հետևանքներ է ունենալու։

«Ազատություն». - Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, որ իրականում իշխանության դեմ է աշխատելու այս մերժողականությունը։

Միրզոյան. - Որովհետև հասարակության մի հատված ևս, որոնք դեռ նոր են կյանք մտնում, որոնք դեռ շատ ավելի լավատես են, չեն անցել այդ պարտվելու և մերժված լինելու ճանապարհով, մի հատված ևս տեսել է, որ այս իշխանությունները բոլորովին հաշվի չեն նստում հասարակության հետ և անում են այն, ինչ-որ իրենք ուզում են, իրենք նպատակահարմար են գտնում։

«Ազատություն». - Իսկ դուք ի՞նչ եք պատրաստվում անել, քանի որ վաղը մեկնարկող Ազգային ժողովի քառօրյայում սկսվելու են քննարկումներն արդեն երկրորդ ընթերցմամբ օրինագիծն ընդունելու շուրջ, ինչ-որ առարկայական առաջարկներով «Ելք» խմբակցությունը հանդես գալո՞ւ է։

Միրզոյան. - Ես պատրաստ եմ անել այն, ինչ կարող է անել պատգամավորը՝ դա ելույթն է, դա փաստարկներն են, դա որոշակի քվեարկություն անելու կոչն է մյուս պատգամավորներին։

«Ազատություն». - Իսկ կոնկրետ առաջարկներ ներկայացնելո՞ւ եք։

Միրզոյան. - Առաջարկներ՝ ո՛չ, չենք ներկայացրել։ «Ելք»-ը նպատակահարմար չի գտել առաջարկներ ներկայացնել։ Առաջարկների համար և շտկումների համար օրենքում տեղ կա, բայց դա կարող է լինել այն բանից հետո, երբ որ սկզբունքային հարցի շուրջ կարողանանք պայմանավորվածություն ձեռք բերել և փոխզիջման գնալ, իսկ իշխանություններն, արդեն խոսեցինք, որևէ փոխզիջման սկզբունքային հարցի շուրջ, կարևոր հարցի շուրջ չեն պատրաստվում գնալ։

«Ազատություն». - Դուք սկզբունքային հարց նկատի ունեք տարկետման իրավունքի հետ կապված հանրության նպատակը։

Միրզոյան. - Այո՛, որովհետև դա է աղմուկ հանած և դա է այդ տխրահռչակ կոմպոնենտը օրենքի, դրա մասին են այս թեժ քննարկումները։

Ի դեպ նշենք, որ զինծառայության մասին օրինագծի համաձայն զինածառայության ենթակա անձինք կարող են օգտվել տարկետման իրավունքից ուսումնառությունից բացի նաև ընտանեկան, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով։

Ուշագրավ է հատկապես երեխաների առկայության դեպքում տրամադրվող արտոնությունները: Տվյալ դեպքում, ըստ օրինագծի, պարտադիր զինծառայությունից կարող են ազատվել այն երիտասարդները, ովքեր մինչև բանակ զորակոչվելը կունենան երկու կամ ավելի երեխա, բացառությամբ որդեգրված երեխաների: Ստացվում է, որ կա՛մ մինչև չափահաս դառնալը, այսինքն՝ մինչև 18 տարեկանը, տղաները պետք է երկու երեխա ունենան, կա՛մ երիտասարդը երկու երեխա պետք է ունենա ուսումնառության չորս տարիների ընթացքում: Բայց այս դեպքում էլ պարզ չէ, եթե օգտվելով տարկետման իրավունքից երիտասարդը պայմանագիր է կնքել Պաշտպանության նախարարության հետ, որ ուսման չորս տարիներից հետո պետք է ծառայի բանակում, արդյո՞ք այդ պայմանագիրը չեղյալ է հայտարարվելու:

Ուշագրավ է նաև մեկ այլ դրույթ, բանակից կարող են ազատվել այն երիտասարդները, ովքեր ունեն առնվազն զույգ երեխայով վեցամսյա հղիության մեջ գտնվող կին: Թե ինչո՞ւ է ընտրվել հենց վեց ամսվա հղիությունը՝ պարզ չէ:

Նշենք, որ խորհրդարանը վաղը մեկնարկող Ազգային ժողովի քառօրյայի ընթացքում զինծառայության մասին օրենքի նախագիծը կքննարկի 2-րդ ընթերցմամբ: Օրինագիծը խորհրդարանում կներկայացնի պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:

XS
SM
MD
LG