Մատչելիության հղումներ

Ուսանողները հայտարարում են, որ շարունակելու են բողոքի ակցիաները


Արդեն երրորդ օրը դասադուլ անող ուսանողներին այսօր ընդունեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Մոտ երկու ժամ տևած հանդիպման արդյունքներից Կառավարության շենքից դուրս եկած երիտասարդները գոհ չէին։

«Սա հիմնականում պարոն Կարապետյանի դիրքորոշումն էր՝ եթե ունեք առաջարկներ, այդ առաջարկներն արեք, օրենքի ընդունումից հետո դա կքննարկվի», - փոխանցեց վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած ուսանողներից մեկը՝ շարունակելով․ - «Ստեղ կա սկզբունքային խնդիր․ մենք ասում ենք, որ մեր առաջարկները պետք է քննարկվեն մինչև օրենքի ընդունումը: Նրանք ասին՝ օրենքի ընդունումից հետո միայն կարող է դա լինել: Մեր նախաձեռնությունը իր գաղափարական, արժեհամակարգային որդեգրումների մեջ փոփոխություններ չի նախատեսում»:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ցույց անցկացնող ուսանողների և վարչապետի հանդիպմանը մասնակցում էին նաև օրենքը նախաձեռնած Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Երիտասարդներն ասացին, որ պաշտոնյաները տարկետումը վերացնող օրենքի նախագիծը չեղարկել չեն պատրաստվում․ - «Դրան դեմ էր ոչ միայն Վիգեն Սարգսյանը, դրան դեմ էր նաև Կարեն Կարապետյանը, Լևոն Մկրտչյանը․․․ Իրենք չասեցին, որ դա հաստատ լինելու է․․․ Կարելի է այսպես երևի հասկանալ, որ մեր ասածները այնքան ծանրակշիռ չէ, որ օրենքը չընդունվի»:

Բողոքի ցույցեր անցկացնող ուսանողների ներկայացուցիչները հայտարարեցին, թե քանի որ վարչապետի և նախարարների հետ հանդիպման արդյունքներից բավարարված չեն՝ պայքարը շարունակելու են և վաղը առավոտից կրկին դասադուլ են անելու․ - «Մենք շարունակում ենք մեր պայքարը, որպեսզի զանգվածները օգնեն, որպեսզի էս տեսակեը վաղ թե ուշ կիսվի նաև օրենքի նախաձեռնողների կոցմից»:

Այսօրվա դասադուլը կրկին մեկնարկել էր վաղ առավոտյան։ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքից ուսանողները շարժվեցին մյուս մասնաշենքեր՝ ուսանողներին կոչ անելու միանալ դասադուլին։ Կենսաբանության ֆակուլտետում նախաձեռնողներից մի քանիսը որոշեցին մտնել շենք՝ հասկանալու, թե կա՞ն արդյոք ներսում ուսանողներ, և չե՞ն խոչընդոտում արդյոք նրանց մասնակցել դասադուլին, քանի որ նախորդ օրերին դեպք էր եղել՝ երբ դուռը փակելու միջոցով ուսանողներին դուրս չէին թողնում շենքից։ Լսարաններով շրջելով պարզվեց, որ ներսում ուսանողներ գրեթե չկան։

Ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դասադուլը ազդել է իրենց ֆակուլտետի աշխատանքների վրա․ - «Դասապրոցեսը էսօր 100 տոկոսով չէր ընթանում»:

Դեկանը նաև ասաց, որ ինքը դեմ է տարկետման վերացմանը, բայց պայքարի այս ձևը չի ընդունում։ Մի քանի րոպեից ֆակուլտետ եկավ ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը: Նա վրդովված էր, ասաց, որ դասադուլի մասնակիցները շենքում խաթարում են դասապրոցեսը․ - «Իրենք տապալում են դասապրոցեսը, ցանկանում են ինչ-որ խնդիրներ լուծել: Էդ խնդիրները թող լուծեն ազատ իրենց կարգախոսները հնչեցնելով, ոչ թե ճնշում գործադրելով մյուս ուսանողների՝ իրենց իրավունքը իրացնելու հանգամանքի վրա»:

Նախաձեռնող խմբի անդամների հետ մի քանի րոպե փակ դռների հետևում քննարկումից հետո աշխատակազմի ղեկավարը ասաց, որ պայմանավորվել են՝ ուսանողները համալսարանի տարածքով կարող են շրջել, բայց ոչ շենքի ներսում։

Դասադուլի մասնակիցների երթը շարունակվեց, նրանք ուղևորվեցին Տնտեսագիտական, Բժշկական համալսարաններ՝ կոչ անելով ուսանղներին միանալ իրենց։

Մի քանի հարյուր դասադուլավորներ երթը շարունակեցին դեպի Հանրապետության հրապարակ։ Կառավարության շենքի մոտ նրանց մի քանի տասնյակ ոստիկաններ դիմավորեցին։

Նախաձեռնող խմբի անդամները հայտարարեցին, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում են ակնկալում, կամ էլ նա թող իր կարծիքը հրապարակային հայտնի այս հարցի հետ կապված։

Մի քանի րոպեից ցուցարարներին մոտեցավ վարչապետի առաջին օգնական Արամ Վարդևանյանը։ Նա ասաց, որ վարչապետը պատրաստ է ընդունել 5 ուսանողների, բայց՝ առանց լրատվամիջոցների։ Երիտասարդներն ասացին, որ տեսանյութը իրենց համար կարևոր է։ Եվ կոչ արեցին տարկետումից ժամանակին օգտված վարչապետի օգնականին օգնել իրենց և կազմակերպել հանդիպումը։

Մի քանի անգամ ներս ու դուրս անելուց ու վարչապետի հետ խորհրդակցելուց հետո նրա օգնականը ասաց, որ հանդիպման տեսանյութը առանց մոնտաժի կտեղադրվի կառավարության կայքէջում։

Թեև հանդիպումից հետո դասադուլի նախաձեռնողները իրենց նպատակին չհասան, բայց ասացին, որ վարչապետի հետ հանդիպումը, իրենց կարծիքով ,անիմաստ չէր: Պարզապես առաջիկա օրերին պետք է էլ ավելի մեծ խմբող պայքարեն՝ օրենքի նախաձեռնողներին մտափոխելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG