Մատչելիության հղումներ

Թուրք մտավորականները որպես խաղաղության դեսպաններ են այցելել Ղարաբաղ. Արագած Ախոյան


Արագած Ախոյան, արխիվ
Արագած Ախոյան, արխիվ

Թուրք մտավորականները որպես խաղաղության դեսպաններ են այցելել Լեռնային Ղարաբաղ, նրանք քաջ գիտակցել են իրենց արարքը: Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ում հրավերով թուրք մտավորականները ժամանել էին նախ Հայաստան, ապա՝ Լեռնային Ղարաբաղ։

«Էն որ իրենք, որ ասենք չգիտեին դրա մասին, դա անկեղծ չի լինի, մի տեսակ շատ տկար կհնչի: Մեր ընկերները քաջ գիտակցելով են դա արել՝ որպես խաղաղության դեսպաններ», - այսօր հրավիրած ասուլիսում ընդգծեց Ախոյանը:

Նրա խոսքով՝ թուրք մտավորականների այցը Ղարաբաղ նպատակ ուներ ծանոթացնել հայկական այդ բնակավայրին և նրանց միջոցով թուրք հասարակությանը օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդել Ղարաբաղի մասին։ «Սա տարիների համատեղ չարչարանքի, միմյանց ճանաչելու և փոխադարձ վստահության մշակույթ ձևավորելու մի դրսևորում է, որը որ արտահայտվեց այս քայլով: Ես կարող եմ ասել՝ հերոսական, իրե՛նց կողմից, շատ բան ասեց և շատ տաբուներ կոտրեց ադրբեջանա-թուրքական ճակատում», - ասաց նախկին պատգամավորը:

Սեպտեմբերի 21-24-ը Հայաստան էին այցելել Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը, ակադեմիկոս, գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթըրջըօղլուն, գրող, ակտիվիստ Սայիդ Չեթինօղլուն և Թուրքիայի մշակութային համալսարանի ակադեմիկոս, գրող Ալի Բայրամօղլուն։

Ադրբեջանը, հիշեցնենք, միջազգային հետախուզում է հայտարարել թուրք քաղաքական-հասարակական գործիչների նկատմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը, APA լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է, թե այս անձինք չեն արտահայտել Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը, և որ նրանք հայտնի են իրենց հայամետ հայացքներով։ «Այս անձինք իրենց աջակցությունն են հայտնել Քրդական բանվական կուսակցություն (ՔԲԿ, PKK) ահաբեկչական կազմակերպությանը՝ քարոզելով ստեղծել անկախ քրդական պետություն», - ասել է Գարալովը։

Ադրբեջանի դատախազության պնդմամբ՝ Թուրքիայի քաղաքացիները, համաձայնության գալով անձանց հետ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, «խախտել են երկրի պետական սահմանը»: Գործը հարուցվել է ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունում։

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը APA լրատվական գործակալության հետ զրույցում «ապօրինի» է անվանել իր երկրի քաղաքացիների այցը Լեռնային Ղարաբաղ, պնդելով, թե նման այցերը վնասում են ղարաբաղյան կարգավորման գործընթացը, իսկ պաշտոնական Անկարան վճռականորեն դատապարտում է այդպիսի գործողությունները:

«Այդ այցը կատարած անձինք Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելու լիազորություններ չունեն: Նրանք այնտեղ են մեկնել անձնական շարժառիթներով: Մեր պաշտոնական դիրքորոշումը բոլորին է հայտնի», - հայտարարել է դեսպանը: Թուրք մտավորականների նկատմամբ Ադրբեջանում հարուցված գործի առնչությամբ էլ Օզորալը ասել է, թե դա իրավաբանական գործընթաց է, որի պահանջները կկատարվեն․ - «Մենք հարգանքով ենք վերաբերվում իրավական համակարգին»:

Սեպտեմբերի 21-ին թուրք գործիչները Երևանում ասուլիսի ժամանակ հայտարարել են՝ ցանկանում են, որ իրենց երկիրն առանց նախապայմանի կյանքի կոչի հայ-թուրքական արձանագրությունները։

Սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հաղորդել էր, որ այժմ արդեն նախկին նախարար Կարեն Միրզոյանը ընդունել է Թուրքիայից ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած մի խումբ մտավորականների։ Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Արագած Ախոյանը, Միրզոյանը, ըստ հաղորդագրության, «ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը և ծագման պատճառները, ինչպես նաև խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը, նշել է, որ արցախյան ազատագրական շարժման հիմքում ընկած են եղել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման Արցախի ժողովրդի ձգտումները», «ընդգծվել է հակամարտությունը խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորելու կարևորությունը»։

Ախոյանն այսօր պատմեց, որ Էրոլ Քաթըրջըօղլուից բացի, մյուս թուրք ընկերները առաջին անգամ չէին Հայաստանում․ - «Ուֆուք Ուրաս՝ [Հայոց ցեղասպանության] 100-ամյա տարելիցին այն թուրք գործիչն էր հասարակական, նախ ասեմ, որ մինչև այդ միակ պատգամավորն էր «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ, որ Աբդուլա Գյուլի հետ ժամանեց Հայաստան, այդուհետ 100-ամյա տարելիցին թուրքերենով ելույթ ունեցավ, հիշո՞ւմ եք, Մարզահամերգային համալիրում, և ամենակարևոր ելույթներից մեկը գնահատվեց իր ելույթը: Սայիդ Չաթինօղլուն էլի շատ ծանոթ է, քաջ հայտնի ծանոթ դեմք է, խիստ ձախակողմյան քաղաքական գործիչ Թուրքիայում, հրապարակախոս, գրող, լրագրող, որի հետ մենք 14 թվականի հունվարի 18-ին Անկարայում միջոցառում կազմակերպվեց՝ Հրանտ Դինքի սպանության տարելիցը Ցեղասպանության 100-ամյակի ընդառաջ»:

Նրանք Թուրքիայում ծավալում են Հայոց ցեղասպանության ճանաչման լուրջ աշխատանք, պնդում է Ախոյանը։ «Այսօրվա սահմաններով Թուրքիայում Ցեղասպանության ճանաչման գործընթացում բավականին մեծ լումա ունեն այս մարդիկ: Ապրիլի 24-ին մեծ միջոցառումներ կազմակերպելով, և, հիշո՞ւմ եք, Հրանտ Դինքից հետո այն ակցիաները, որը որ տեղի ունեցավ՝ «Մենք Հրանտ ենք», «Մենք հայ ենք», և այլն, բոլորը իրենց կազմակերպածն էր, կազմակերպիչներից մեկն էին», - փոխանցեց Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորը:

Ախոյանը չի կարծում, որ թուրքական իշխանությունները Ադրբեջանին կարտահանձնեն իրենց քաղաքացիներին, որոնք լայն ճանաչում ունեն հասարակական-քաղաքական դաշտում․ - «Իհարկե պրոցեսներ կլինեն որոշակի՝ հետաքննչական, կամ, ասենք․․․ չի բացառվում նաև դատական պրոցեսներ, բայց արտահանձնելու մասին այսօր նույնիսկ չենք էլ պատկերացնում»:

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ Ախոյանը վստահեցնում է, որ անկախ զարգացումներից՝ պատրաստվում է կրկին Հայաստան հրավիրել թուրք մտավորականների արդեն ընդլայնված կազմով պատվիրակություն և կրկին ուղևորվել Ղարաբաղ։

Հիշեցնենք, Ադրբեջանը համանման մեղադրանքներով գործ էր հարուցել Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ, որին պաշտոնական Բաքվի պահանջով Բելառուսը անցած տարեվերջին ձերբակալեց Մինսկի օդանավակայանում և ի վերջո արտահանձնեց Ադրբեջանին: Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված Լապշինը միայն շաբաթներ առաջ ազատ արձակվեց և մեկնեց Իսրայել՝ նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստանալուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG