Մատչելիության հղումներ

Կառուցվածքային և կադրային փոփոխություններ ԼՂ կառավարությունում


Լեռնային Ղարաբաղի կառավարության շենքը Ստեփանակերտում, արխիվ

Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը նշանակվեց պետնախարար, Մասիս Մայիլյանը՝ ԱԳ նախարար:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ի հրամանագրով սահմանվել է կառավարության հետևյալ կառուցվածքը՝ պետական նախարար, առողջապահության նախարարություն, արդարադատության նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն, բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն, կրթության, գիտության և սպորտի նախարարություն, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն, պաշտպանության նախարարություն, քաղաքաշինության նախարարություն, ֆինանսների նախարարություն:

Սահմանվել են նաև պետական կառավարման այլ մարմիններ՝ Ազգային անվտանգության ծառայություն, Ոստիկանություն, Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագրով նշանակվել են․ պետական նախարար՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար՝ Կարինե Աթայանը, արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյանը, արտաքին գործերի նախարար՝ Մասիս Մայիլյանը, աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար՝ Սամվել Ավանեսյանը, բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյանը, գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյանը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար՝ Լևոն Գրիգորյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար՝ Սերգեյ Շահվերդյանը, պաշտպանության նախարար՝ Լևոն Մնացականյանը, քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյանը, ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանը:

Ըստ Բակո Սահակյանի հրամանագրերի՝ սահմանվել է այն նախարարների կազմը, որոնց գործունեությունը համակարգվելու է պետական նախարարի կողմից, ինչպես նաև՝ պետական սեփականության և ֆինանսների կառավարման ոլորտում նախագահի կողմից պետական նախարարին վերապահված լիազորությունների շրջանակը:

Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես՝ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից առանձնացվել է զբոսաշրջության վարչությունը և ընդգրկվել մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն կազմում: Նախագահի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանում, որը նախկին կառավարության աշխատակազմի իրավահաջորդն է:

Նախկին կառավարության աշխատակազմի որոշ ստորաբաժանումներ ընդգրկվել են տարբեր մարմինների կազմում. պետական նախարարի աշխատակազմում են ընդգրկվել սոցիալ-տնտեսական վարչությունը, ինչպես նաև տարածքային կառավարման բնագավառում գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները; էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում են ընդգրկվել անշարժ գույքի կադաստրի և պետական գույքի կառավարման վարչությունները, գեոդեզիայի և հողային պետական տեսչությունը; աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կառուցվածքում են ընդգրկվել բնակարանային հարցերի վարչությունը, վերաբնակեցման և միգրացիայի բաժինը; նոր գործառույթներին համապատասխան՝ հաստատվել են նախագահի աշխատակազմի, ինչպես նաև նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները և կառուցվածքները:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սահակյանի մեկ այլ հրամանագրով սահմանվել է կառավարության գործունեության կազմակերպման նոր կարգ:

Նույն օրը ԼՂ նախագահն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետ:

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը մինչ այս փոփոխությունները զբաղեցնում էր Կարեն Միրզոյանը: Մասիս Մայիլյանը նախկինում եղել էր ԼՂ ԱԳ փոխնախարար, 2007 թվականին առաջադրվել էր ԼՂ նախագահի ընտրություններում:

Այս տարվա փետրվարին Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեց: Նոր Սահմանադրությամբ Լեռնային Ղարաբաղը կիսանախագահական հանրապետությունից դառնում է նախագահական հանրապետություն, վարչապետի պաշտոնը վերանում է, և նախագահը ղեկավարում է նաև կառավարությունը: Հուլիսին ԼՂ Ազգային ժողովը Բակո Սահակյանին վերնըտրեց նախագահի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG