Մատչելիության հղումներ

Ղարաբաղ այցելած թուրք մտավորականների դեմ Ադրբեջանում քրգործ է հարուցվել


Ադրբեջանի գլխավոր դատախազության շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղ այցելած թուրք մտավորականների դեմ՝ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով և դիմելով Թուրքիայի իրավապահ մարմիններին: Դատախազության պնդմամբ՝ Թուրքիայի քաղաքացիներ Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սայիդ Չաքինօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն, համաձայնության գալով անձանց հետ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, «խախտել են երկրի պետական սահմանը»: Գործը հարուցվել է ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունում:

Haqqin.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ թուրք գործիչները նաև ընդգրկվել են Ադրբեջանի արտգործնախարարության հայտնի «սև ցուցակում»:

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը APA լրատվական գործակալության հետ զրույցում «ապօրինի» է անվանել իր երկրի քաղաքացիների այցը Լեռնային Ղարաբաղ, պնդելով, թե նման այցերը վնասում են ղարաբաղյան կարգավորման գործընթացը, իսկ պաշտոնական Անկարան վճռականորեն դատապարտում է այդպիսի գործողությունները: «Այդ այցը կատարած անձինք Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելու լիազորություններ չունեն: Նրանք այնտեղ են մեկնել անձնական շարժառիթներով: Մեր պաշտոնական դիրքորոշումը բոլորին է հայտնի», - հայտարարել է դեսպանը: Թուրք մտավորականների նկատմամբ Ադրբեջանում հարուցված գործի առնչությամբ էլ Օզորալը ասել է, թե դա իրավաբանական գործընթաց է, որի պահանջները կկատարվեն․ - «Մենք հարգանքով ենք վերաբերվում իրավական համակարգին»:

Հիշեցնենք, Ադրբեջանը համանման մեղադրանքներով գործ էր հարուցել Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ, որին պաշտոնական Բաքվի պահանջով Բելառուսը անցած տարեվերջին ձերբակալեց Մինսկի օդանավակայանում և ի վերջո արտահանձնեց Ադրբեջանին:

Սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հաղորդել էր, որ այժմ արդեն նախկին նախարար Կարեն Միրզոյանը ընդունել է Թուրքիայից ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած մի խումբ մտավորականների։ Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, Միրզոյանը, ըստ հաղորդագրության, «ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը և ծագման պատճառները, ինչպես նաև խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը, նշել է, որ արցախյան ազատագրական շարժման հիմքում ընկած են եղել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման Արցախի ժողովրդի ձգտումները», «ընդգծվել է հակամարտությունը խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորելու կարևորությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG