Մատչելիության հղումներ

Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին


Բելառուսից Ադրբեջան տեղափոխված Ալեքսանդր Լապշինը Բաքվի օդանավակայանում, 7-ը փետրվարի, 2017թ․

Բաքվի դատարանն այսօր երեք տարվա ազատազրկման դատապարտեց հայտնի բլոգեր, Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Նշենք, որ մեղադրող կողմը պահանջել էր վեցուկես տարվա ազատազրկում։ Դատարանը, սակայն, եզրակացրել է, որ բլոգերին առաջադրված՝ մի քանի անգամ կամ մի խումբ անձանց կողմից պետության դեմ արված հրապարակային կոչերի մեղադրանքը չի հաստատվել, և հանել է այն:

«Ես մեղավոր եմ Ադրբեջանի ժողովրդի առաջ միայն նրա համար, որ իմ գործողություններն ադրբեջանցիներին ցավ են պատճառել։ Ես հասկանում եմ, թե որքան կարևոր է Ղարաբաղը Ադրբեջանի համար։ Ես որևէ ձևով հանցավոր կապի մեջ չեմ մտել Հայաստանի կառավարության հետ», - ըստ «Ինտերֆաքս»-ի, իր եզրափակիչ խոսքում ասել է Լապշինը՝ հավելելով. - «Հուսով եմ՝ ղարաբաղյան խնդիրը կկարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Լապշինի փաստաբանը դատարանին խնդրել է արդարացնել բլոգերին։ Լապշինն իր հերթին իրեն մեղավոր չի ճանաչել՝ ասելով, որ իր այցը Ղարաբաղ զուտ տուրիստական ճամփորդություն էր և որևէ քաղաքական ենթատեքստ չուներ։

Լապշինի փաստաբանը գոհ է դատավճռից։ Նա չի բացառել, որ բլոգերին արտահանձնեն Ռուսաստան, Իսրայել կամ Ուկրաինա։

«Արտահանձնումը հնարավոր է, Ադրբեջանի օրենսդրությունը դրա հնարավորությունը տալիս է՝ միջազգային նորմերին համաձայն։ Դրա համար անհրաժեշտ է, որ այդ երկրներից գոնե մեկը դիմի Ադրբեջանի իշխանություններին և որ Լապշինը նման ցանկություն հայտնի», - ասել է փաստաբանը՝ նշելով, որ դեռ այս հարցը չի քննարկվել։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Կրեմլը Լապշինի գործին և նրա հնարավոր արտահանձնմանը չի հետևում։ «Սա Կրեմլի թեման չէ», - ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, Բաքվի վարկածով՝ Լապշինը երկու անգամ, 2011 թվականի ապրիլին և 2012 հոկտեմբերին, այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ խախտելով Ադրբեջանի պետական սահմանի մասին օրենքի մի շարք դրույթներ։ Բացի այդ Լապշինը, Բաքվի պնդմամբ, սոցիալական ցանցերում կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Ավելի վաղ Լապշինը ընդգրկվել էր Ադրբեջանի, այսպես կոչված, սև ցուցակում։ Ցուցակում ընդգրկված մարդկանց մուտքը Ադրբեջան արգելված է։ Այդուամենայնիվ, 2015 թվականի հունիսին Լապշինը Վրաստանի տարածքից մուտք էր գործել Ադրբեջան՝ ուկրաինական անձնագրով։

Հիշեցնենք՝ անցած տարի դեկտեմբերի 16-ին Ալեքսանդր Լապշինը Բելառուսում ձերբակալվեց, իսկ փետրվարի 7-ին ՀԱՊԿ անդամ Բելառուսի իշխանությունները նրան արտահանձնեցին Ադրբեջան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG